Պենելոպա Բուտբի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պենելոպա Բուտբի
Penelope Boothby
Դիմանկար
Ծնվել էապրիլի 11, 1785(1785-04-11)
ԾննդավայրԼիչֆիլդ, Սթաֆորդշիր, Սթեֆորդշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն
Մահացել էմարտի 13, 1791(1791-03-13) (5 տարեկան)
Մահվան վայրAshbourne, Derbyshire Dales, Դերբիշիր, Դերբիշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի թագավորություն
Մասնագիտությունբնորդ
Ծնողներհայր՝ Sir Brooke Boothby, 6th Baronet?[1], մայր՝ Susanna Bristoe?[2][1]
 Penelope Boothby Վիքիպահեստում

Պենելոպա Բուտբի (անգլ.՝ Penelope Boothby, ապրիլի 11, 1785(1785-04-11), Լիչֆիլդ, Սթաֆորդշիր, Սթեֆորդշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն - մարտի 13, 1791(1791-03-13), Ashbourne, Derbyshire Dales, Դերբիշիր, Դերբիշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն), բրիտանական արվեստում հայտնի կերպար դարձած աղջիկ։ Նրա կերպարը ներշնչանքի աղբյուր է հանդիսացել Ջոշուա Ռեյնոլդսի, Յոհան Ֆյուսլիի, Ջոն Էվերեթ Միլլեի նկարների, Թոմաս Բենքսի արձանի, Լուիս Քերոլի լուսանկարների, Բրուկա Բուտբիի սոնետների համար[3]։ Ըստ արվեստաբանների և պատմաբանների՝ 19-20-րդ դարերում Պենելոպա Բուտբին դարձել է ռոմանտիզմի դարաշրջանի դասական երեխան, դրախտային անմեղության պահապանը, խորհրդանիշը «նրա, ինչը մենք կորցրել ենք, և ինչը մենք վախենում ենք կորցնել»[3]։ Պենելոպայի կերպարը լայնորեն օգտագործվել է 20-րդ դարի զանգվածային մշակույթում[4]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր ժամանակներում Ռեյնոլդսի՝ Պենելոպա Բուտբիին պատկերող նկարի, ինչպես նաև նրանում պատկերված աղջկա ճակատագրի նկատմամբ հետաքրքրություն է առաջացրել ամերիկացի լրագրող Ռեբեկա Հարդինգ Դևիսը, որը 1875 թվականի նոյեմբերին «St. Nicholas» ամսագրում հրատարակել է «Փոքրիկ Պենելոպայի գեղանկարչության մասին» հոդվածը[5][6]։

Արվեստագետ Էսթելլ Հելլը Պենելոպային է նվիրել Ջոշուա Ռեյնոլդսի ստեղծագործությանը նվիրված իր մենագրության մի գլուխը[7]։

Երկար ընդմիջումից հետո Պենելոպա Բուտբիի կերպարի նկատմամբ նորից հետաքրքրություն է առաջացել 20-րդ դարի վերջին։ Բարնարդ քոլեջի ուսուցիչ Էնն Հիգոննեն Պենելոպա Բուտբիին և նկարչության մեջ նրա կերպարին է նվիրել իր «Անմեղության պատկեր․ իդեալական մանկության պատմություն և ճգնաժամ» գրքի մի բաժինը, որը լույս է տեսել 1998 թվականին[8]։ Պենելոպայի ճակատագիրը և նրա մահվան մասին արձագանքները հաճախ են դառնում Նոր ժամանակներում երեխային հասկանալու հիմնախնդիրներին նվիրված մենագրությունների և հոդվածների թեմա։ Մասնավորապես, այն խորը վերլուծության առարկա է դարձել Լիվերպուլի համալսարանի պրոֆեսոր Ռոբերտ Վուդսի 2006 թվականին հրատարակած «Հիշողություններ երեխաների մասին։ Անդրադարձ անցյալի վաղաժամ մահերին» գրքում[9]։

Մի քանի հոդվածներում վերլուծվում են Պենելոպա Բուտբիի կերպարի մարմնավորումը կերպարվեստի առանձին գործիչների ստեղծագործություններում։ Ֆոլմերի համալսարանի անգլերենի պրոֆեսոր և Սեյնսբերիի կերպարվեստի կենտրոնի տնօրեն Լինդսեյ Սմիթը 2015 թվականին տպագրված իր «Լյուիս Քերոլ։ Լուսանկարներ շարժման մեջ» գրքում մանրամասն վերլուծում է Պենելոպա Բուտբիի կերպարը՝ ստեղծված Էքսի Կիտչինի կողմից անգլիացի գրող և սիրողական լուսանկարիչ Լյուիս Քերոլի լուսանկարներում։ Նա այն համեմատում է դրա հիման վրա ստեղծված Ջոշուա Ռեյնոլդսի նկարի և փորագրությունների հետ[3]։ Արվեստագետ Լորել Բրեդլիի հոդվածը, որը լույս է տեսել 1991 թվականին, նվիրված է Միլլեի «Հասած բալ» նկարին, որտեղ նորից ներկայացված է Պենելոպա Բուտբիի կերպարը[10]։

