Օֆելյա (նկար, Ուոթերհաուս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օֆելյա
տեսակգեղանկար
նկարիչՋոն Ուիլյամ Ուոթերհաուս
տարի1894
բարձրություն1,2 մետր
լայնություն0,74 մետր
ուղղությունՊրեռաֆայելիտներ
նյութկտավ և յուղաներկ
Ծանոթագրություններ

«Օֆելյա»[1] (անգլ.՝ Ophelia), անգլիացի նկարիչ Ջոն Ուիլյամ Ուոթերհաուսի նկարը՝ ստեղծված 1894 թվականին[2]։ Նկարում պատկերված է Ուիլյամ Շեքսպիրի «Համլետ» դրամայից Օֆելյայի կերպարը։ Շեքսպիրյան ողբերգական հերոսին նվիրված[3] նկարչի երեք կտավներից ամենաարտահայտիչն է[4]։ Բոլորը գտնվում են մասնավոր հավաքածուներում։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Դանիացի երիտասարդ ազնվական Օֆելյան սիրահարված էր արքայազն Համլետին, սակայն իմանալով, որ նա է սպանել իր հորը՝ Պոլոնիուսին, լքում է նրան և կորցնելով ողջամտությունը՝ ինքնասպան լինում՝ խեղդվելով գետում։ Շատ նկարիչներ են պատկերել շեքսպիրյան Օֆելյային։ Պիտեր Տրիպպի խոսքերով՝ բազմաթիվ վիկտորյական նկարիչներ նրան օգտագործել են որպես «կանացի թուլության և բացթողնված հնարավորությունների» խորհրդանիշ։ Նկարիչներից շատերը պատկերել են Օֆելյայի ջրային մահվան տեսարանը։ Ուոթերհաուսը նկարել է Օֆելյայի երեք տարբերակ, որոնցից յուրաքանչյուրը պատկերել է մինչև մահը տարբեր շրջանները[3]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարում պատկերված է շիկակարմիր վարսերով գեղեցկուհի Օֆելյան՝ արքայազն Համլետի սիրելին Ուիլյամ Շեքսպիրի հայտնի ողբերգությունից, որը տարածված սյուժե էր Պրեռաֆայելիտների շրջանում։ Նկարչի՝ Օֆելյայի պատկերումներից այս կտավը ամենատպավորիչն է։ Շիկակարմիր մազերը հատկապես բնութագրական են նկարչի գործերին, ինչպես նաև հագուստը, որը կիպ գրկում է մարմինը և շատ ավելի գեղեցիկ է։ Օֆելյան նստած է լճի մոտի կոճղին։ Թևքերին և իրանին հիասքանչ դետալներով նրա շքեղ զգեստը խիստ հակադրվում է բնական միջավայրին[3]։ Նկարն ուսումնասիրելիս դիտողն իրեն զգում է Շեքսպիրի պիեսի մաս՝ անձնական կապ զգալով այդ երիտասարդ կնոջ հետ, որն անտառում կամ մեծ այգում միայնակ հանգստանում է։ Ուոթերհաուսը հաճախ է իր աշխատանքներում ներառել կանաչ բնապատկերներ Մեծ Բրիտանիայի գյուղական տեղանքներից, այդպես և այս կտավում է Օֆելյան պատկերված շուշաններով փոքրիկ լճի մոտ, ինչն էլ ավելի է ընդգծում կնոջ անմեղ գեղեցկությունը[4]։

Շրջազգեստի փեշերին նույն տարրերն են, ինչ նրա հագուստի մյուս դետալներում, սակայն առյուծի լրացուցիչ մոտիվով։ Այդ զորեղ էակը ունեցել է բազմաթիվ տարբեր սիմվոլիկ նշանակություններ, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է Շեքսպիրի աշխատանքների լրացուցիչ ուսումնասիրություն՝ հասկանալու, թե ինչու է նկարիչն ավելացրել նրան այդտեղ՝ բացի գեղագիտական նշանակությունից։ Այդպիսի դետալներ Ուոթերհաուսի ստեղծագործություններում կիրառվում են խիստ հաշվենկատ ձևով, լինի դա դիցաբանական սյուժե թե անգլիական դասական պոեմ։ Հորինված սյուժեների նրա տեսողական արտացոլման միակ իրական պահը աշխատանքների ֆոնն է, որը տեղի բազմաթիվ ծառերի ու թփերի, հաճախ ծաղիկների դաշտերի պատկերն է, որոնք համապատասխանում էին դասական անմեղության և գեղեցկության նրա աշխարհայացքային կերպին[4]։ Օֆելյան նայում է լճի մուգ ջրին՝ դիտողին հնարավորություն տալով տեսնել իր անսպասելիորեն լուրջ կիսադեմը, ինչը, թվում է, այնքան էլ ճշգրիտ չի նկարագրում կնոջը, որը որոշել է ինքնասպան լինել[3]։

