Օճառե պղպջակներ (նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օճառե պղպջակներ
տեսակգեղանկար
նկարիչՋոն Էվերեթ Միլլե
տարի1886
ուղղությունՊրեռաֆայելիտներ
գտնվում էԼեդի Լևեր պատկերասրահ
հավաքածուԼեդի Լևեր պատկերասրահ
հիմնական թեմաWilliam Milbourne James?
Ծանոթագրություններ
 Bubbles (painting) Վիքիպահեստում

«Օճառե պղպջակներ» (անգլ.՝ Bubbles), անգլիացի նկարիչ և պրեռաֆայելիտների կարկառուն ներկայացուցիչ Ջոն Էվերեթ Միլլեի վրձնին պատկանող նկար։ Այս ստեղծագործությունը նկարիչը ստեղծել է 1886 թվականին։ Մեծ Բրիտանիայում այս նկարը մեծ ճանաչում գտավ, քանի որ երկար տարիներ անընդմեջ օգտագործվում էր «Pears Transparent Soap» օճառի գովազդման համար և ցայսօր էլ ասոցացվում է այդ ապրանքատեսակի հետ[1]։ Այս երևույթը բավականին երկար վեճերի առիթ հանդիսացավ. վիճարկում էին, թե կարելի՞ է արվեստը և գովազդը համատեղել միմյանց հետ։ «Օճառե պղպջակներ» կտավը երեխաների պատկերով բազմաթիվ նկարներից մեկն է, որը մեծ ճանաչում ու հեղինակություն բերեց Միլլեին ստեղծագործական ուշ շրջանում։ Նկարն այսօր պահպանվում և ցուցադրվում է Լիվերպուլի Լեդի Լևեր պատկերասրահում։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարի ստեղծման ժամանակ այն ուղղակի կոչվում էր «Երեխայի աշխարհը» (անգլ.՝ A Child's World): Հենց այս անվանումով էլ այն առաջին անգամ ցուցադրվեց հասարակության համար 1886 թվականին Գրոսվենոր պատկերասրահում։ Հետո նկարը գնեց Ուիլյամ Ինգրեմը, ով «The Illustrated London News» ամսագրի սեփականատերն էր[2]։ Այդ ամսագրում նկարը տեսնում է «A&F Pears» օճառի արտադրությամբ զբաղվող հիմնարկության ղեկավարը և որոշում է ձեռք բերել կտավը։ Նկարի համար վճարում է 2200 ֆունտ ստեռլինգ։ Ընկերությանն անհրաժեշտ էր նկարի հեղինակի թույատրությունը, որպեսզի նկարը ենթարկեն որոշակի փոփոխությունների և ավելացնեն «Pears» հիմնարկության լոգոտիպը՝ գովազդի համար։ 1887 թվականին «Pears»-ը ամբողջությամբ գնեց հեղինակային իրավունքները և սկսեց այն գովազդել իր օճառների համար[3]։ Դրա պատճառ Ջոն Միլլեն ենթարկվեց գրաքննադատության բանաստեղծուհի Մարիա Կորելիի կողմից։ Վերջինս իր «Սատանայի ողբը» վեպում նկարչին քննադատեց, որպես սեփական տաղանդի դեմ դավաճանած անձնավորություն.[3].

Ես նրանցից մեկն եմ, ով մտածում է, որ Միլլե-նկարչի փառքը կորացել է այնքանով, որ վերջինս իջել է փոքրիկ գունատ երեխաների մակարդակին, ովքեր «Pears» օճառներից պղպջակներ են բաց թողնում։
- Մարիա Կորելլի

Պատասխան նամակում Ջոն Էվերետտ Միլլեն մեկնաբանել է, որ հեղինակային իրավունքները վաճառել է օճառի ընկերությանը և ոչ մի պատասխանատվություն չի կրում նկարի փոփոխման գործում։ Միլլեի որդին հայտարարեց, որ փորձել է խոչընդոտել գովազդի հրապարակմանը, սակայն, ոչ մի իրավական թույլտվություն չի ունեցել։ Կորելիի գրքի երկրորդ վերահրատարակման մեջ հեղինակը հրաժարվեց իր բառերից, որոնք քննադատում էին Ջոն Էվերետտ Միլլեին։ Իսկ գովազդը այնպիսի ճանաչում ձեռք բերեց, որ Ուիլյամ Ջեյմսը, ով դարձավ Մեծ Բրիտանիայի թագավորական ռազմածովային նավատորմի ծովակալ, ցկյանս հայտնի դարձավ «Bubbles» անվանումով, որը հայերեն նշանակում է «պղպջակներ»։

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարում պատկերված է նկարչի թոռնիկը՝ Ուիլյամ Միլբուրն Ջեյմսը՝ հագնված Ֆրենսիս Էլիզա Բարնեթի գրչին պատկանող «Փոքրիկ լորդ Ֆաունթլերոյ» (1886) վեպի գլխավոր հերոսի ոճով. երեխան օճառե պղպջակներ է բաց թողնում և հետևում է դրանց[1]։ Մանուկը նստած է քարին։ Ոտքերը խաչաձև դրված են միմյանց։ Քարի ձախ կողմին ջարդված կավե անոթ է գտնվում։ Երեխան ձեռքերում պահել է տարա, որի մեջ օճառաջուրն է։ Իսկ աջ ձեռքում պղպջակ փչելու հարմարանքն է։ Երեխան ակնդետ նայում է վերև բարձրացած պղպջակին՝ տագնապով հետևելով, թե երբ է այն պայթելու։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Bubbles Painting On Show» (անգլերեն). Liverpool museums. 15 мая 2006 года. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 21-ին. Վերցված է 5.11.2008-ին.
  2. «Bubbles, by Sir John Everett Millais. Artwork of the Month» (անգլերեն). Liverpool museums. август 2006 года. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 21-ին. Վերցված է 5.11.2008-ին.
  3. 3,0 3,1 «John Everett Millais's Bubbles and the Commercialization of Art» (անգլերեն). Victorian Web. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 21-ին. Վերցված է 5.11.2008-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Bubbles(անգլ.) թանգարանի պաշտոնական կայքում։