Պենելոպային մի մեծ հոդված է նվիրել Ռոզմարի Միտչելլը։ Ըստ նրա՝ Պենելոպա Բուտբիի վաղաժամ մահվան միջոցով ժամանակակիցները ցույց են տալիս ռոմանտիկ գաղափարների ազդեցությունը մանկության՝ որպես անմեղության և անպաշտպանության շրջանի, ի տարբերություն հասուն տարիքի, ըմբռնման վրա։ Նա նաև ցույց է տալիս ռոմանտիզմի ազդեցությունը մահ հասկացության ընկալման վրա, քանի որ Պենելոպայի նկարն ամեն ինչ արտացոլում է առավել անհատականացված և աշխարհականացված պատասխանը սիրած մարդու կորստին։ Ռեյնոլդսի ավելի ուշ վիկտորիանական մեկնաբանությամբ նկարներում ցույց են տրվում 20-րդ դարում երեխայի պաշտամունքի ուժեղացումն ու հայրենիքի կարոտը նախաինդուստրիալ Անգլիայի պարզ գյուղական աշխարհում[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոզեֆ Ռայթ (1734-1797)։ Սեր Բրուկ Բուտբի, 1781
Թոմաս Բենքս։ Պենելոպա Բուտբիի մահարձան, 1793

Պենելոպա Բուտբին լեզվաբան, թարգմանիչ և բանաստեղծ սեր Բրուկ Բուտբիի աղջիկն է[11]։ Ջոզեֆ Ռայթի նկարում նա միաժամանակ ներկայանում է որպես ազնիվ և առավել չափով բնական մարդ․ գիրքը մի կողմ դրած և ընթերցանության համար հենց անտառի խոտերի վրա տեղավորված՝ աչքերը հառած նայում է դիտողին (Բուկին բարձր է գնահատել Ժան-Ժակ Ռուսոյի գաղափարները և թարգմանել է նրա աշխատությունները)[4]։ Պենելոպայի հայրը տիտղոսը ժառանգել է 1789 թվականին, եղել է նաև սիրողական բուսաբան և իր ուսումնասիրություններում համագործակցել է Էրազմ Դարվինի հետ։ Նա ճանաչել է Կապույտ գուլպաների հասարակության մի քանի ակտիվիստների և գեղարվեստի հայտնի գիտակ էր ու մեկենաս[3]։

Պենելոպան սեր Բրուկ Բուտբիի և նրա կնոջ՝ Սյուզաննայի (անգլ.՝ Susanna Bristoe, 1755-1822) միակ երեխան է և ժառանգը, յոթերորդ բարոնետան։ 3 տարեկանում (1788 թվականի հուլիսին) նա մոդել է դարձել բրիտանացի ականավոր նկարիչ Ջոշուա Ռեյնոլդսի լոնդոնյան ստուդիայում («Պենելոպա Բուտբիի դիմանկար», կամ «Կապագլխարկ» նկարների համար, Լոնդոնի ազգային պատկերասրահ)[3]։

Նկարն ավարտելուց հետո Բուտբին աղջկա հետ վերադարձել է Դերբիշիր, որտեղ գտնվում էր նրա Աշբուրն ժառանգական կալվածքը։ Հավանաբար Պենելոպան իր կարճատև կյանքի մնացած մասն անցկացրել է Աշբորն Հոլլում[11]։ Պենելոպան հանգիստ աղջիկ էր, տիկնիկներով խաղալը նախընտրում էր ցանկացած աղմկոտ վայրից, չնայած ուրախ բնավորություն ուներ։ Նա շատ էր սիրում իր հորը և դարպասների մոտ սպասում էր նրա տուն վերադառնալուն, իսկ երեկոյան նստում էր նրա ծնկներին։ Կիրակի առավոտյան նա մորն ուղեկցում էր Աշբուրի հին եկեղեցին և ժամերգության ընթացքում նրա կողքին ծնկի էր գալիս։ Այդ և շատ այլ բաների մասին կարելի է իմանալ «Պենելոպայի սրբազան սիրո հիշատակը» (անգլ.՝ «Sorrows Sacred to the Memory of Penelope») գրքից, որը գրել է նրա հայրը։ Գիրքը ներառում է 24 սոնետ[7]։ Պենելոպան մահացել է 1791 թվականին՝ մեկ ամիս տևած հիվանդությունից հետո։ Նրան բուժում էր հայտնի բժիշկ, հոր ընկեր Էրազմ Դարվինը (Չարլզ Դարվինի պապը)։ 1791 թվականի մարտի 9-ի նամակում Դարվինն այն կարծիքն է հայտնել, որ Պենելոպան տառապում է գլխուղեղի ջրակալումով՝ գրելով, որ հիվանդությունն սկսվել է գլխի ձախ կողմի ցավերով, ապա հաջորդել են փսխումն ու քնկոտությունը։ Հնարավոր է՝ պատճառը գլխուղեղի բորբոքումն է (գլխուղեղի վիրուսային ինֆեկցիա, որն առաջացնում է ներգանգային ճնշում) կամ մենինգիտը (չնայած բակտերիալ մենինգիտը, հավանաբար, կառաջացներ շատ ավելի արագ մահ)։ Դիտարկվում են նաև բնածին արատները[3]։