Օֆելյայի ծնկներին դրված են հավաքած մի քանի ծաղիկներ, որոնք ևս շարունակում են անմեղության և երիտասարդության թեման։ Անհրաժեշտ է նշել, որ Ուոթերհաուսը Օֆելյային պատկերել է այլ կերպ, քան մյուս պրեռաֆայելիտ նկարիչ Ջոն Էվերեթ Միլլեն 1851 թվականի իր համաշխարհային ճանաչում ունեցող «Օֆելյա» նկարում, որտեղ Օֆելյայի գեղեցկությունն ուղեկցվում է առավել տխուր և ողբերգական ներկայացմամբ[4]։

1889 թվականի տարբերակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուոթերհաուս. «Օֆելյա» (1889)

Ուոթերհաուսի «Օֆելյայի» առաջին տարբերակում, որն ստեղծվել է 1889 թվականին, պատկերված է դաշտում պառկած խճճված մազերով և գզգզված շրջազգեստով երիտասարդ կին, որը նայում է դիտողին։ Նկարիչը վարպետորեն է ընդգրկել մազերի մեջ, շրջագեստին և ձեռքերում ծաղիկներով Օֆելյային բնապատկերի հետ։ Նրա գլխի թեքությունը և չեզոք հայացքը սակայն թույլ չեն տալիս տարորոշել նրա մտքերը։ Նկարի հետին պլանում պատկերված է գետակ, որն անտեղյակ դիտողը դժվար կտարբերակի[3]։ Դրան հակառակ, 1894 թվականի Ուոթերհաուսի մյուս տարբերակում Օֆելյան գտնվում է շուշաններով լճի մոտ գտնվող կոճղին նստած, մահից առաջ վերջին պահերին։

1910 թվականի տարբերակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուոթերհաուս. «Օֆելյա» (1910)

Ուոթերհաուսի Օֆելյայի երրորդ և վերջին տարբերակն ստեղծվել է 1910 թվականին և հանդիսանում է ամենադրամատիկը դրանցից։ Ինչպես նկարչի մյուս նախկին նկարներում, այստեղ ևս Օֆելյայի երկար կարմրաշագանակագույն մազերը զարդարված են ծաղիկներով։ Սակայն այստեղ Ուոթերհաուսը պատկերել է շատ ավելի հասուն և կանացի Օֆելյայի։ Նկարում պատկերված է հեշտասեր երիտասարդ կին կապտամորեգույն զգեստով, որը մեծ տեղ է զբաղեցնում գեղարվեստական տարածքում և նայում է դիտողին։ Նրա թափանցող հայացքը և կարմրած այտերը տպավորիչ ձևով ընդգծում են նրա հուսահատությունը։ Օֆելյան ձեռքով հենված ծառին, որպեսզի պահի հավասարակշռությունը, մինչև որ ջուրը կնետվի։ Հետին պլանում երկու կերպարներ նայում են նրան՝ չկասկածելով, որ Օֆելյան գնում է իր ճակատագրի հետևից[3]։

Նկարչի՝ Օֆելյայի երեք կտավները հերթականորեն իրար հաջորդող պահեր են, որոնք տանում են նրա վախճանին։ Առաջինում նա երիտասարդ է, պառկած դաշտում, իսկ գետը նրա հետևին հեռվում է։ Երկրորդում Օֆելյան փոքր-ինչ մեծացած է, նստած է ջրի մոտ, սակայն դեռևս հեռացած է իր ապագա ճակատագրից և դիտողներից։ Վերջին նկարում Օֆելյան հանդես է գալիս որպես հասուն կին, որը կանգնած է ողբերգական ընտրության առաջ[3]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Офелия. Джон Уильям Уотерхаус (1849-1917)». gallerix.ru (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 1-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  2. «Ophelia, 1894 - John William Waterhouse». www.wikiart.org. Վերցված է 2019 թ․ փետրվարի 3-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 «Waterhouse's Versions of Ophelia. Meredith Moore '07, English and History of Art 151, Brown University, 2007». victorianweb.org (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 1-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  4. 4,0 4,1 4,2 4,3 «Ophelia (1894)». artguide.org (անգլերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 6-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)