Բուժքույր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բուժքույր

Բուժքույրը (կամ գթության քույրը) միջին բժշկական կրթությամբ մասնագետ է և աշխատում է բժիշկների ղեկավարությամբ։ Հիվանդանոցներում բուժքույրերը խնամում են հիվանդներին, հետևում նրանց վիճակին, բժշկի նշանակմամբ իրականացնում բուժարարողություններ, վերահսկում բաժանմունքի և հիվանդասենյակների սանիտարահիգիենային վիճակը։

Բուժքույրերն աշխատում են ավագ բուժքրոջ անմիջական ղեկավարությամբ, որը վերահսկում է բժշկի նշանակումների կատարումը, իրականացնում դեղանյութերի դուրսգրումը, դրանց հաշվառումն ու պահպանումը, հիվանդների ընդունելության և դուրսգրման ձևակերպումները, հետևում բաժանմունքի սանիտարական վիճակին, տնտեսությանը, հիվանդների սննդին և այլն։

Բուժքույրը նաև մասնակցում է բնակչության շրջանում սանիտարալուսավորչական աշխատանքների կատարմանը։ Բուժքույրեր աշխատում են նաև մանկապարտեզներում, դպրոցներում, արտադրական ձեռնարկություններում, ծերանոցներում, կարող են լինել նաև մասնավոր հիվանդապահներ և այլն։ Բուժքրոջ որակավորում ստանում են սովորաբար հատուկ բժշկական դպրոցներում կամ ուսումնարաններում 3 տարի սովորելուց հետո, ապա շատերը մասնագիտանում են բժշկագիտության որոշակի բնագավառում։ Բուժքույրերը հատկապես կարևոր դեր են խաղում այն երկրներում, որտեղ բժիշկները քիչ են։

Քույրական գործը անկախ,զարգացող և կատարելագործում պահանջող մասնագիտություն է:Բուժքույրերը հանդիսանում են բուժհիմնարկների միջին մասնագիտական օղակ,որի դերը շատ մեծ է բուժսպասարկման մեջ:

Ըստ Միջազգային բուժքույրական համաժողովին (2006) ընդունված և հաստստված նորմերի քույրը պարտավոր է զարգանալ,վերապատրաստվել պարբերաբար,կատարելագործել տեսական և պրակտիկ հմտությունները արդիական նորմերին համապատասխան:

Հայաստանի պատմության մեջ բուժքրոջ դերը լավագույնս արտահայտվեց Արցախյան պատերազմի ժամանակ,որտեղ մարտական գործողությունների ընթացքում բազմաթիվ բուժքույրեր արիաբար փրկեցին բազմաթիվ կյանքեր,նույնիսկ կյանքի գնով:

Ներկայումս ՀՀ-ում կառավարության կողմից հաստատված է բուժքույր-մասնագետների ուսուցման 3- ամյա ծրագիր:Գործում է նաև Քույրական գործի կազմակերպում 4-ամյա ծրագիր(Երևանի հայ-ամերիկյան <<Էրեբունի >> պետական բժշկական քոլեջ)բակալավրիատի աստիճանով:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջին և կրտսեր բուժանձնակազմի բարոյական կերպարը, նրանց և հիվանդի փոխհարաբերությունները

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png