Պենելոպա Բուտբին թաղվել է Աշբորնի Սուրբ Օսվալդ եկեղեցում 1791 թվականի մարտի 20-ին։ Համաձայն տեղական լեգենդի՝ նրա դագաղը տանում էին 6 աղջիկներ՝ 6 տղաների ուղեկցությամբ, որոնք ձեռքներին ունեին հովանոցներ, որպեսզի պաշտպանեին այդ ժամանակ տեղացող անձրևից[3]։

Պենելոպայի մահը, ըստ որոշ տվյալների, հանգեցրել է ծնողների ամուսնուլուծությանը։ Նրա հուղարկավորությունից հետո մայրը վերադարձել է իր ծնողների տուն՝ Գեմպշիր, իսկ այնուհետև բնակություն է հաստատել Դուվրում։ Նա թաղված է օրիորդական, այլ ոչ թե ամուսնու ազգանունով։ 100 ֆունտ ստերլինգ է կտակել «իմ սիրելի երեխայի բուժքրոջը», իսկ զարդերը, Պենելոպայի մազափունջը և ամուսնու սոնետների գիրքը կտակել է եղբորը։ Բուտբիի տարօրինակությունը, աղջկա մահվան և կնոջից բաժանվելու հետ կապված սուր ապրումները հանգեցրել են սնանկացման, ինչն ամբողջովին փոխել է նրա կյանքի ընթացքը։ Աշբորն Հոլլը 1814 թվականին տվել է վարձակալության (ծխական գրառումները ցույց են տալիս, որ 1817 թվականին այնտեղ բնակվել է գործարանատեր Ռիչարդ Արկրայտի թոռը), իսկ ինքը 1815 թվականին բնակություն է հաստատել Բուլոնում, որտեղ և մահացել է 1824 թվականին։ Նա հուղարկավորվել է Աշբուրնի Սուրբ Օսվալդի եկեղեցում[3]։

Պենելոպա Բուտբին Ջոշուա Ռեյնոլդսի նկարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիմանկարը պատվիրվել է 1788 թվականի ապրիլին Լոնդոնում։ Մայիսին նկարի համար վճարվել է գինեա։ Կեցվածքի ընդունման սեանսները տեղի են ունեցել 1788 թվականի հուլիսի 1-ին, 3-ին, 5-ին և 8-ին։ Նկարում Պենելոպան նստած է քարե նստարանին՝ անտառաշատ բնանկարի ֆոնին։ Նա դրել է ծիծաղելի շորագլխարկ, որից էլ առաջացել է նկարի երկրորդ՝ հեգնական անունը։ Արվեստագետների կարծիքով՝ նա Ռեյնոլդսի նկարում ռոմանտիզմի դարաշրջանի դասական երեխան է, դրախտային անմեղության պահապանը, խորհրդանիշն է այն բանի, «ինչը մենք կորցրել ենք և ինչը վախենում ենք կորցնել»[3]։

