Սուրբծննդյան երգ (կտավ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Սուրբծննդյան երգ
Dante Gabriel Rossetti - A Christmas Carol.jpg
տեսակգեղանկար
նկարիչԴանթե Գաբրիել Ռոսսետտի
տարի1867
բարձրություն45,5 սանտիմետր
լայնություն38 սանտիմետր
ուղղությունՊրեռաֆայելիտներ
նյություղաներկ և գեղանկարչության տախտակ
հավաքածումասնավոր հավաքածու
A Christmas Carol by Dante Gabriel Rossetti Վիքիպահեստում

«Սուրբծննդյան երգ» (անգլ.՝ A Christmas Carol), անգլիացի պրեռաֆայելիտ նկարիչ Դանթե Գաբրիել Ռոսսետտիի նկարը՝ ստեղծված 1874 թվականին։ Ներկայումս նկարը գտնվում է մասնավոր հավաքածուում։

Տեղեկություն նկարի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավելի վաղ (1857-1858 թվականներին) Ռոսսետտին ստեղծել է համանուն աշխատանք, սակայն այլ տեխնիկայով և կոմպոզիցիայով[1]։ Նկարի համար բնորդուհի է դարձել նրա աշխատանքներում ոչ այդքան հաճախ հանդես եկող Էլեն Սմիթը[1]։ Ռոսսետտին տեսել է Սմիթին Չելսի սթրիթում 1863 թվականին։ Էլենի գեղեցկությունը առանձնացել է Ռոսսետտիի աշխատանքների սովորական բնորդուհիներից, թեպետ նրա դեմքի կլորավուն գծերը և լիքը շուրթերը որոշակի նմանություն են ունեցել Ֆաննի Կորնֆորտի հետ, որի գեղեցկությունը Ռոսսետտիի կարծիքով այդ ժամանակներում սկսել է խամրել[2]։ Ի տարբերություն Ջեյն Մորիսի, Ալեքսա Ուայլդինգի և Ռութ Հերբերտի, որոնք ունեին սուր և բնութագրական դիմագծեր, կեցվածք են ընդունել ճակատագրական կանանց կերպարների համար, ապա Էլեն Սմիթը ունեցել է ավելի փափուկ և զգայական դիմագծեր[2]։

Ռոսսետտիի օգնական Հենրի Տրեֆֆի Դաննը այդ կտավը նկարագրել է որպես «Ոսկեգույն թելից նախշով մորեգույն արևելյան փայլուն զգեստով աղջիկ, որը նվագում է լարային գործիք և երգում Hodie Jesu Christus natus est Hallelujah»[2]։ Քրիստոսի ծննդյան երգի տողերը գրված են կտավի շրջանակին[1]։ Տողերը վերցված են ծիսական երգերից մեկից, որոնք Ռոսսետտին հավաքել է, գրառել և թարգմանել միջին անգլերենից[3]։

«Սուրբծննդյան երգ» կտավը բացում է երաժշտական գործիքներով և նման կոմպոզիցիայով կանանց դիմանկարների շարքը (ուռուցիկ հագուստով, մինչև գոտկատեղ պատկերված կանայք)։ Դրան հաջորդել են «La Mandolinata», «La Ghirlandata», «Վերոնիկա Վերոնեզե», «Ծովային հմայություն» և այլ երաժշտական դիմանկարներ[2]։ Կանացի գեղեցկության, երաժշտության, էկզոտիկ հագուստի և հարդարանքի դետալները եղել են 1860-ական և 1870-ական թվականների Բրիտանիայի նոր գեղարվեստական ոճը, որոնցում համադրվել են Վերածննդի, արևելյան արվեստի և դասական դարաշրջանները[2]։ Նկարչի կտավների գլխավոր կերպարը դարձել է երաժիշտ կինը՝ խորասուզված մտքերի և իր երգի մեջ. ընդ որում երաժշտությունը կարող է լինել ինչպես ռոմանտիկ, այնպես էլ ողբերգական (ինչպես Ռոսսետտիի «Հռոմեացի այրի» դիմանկարում). նկարիչը ձգտել է իր աշխատանքում ստեղծել անլսելի երաժշտության տրամադրություն[2]։ Երկլար արևելյան մանդոլինան պատկանել է հենց Ռոսսետտիին. այդ գործիքը արդեն հանդես էր եկել նրա երկու այլ ստեղծագործություններում։ Էլեն Սմիթի շրջազգեստը նրա հագին եղել է նաև Ռոսսետտիի «Սիրուհին» նկարում[2]։

Կտավը մի քանի անգամ փոխել է սեփականատերերին։ 2013 թվականին այն վաճառվել է Սոթբիս աճուրդում[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «A Christmas Carol»։ Rossetti Archive (անգլերեն) 
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 «Dante Gabriel Rossetti — A Christmas Carol»։ Sotheby's, London. 
  3. «A Christmas Carol»։ Rossetti Archive (անգլերեն)