Jump to content

Կիրկե (նկար, Ուոթերհաուս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կիրկե
տեսակգեղանկար
նկարիչՋոն Ուիլյամ Ուոթերհաուս
տարի1892
բարձրություն180,7 սանտիմետր
լայնություն87,4 սանտիմետր
ուղղությունՊրեռաֆայելիտներ
ժանրդիցաբանական գեղանկարչություն
նյություղաներկ
գտնվում էՀարավային Ավստրալիայի պատկերասրահ
հավաքածուՀարավային Ավստրալիայի պատկերասրահ
կայք
Ծանոթագրություններ
 Circe Invidiosa by John William Waterhouse Վիքիպահեստում

«Կիրկե»[1] (անգլ.՝ Circe Invidiosa, բառացի՝ «Նախանձող Կիրկե»), անգլիացի նկարիչ Ջոն Ուիլյամ Ուոթերհաուսի նկարը՝ ստեղծված 1892 թվականին։ Սա նրա երկրորդ անդրադարձն է դասական դիցաբանական Կիրկե կերպարին «Կիրկեն գավաթը մատուցում է Ոդիսևսին» (1891) նկարից հետո։ Նկարը հիմնված է Օվիդիուսի «Կերպարանափոխություններ» գրքի լեգենդներից մեկի վրա, որտեղ Կիրկեն Սկիլլային վերածում է ծովային հրեշի, քանի որ Գլավկոսը արհամարհում է կախարդ Կիրկեի ռոմանտիկ զգացմունքները՝ Սկիլլայի սիրուն հասնելու հույսով։ Ավելի ուշ Ուոթերհաուսը կրկին անդրադարձել է Կիրկեին երրորդ անգամ «Կախարդուհին» (մոտ 1911) նկարում։ «Կիրկեն» ներառված է Ադելաիդայի Հարավային Ավստրալիայի պատկերասրահի հավաքածուում, որտեղ գտնվում է նաև նկարչի «Կայսր Հոնորիուսի սիրելիները» կտավը[2]։

Սյուժե և նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիրկեի, Գլավկոսի և Սկիլլայի մասին առասպելը սկիզբ է առնում «Կերպարանափոխությունների» 14-րդ գրքում։ Կոնկրետ տեսարանը, որի հիման վրա Ուոթերհաուսը նկարել է կտավը, հանդիպում է պոեմի 51-65-րդ տողերում.

Ափին փոքր, աղեղնաձև ծովախորշ կար, խաղաղ մի տեղ,
Ուր սիրում էր գնալ Սկիլլան, որ թե՛ ծովի, թե՛ երկնքի
Բարկությունից հեռու մնար (երբ արևը ծիրի կեսից՝
Բարձրակետից, այրում էր խիստ՝ ստվերները կրճատելով)։
Աստվածուհին այն վարակեց, հրաշք դեղով կանխավ պղծեց՝
Վնասակար արմտիքից քամված հյութը ցայտեցնելով
Եվ երիցս ինը անգամ, իր շուրթերով կախարդական,
Տարօրինակ, խրթին խոսքեր ու մութ մի երգ մրմնջալով։
Սկիլլան եկավ, մինչև փորը թաթախվելով այդ ջրի մեջ՝
Տեսավ՝ հաչող հրեշներով իր ազդրերը այլանդակված,
Եվ, սկզբում մտածելով, թե իր մարմնի մասերը չեն,
Փորձեց փախչել, հեռու վանել - սարսափած էր շների ժանտ
Երախներից։ Բայց տանում էր իր հետ նրանց, ումից այդպես
Խույս էր տալիս, և, մարմնի ազդր, սրունք, ոտք փնտրելիս
Դրանց տեղը նա գտնում էր լոկ ծնոտներ կերբերական...[3]

Ուոթերհաուսի տարբերակը Կիրկեին ցույց է տալիս գոլորշապատ քարանձավում ջրախորշի ջրի մեջ վառ կանաչ թույն լցնելիս։ Նրա ոտքերի տակ Սկիլլայի «հաչող վերջույթներն» արդեն ոլորվում են փոթորկալի խորխորատից ցած. հրեշային փոխակերպումն ընթացքի մեջ է։ Սակայն ոչ Սկիլլայի մարդկային կերպը, ոչ հրեշային ձևափոխումներն այստեղ շեշտված չեն։ Ըստ էության, տեսարանն իշխում են Կիրկեի լուրջ դեմքը և նկատելի խանդը, քանի որ վառ գույներն ընդգծում են կախարդուհու կերպարը։

Վերլուծություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեպետ այս նկարը հարգանքի տուրք է Օվիդիուսին, Ուոթերհաուսը մարմնավորել է դասականը ստեղծագործական և պոետական միջոցներով։ Էնթոնի Հոբսոնը կտավը նկարագրել է որպես «սպառնալիքի ոգով օժտված, ինչը հիմնականում կապված է խոր կանաչի և կապույտի գունային հզոր գամմայի հետ, ինչը լավ է օգտագործել [Ուոթերհաուսը]»[4]։ Համաձայն Գլիսոն Ուայթի՝ այդ գույները «մոտ են ապակենախշին կամ թանկարժեք քարերին»[5]։ Ջուդիթ Յարնալը ևս կարծիք է հայտնել գույների մասին և անդրադարձել նկարում «գծերի ամբողջականությանը»։ Նա ասել է, որ միասին վերցրած՝ Ուոթերհաուսի առաջին երկու Կիրկեները հարց են բարձրացնում. «Նա աստվածուհի՞ է, թե՞ կին»[6]։ Կիրկե Ինվիդիոսան ճակատագրական կնոջ արքետիպի ուոթերհաուսյան փորձարարական նկարազարդումն է, որը 19-րդ դարի վերջին արվեստի բազմաթիվ ստեղծագործությունների առիթ է դարձել։ Մյուս կողմից, Քրիս Վուդսը պնդել է, որ Ուոթերհաուսի նկարած Կիրկեն լրիվ չար, կործանարար կամ հրեշային կերպար չէ, ինչպես Գյուստավ Մորոյի կամ եվրոպական այլ սիմվոլիստների դիցաբանական կանանց կերպարների նկարներում։ Այս նկարում Կիրկեն ցուցադրված է որպես ողբերգական կերպար. «Նա ի վիճակի չէ տիրապետելու իր արածին, և ամենայն հավանականությամբ կզղջա»[7]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Цирцея. Джон Уильям Уотерхаус (1849-1917)». gallerix.ru (անգլերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 17-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  2. Art Gallery of South Australia: Collection
  3. Պուբլիուս Օվիդիուս Նասո (2021). «14-րդ». Կերպարանափոխություններ. Translated by Թոփչյան, Արամ; Մուրադյան, Գոհար. Երևան: Զանգակ. էջեր 400–401. ISBN 978-9939-68-865-7.
  4. Hobson, Anthony. 1989. J. W. Waterhouse. Oxford: Phaidon Christie’s. pages 48-49, 52. 0-7148-8066-3
  5. White, Gleeson. 1909. The Master Painters of Britain. International Studio. page 318.
  6. Yarnall, Judith. 1994. Transformations of Circe: The History of an Enchantress. University of Illinois Press. page 166
  7. Woods, Christopher. 1981. The Pre-Raphaelites. The Viking Press. page 144.