Ականատեսների վկայությամբ Ռեյնոլդսը երեխաների հետ լավ էր լեզու գտնում և ամբողջ սեսիայի ընթացքում լավ հարաբերությունների մեջ էր Պենելոպայի հետ[7]։ Մի անգամ նույնիսկ Պենելոպան անհետացավ տանից և հայտնաբերվեց Ռեյնոլդսի տանը[3]։ Արվեստի պատմաբանները դիմանկարի գեղարվեստական բարձր որակը բացատրում են նրանց կարճատև, բայց անձնական վառ հարաբերություններով[11]։ Ռեյնոլդսը սիրում էր խաղալ երեխաների հետ։ Իր արվեստանոցում նա միշտ խաղալիքներ էր պահում, որպեսզի ուրախացներ իր փոքրիկ ընկերներին, իսկ այնտեղ գտնվող մոդելները վազվզելու հնարավորություն ունեին։ Աղջկա արտասովոր զգեստը ժամանակակից մարդու մեջ առաջացնում է այն միտքը, որ նա հագնված է կեցվածք ընդունելու համար և փորձում է մեծահասակ կնոջ դեր խաղալ (նրա զգեստը հիշեցնում է Մարթա Վաշինգտոնի հագուստը Գիլբերտ Ստյուարտի նկարում)՝ ընդօրինակելով գաղութային տիկնոջ։ Երեխան սեղմել է շրթունքները, ձեռքերը ծալված են ծնկներին, կարծես փորձում է իր դերը լավ խաղալ, բայց աղջիկը չափազանց ամոթխած է, որպեսզի ուղիղ նայի դիտողի աչքերին, այդ պատճառով էլ նայում է կողքը։ Սակայն երեխաներն այդ ժամանակ, ինչպես Անգլիայում, այնպես էլ Ամերիկայում, հագնվում էին ինչպես մեծահասակները, և աղջկա կոստյումը, անկասկած, ամենօրյա է[7]։

Դիմանկարի հայտնիությանը նպաստող մյուս գործոններից մեկը եղել է Պենելոպայի ողբերգական ճակատագիրը։ Ընտանիքի վերջնական փլուզումից հետո դիմանկարը վերջ ի վերջո հայտնվել է Օքսֆորդի Էշմոլի թանգարանում (ըստ որոշ տվյալների՝ վարձակալության իրավունքով), որտեղ կես դար անց Լյուիս Քերոլլը հրապուրվել է նրանով[11]։ 19-րդ դարի ընթացքում մեծ տարածում ունեին այդ դիմանկարի փորագրանկարները[4]։

Դիմանկարը ստեղծման պահից մեծ ժողովրդականություն է վայելել։ Բրիտանական թանգարանում հավաքված են մեծ թվով մեցցո-տինտոներ, որոնք ստեղծվել են Ռեյնոլդսի նկարի հիման վրա։ Դրանց հեղինակներից հայտնի են փորագրողներ և հրատարակիչներ Փոմաս Կիրկը, Թոմաս Պարկը, Հենրի Գրեյվսը[12]։

Պենելոպա Բուտբին 18-19-րդ դարերի մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոն Էվերետ Միլլե։ Հասած բալ, 1879
Յոհան Հենրիխ Ֆյուսսլի։ Պենելոպա Բուտբիի ապոթեոզը, 1792

Պենելոպա Բուտբիի մահից հետո նրա հոր խնդրանքով անգլիացի նկարիչ Յոհան Հենրիխ Ֆյուսսլին նկարեց «Պենելոպա Բուտբիի ապոթեոզը» (1792) նկարը, որը ներկայացնում էր․ թե ինչպես է հրեշտակը Պենելոպային տանում երկինք։ Նկարիչը վաղուց էր ճանաչում Բրուկ Բուտբիին։ Վերջինս նախկինում գնել էր 1781 թվականին նրա նկարած «Գիշերային մղձավանջ» հայտնի նկարի տարբերակներից մեկը։ Հրեշտակի թևերը հենց նրա մեջքին չեն, աղջկա հնգամյա տարիքը նկարված է անհամոզիչ, նա կարծես փոքր հասակով մեծահասակ կին լինի, բավականին պարզամիտ այլաբանություն ունի․ առաջին պլանում աճյունասափորն է ու օդում թռչող մեծ թիթեռը (խորհրդանշում է մահը, մարդու կյանքի վաղանցիկ բնույթն ու հարությունը մահացածների միջից), նկարիչն օգտագործել է ռիսկային ուղղահայաց կոմպոզիցիա, որ նման է նրա «Դիանայի մահը» նորարարական նկարին։ Նկարչին չի հաջողվել դիտողին համոզիչ ներկայացնել փոքրիկ երեխայի մահը[4]։ Ներկայումս նկարը գտնվում է Բուլվերգեմպտոնի պատկերասրահում[3]։

Սուրբ Օսվալդի եկեղեցում գտնվում է Պենելոպայի մարմարե արձանը, որի հեղինակը քանդակագործ Թոմաս Բենքսն է[7]։ Բենքսի արձանն ավելի հաջող է։ Աղջկա ֆիգուրան բնական մեծությամբ է, թվում է՝ քնած է կողքի վրա՝ գլուխը ձեռքերին դրած։ Արձանն իր մեջ համատեղում է ռոմանտիկ զգայունակությունն ու անկեղծությունը, և, ինչպես երևում է այն առաջին անգամ տեսնողների մեկնաբանություններից, ուժեղ ազդեցություն է թողնում եկեղեցու այցելուների վրա նույնիսկ ներկայումս[4]։ Արձանը պատրաստված է Կարարայի մարմարից, նրա վրա կան անգլերեն, իտալերեն, լատիներեն և ֆրանսերեն գրառումներ, որոնք վերցված են Աստվածաշնչից, Կատուլլուսից, Ֆրանչեսկո Պետրարկայի և Ռուսսոյի աշխատություններից։ Համաձայն քանդակագործի աղջկա խոսքերի՝ Բրուկ Բուտբին ամեն օր գնում էր տեսնելու, թե ինչպես են աշխատանքներն ընթանում, հաճախ էր լաց լինում։ Երբ 1793 թվականին քանդակի գիպսե մոդելը (ներկայումս գտնվում է ճարտարապետ Ջոն Սոունի թանգարանում) ցուցադրվեց Սոմերսեթ-Հաուսում, Մեծ Բրիտանիայի թագավոր Գեորգ III-ի ավագ դուստրը՝ Վյուրտեմբերգի ապագա թագուհին, Շառլոտան և նրա դուստրերը հուզվել էին լաց լինելու աստիճան։ Արձանը, որ մինչև հիմա գտնվում է Սուրբ Օսվալդի եկեղեցում, հավանաբար երկար ժամանակ (մինչև 1839 թվականը) պահվել է փայտե տուփի մեջ՝ կողմնակի աչքից հեռու։ Հավանական է թվում, որ դա արվել է Բուտբիի խնդրանքով[3]։

1796 թվականին Բուտբին հրատարակեց «Sorrows Sacred to the Memory of Penelope» սոնետների գիրքը, սոնետները նա ընկալում էր որպես իր դյուրաբեկ հուշարձանը մահացած աղջկա համար։ Ընդհանուր առմամբ ժամանակակիցները հավաքածուի նկատմամբ բարյացակամ են։ Բանաստեղծուհի Աննա Սյուարդը, սակայն, նշել է սոնետների միանմանությունն ու անճաշակությունը[3]։

նախառաֆայելական Ջոն Էվերետ Միլլեի «Հասած բալ» նկարը հիմնված է Ռեյնոլդսի նկարի վրա և նկարվել է Քերրոլի լուսանկարից հետո (անգլ.՝ «Cherry Ripe», 1879, այժմ՝ մասնավոր հավաքածուում)։ Կապուտաչյա Էդի Ռամաջը (անգլ.՝ Edie Ramage) ընդամենը չորս տարեկան էր, երբ 1879 թվականին Պենելոպայի՝ Ռեյնոլդսի նկարի զգեստով հայտնվեց Լոնդոնի դիմակահանդեսում, նրա հմայքից բոլորը հիացած էին։ Նրա փորագրող հորեղբայր Ուիլյամ Թոմաս Լուսոնը 5000 դոլարով պատվիրեց Էդիի դիմանկարն այն զգեստով, որով նա եղել էր դիմակահանդեսում։ Էդի Ռամաջի հետագա ճակատագիրն անհայտ է։ Նրա դիմանկարն անվանվեց «Հասած բալ», քանի որ Էդիի կողքին՝ կտորի մեջ, բալեր են։ Աղջկա կերպարը, ինչպես և նրա հագուստը (սպիտակա-վարդագույն զգեստ), փոխ էր առնված Ջոշուա Ռեյնոլդսի «Պենելոպա Բուտբիի դիմանկարից»։ Նկարի վաճառված վերարտադրությունների գումարով փոխհատուցվել են դիմանկարի ծախսերը։ Վերարտադրանկարը, որպես նվեր ընթերցողներին, կցված էր «Գրաֆիկ» ամսագրի սուրբծննդյան թողարկմանը։ Դիմանկարը դարձել է վիկտորյան դարաշրջանի բազմաթիվ տների գերզգայուն զարդարանքը[13]։

Պենելոպա Բուտբին Լյուիս Քերոլլի լուսանկարներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրող և սիրողական լուսանկարիչ Լյուիս Քերոլլը կարող էր Ռեյնոլդսի նկարի բնօրինակը տեսնել Էշմոլի թանգարանում[11], ըստ մեկ այլ վարկածի՝ նա ոգեշնչվել է Սեմյուել Կազինսի մեցցո-տինտոյից[14].

Լյուիս Քերոլլի ժամանակներում նորաձև էր աղջիկներին Պենելոպա Բուտբիի՝ Ռեյնոլդսի նկարի հագուստով նկարելը։ Քերոլլն ստեղծել է զգեստավորված ֆոտոդիմանկար, որտեղ մոդելն իր նախատիպից բավական մեծ է։ Առնվազն երկու հայտնի լուսանկարներում նրա սիրելի ֆոտոմոդելը՝ Ալեքսանդրա Քիթչինն է այդ կերպարում, լուսանկարներն արվել են 1875-1876 թվականներին։ Այդ շարքի երրորդ՝ «Էքսի Քիթչինը պառկելաթոռի վրա՝ մասամբ Պենելոպա Բուտբիի զգեստով և ճապոնական հովանոցով» (անգլ.՝ Xie Kitchin partly in the "Penelope Boothby" dress, on a garden chair, with Japanese sunshade) նկարի համար, որը շատ է տարբերվում մյուսներից և երբեմն չի համապատասխանում այդ շարքին, Քերոլլն ստուդիա բերեց հյուսած պառկելաթոռ և արևելյան հովանոց։ Լուսանկարում աղջկիկը տեղավորված է պառկելաթոռի վրա, իսկ գլխին պահած է բաց հովանոց։ Այդ նկարները, հատկապես օրիգինալ կոմպոզիցիայի և աղջկա խորհրդավոր հայացքի զուգակցման շնորհիվ, դարձել են վիկտորյան դարաշրջանի առավել նշանավոր դիմանկարներից մեկը[11]։ Լուսանկարների չափերն են՝ 12,7 և 15,5 սմ։ Նույնականացման համարն է 964:0001:0044[15]։ Լուսանկարներն արված են Օքսֆորդում՝ Քերոլլի ստուդիայում[14]։ 3 լուսանկարներն էլ ներկայումս գտնվում են Օստինի տեխասյան համալսարանի Հարրի Ռենսոմի կենտրոնի հավաքածուի մեջ։ Երեք լուսանկարների տեխնիկան՝ կոլոդիոնային պրոցես ալբումինային լուսանկարչական թղթի վրա[11]։

Քերոլլի նկարներից մեկում Ալեքսանդրա Քիթչինը կանգնած է պատի մոտ, նա դեմքի մռայլ արտահայտությամբ շատ քիչ է համապատասխանում Ռեյնոլդսի նկարին։ Լուսանկարի չափերն են՝ 21.1 և 15.3 սմ։ Նույնականացման համարն է՝ 964:0001:0034[16]։ Քերոլլը բավականին ազատ է վերակարել նաև աղջկա զգեստը։ Մյուս նկարում աղջիկը նստած է՝ կզակը ձեռքին հենած։ 12-ամյա մոդելը լարված նայում է ֆոտոխցիկին։ Այդ նկարի չափերը բավականին փոքր են՝ ընդամենը 15,4 և 12,5 սանտիմետր։ Նույնականացման համարն է՝ 964:0001:0021[17]։ Հետազոտողները զուգահեռներ են անցկացնում այդ լուսանկարի և Ալիսա Լիդելի՝ մուրացկանի կերպարով լուսանկարի միջև[14]։

Ալեքսանդրա Ռոդա Քիթչին (մականունը՝ Էքսի, անգլ.՝ Alexandra «Xie» Rhoda Kitchin, 1864-1925)․ այդպես էին անվանում Լյուիս Քերոլլի ընկերուհուն (անգլ.՝ «child-friend»)։ Նա Քերոլլի համար մուսա էր և ֆոտոմոդել 1868 թվականից։ Քերոլլը նրան ավելի հաճախ էր լուսանկարում, քան իր մյուս մոդելներին, երբեմն նա հագնվում էր էկզոտիկ հագուստներ։ Այսպես, «Սուրբ Գեորգին ու վիշապը» լուսանկարում նա արքայադուստր է, հագին ունի սպիտակ գիշերազգեստ, գլխին՝ թղթե թագ։ Ալեքսանդրա Քիթթչինը սուրբ Ջորջ Քիթչինի դուստրն էր (1827-1912), որը Օքսֆորդի Քրիստոսի տաճարում եղել է Քերոլլի պաշտոնակիցը, այնուհետև՝ Վինչեսթերի, իսկ հետագայում՝ Դարհեմի ժողովի դեկան[18][19]։ Նրա կնքամայրը Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի ապագա կոնսորտ-թագուհի Ալեքսանդրա Դանիացին էր, որը նրա մոր մանկության ընկերուհին է եղել[20]։ 1890 թվականին Ալեքսանդրան ամուսնացել է պետական ծառայող և սիրողական երաժիշտ Արթուր Կարդուի հետ։ Նրանք ունեցել են 6 երեխա։ Ի տարբերություն Քերթլլի որոշ երիտասարդ ընկերուհիների՝ «Xie» երբեք չի հրապարակել հուշեր նրա մասին[21]։ Քերոլլը Ալեքսանդրա Քիթչինին նկարել է 4-ից մինչև 16 տարեկանը։ Հայտնի է նմանատիպ ավելի քան 50 լուսանկար[22]։ Երբեմն այդպիսի լուսանկարները կրում են «Էքսի»-լուսանկարներ անվանումը։ Կա լեգենդ, ըստ որի՝ Քերոլլը մի անգամ հարցրել է․ «Ինչպե՞ս լուսանկարչության մեջ հասնել կատարելության։», իսկ հետո ինքն էլ պատասխանել է․ «Էքսիին կանգնեցնել օբյեկտիվի առաջ»։ Իսկապես, 1880 թվականի հունիսի 16-ի նամակում գրողն իր հետ վարում է այդ երկխոսությունը[23]։

Պենելոպա Բուտբին զանգվածային մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաքս Բիրբոմ։ Ակնթարթային տեսիլքը մի անգամ պատահեց երիտասարդ Միլլեին, 1916

Միլլեի նկարը երկար ժամանակ օգտագործվել է Pears Transparent Soap օճառի ընկերության տուփի պատկերի համար։ Ենթադրվում է, որ աղջկա կերպարը որոշ ժամանակ զանգվածային գիտակցության մեջ ծառայել է որպես բարձրագույն մաքրության օրինակ։ Միլլեի նկարում Պենելոպայի կերպարը հիմք է հանդիսացել վիկտորյան դարաշրջանում հայտնի փոքրիկ օրիորդ Մաֆֆետ տիկնիկների համար (անգլ.՝ Little Miss Muffet), որոնք այդպես են կոչվել ի պատիվ այդ ժամանակ հայտնի Little Miss Muffet մանկական խաղիկի։ Այդ խաղիկի տպավորությամբ է ստեղծվել Միլլեի «Փոքրիկ օրիորդ Մաֆֆետ» նկարը, բայց տիկնիկի հագուստը, հասակը և դեմքը շատ մոտ են Պենելոպա Բուտբիի կերպարին՝ վառ արտահայտված նրա «Հասուն բալ» նկարում։ «Փոքրիկ օրիորդ Մաֆֆետ» տիկնիկն արտադրվում է մինչև այսօր։ Կա նաև ամսագրային երգիծական նկարը, որում աղջկա դեմքն ու ֆիգուրան պատկերված են ընդգծված ծաղրական արտահայտությամբ[4].

Անգլիացի գրող, ծաղրանկարիչ և գրքեր նկարազարդող Մաքս Բիրբոմը ջրաներկով ստեղծել է «Ակնթարթային տեսիլքը մի անգամ պատահեց երիտասարդ Միլլեին», որտեղ հեգնանքով ցույց է տրվում նկարչի ստեղծագործության էվոլյուցիան։ Նա դա արել է ծաղրանկարի 3 տարրով[24]

  • Նկարիչը պատկերել է, թե ինչպես է երիտասարդ Միլլեն փորձում իր «Արիելայով հրապուրված Ֆերդինանդը» նկարում համատեղել երևակայականն ու բնականը, այն Ուիլյամ Շեքսպիրի «Փոթորիկ» պիեսի նկարազարդումն է։ Նկարիչը կանգնած է մոլբերտի կողքին, որի վրա նկարի էսքիզն է։
  • Նա ցույց է տալիս, թե ինչպես է երիտասարդ նկարիչը զարմացած ցած գցում վրձինը և ներկապնակը՝ իրեն տեսնելով այն բանից հետո, թե ինչպես է ինքը դարձել շարքային տեղաբնիկ, որը կյանքը նվիրել է որսորդությանը, ձկնորսությանը և փորձել թափանցել բարձր հասարակության մեջ։
  • Փոքրիկ աղջկան տեղավորելով Միլլեի «Հասած բալ» նկարի հերոս զառամյալ Միլլեի ծնկների վրա՝ ծաղրանկարիչն ընդգծում է, որ նկարիչը խրախուսում է քաքղենիական պահանջարկը նկարներով, որոնցում պատկերված են հմայիչ երեխաներ կամ երիտասարդ աղջիկներ։

Բիրբոմի ջրաներկային աշխատանքն ստեղծվել է 1916 թվականին, 1921 թվականի սեպտեմբերից գտնվել է Լեսթերի պատկերասրահի հավաքածուում, իսկ 1938 թվականից պատկանում է Թեյթի պատկերասրահին[25]։ Նկարն առաջին անգամ հրապարակվել է 1922 թվականին՝ որպես Բիրբոմի՝ նախառաֆայելականների մասին գրքի նկարազարդում[26]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Kindred Britain
  2. 2,0 2,1 2,2 Lundy D. R. The Peerage
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 Mitchell
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Warren, Richard (2012 թ․ սեպտեմբերի 24). «Moppets, muffets and the perpetuation of Penelope Boothby». Richard Warren. Վերցված է 2017 թ․ փետրվարի 5-ին.
  5. Davis, Rebecca Harding About the Painter of Little Penelope(անգլ.) // St. Nicholas : Журнал. — 1875. — Т. 3. — № 1. — С. 1-3.
  6. «Alice Special Edition» (անգլերեն). Վերցված է 2016 թ․ փետրվարի 5-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 Hurll, Estelle M. Penelope Boothby // Sir Joshua Reynolds. A Collection of Fifteen Pictures and a Portrait of the. Painter with Introduction and Interpretation. — Boston, New York: The Riverside Press Cambridge, 2006. — С. 1—6.
  8. Higonnet, Anna Pictures of innocence: the history and crisis of ideal childhood. — Thames & Hudson, 1998. — С. 28—30. — 256 с. — ISBN 9-780-5002-8048-5
  9. Woods, Robert Children Remembered: Responses to Untimely Death in the Past. — Liverpool: Liverpool University Press, 2015. — С. 70—71, 76, 83, 125, 198, 200, 211. — 288 с. — ISBN 9-781-8463-1021-8
  10. Bradley L. From Eden to empire: John Everett Millais's Cherry ripe(անգլ.) // Victorian Studies : Журнал. — 1991. — Т. 34/2. — С. 179–203.
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 11,6 Flukinger, Roy. «For his most famous child portrait, Charles Dodgson (aka Lewis Carroll) drew inspiration from an eighteenth-century painting». Cultural Compass at the Harry Ransom Center. The University of Texas at Austin. Վերցված է 2017 թ․ փետրվարի 5-ին.
  12. «Penelope Boothby. Collection online» (անգլերեն). Trustees of the British Museum. Վերցված է 2017 թ․ փետրվարի 4-ին.
  13. Моэм, Уильям Сомерсет Примечания // Лиза из Ламбета. — М: Астрель, Neoclassic, АСТ, 2011. — 224 с. — 9000 экз. — ISBN 9-785-2713-6752-6
  14. 14,0 14,1 14,2 Smith, 2015, էջ 20—22
  15. «Xie Kitchin partly in the "Penelope Boothby" dress, on a garden chair, with Japanese sunshade» (անգլերեն). Harry Ransom Center. Վերցված է 2017 թ․ փետրվարի 4-ին.
  16. «Xie Kitchin as "Penelope Boothby," standing» (անգլերեն). Harry Ransom Center. Վերցված է 2017 թ․ փետրվարի 4-ին.
  17. «Xie Kitchin as Penelope Boothby» (անգլերեն). Harry Ransom Center. Վերցված է 2017 թ․ փետրվարի 4-ին.
  18. «Photographs of Children». Harry Ransom Center. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 14-ին.
  19. Hambourg, Maria Morris The Waking Dream: Photography's First Century: Selections from the Gilman Paper Company Collection. — New York: Metropolitan Museum of Art, 1993. — 384 с.
  20. Curthoys, M. C. «Kitchin, George William (1827–1912), scholar and dean of Durham». Oxford Dictionary of National Biography. Վերցված է 2017 թ․ հունվարի 14-ին.
  21. «Alexandra 'Xie' Kitchin: la prima musa di Lewis Carroll». Carrollpedia. Վերցված է 2017 թ․ հունվարի 14-ին.
  22. Толкачёва, Ирина Фотограф Льюис Кэрролл // Фотомастерская : Журнал. — 2010. — № 3. — С. 58—64. — ISSN 7082-3907.
  23. Cohen, Morton The Letters of Lewis Carroll. — New York: Oxford University Press, 1979. — С. 384.
  24. «A Momentary Vision once Befell Young Millais. 4 1/4 x 6 1/2 inches. Plate 3 from Max Beerbohm» (անգլերեն). The Victorian Web. Վերցված է 2017 թ․ փետրվարի 4-ին.
  25. «A Momentary Vision once Befell Young Millais. Max Beerbohm» (անգլերեն). Tate Gallery. Վերցված է 2017 թ․ փետրվարի 4-ին.
  26. Beerbohm, Max A Momentary Vision once Befell Young Millais // Rossetti and His Circle. — London: William Heinemann, 1922.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]