La Ghirlandata

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
La Ghirlandata
Rossetti, Dante Gabriel - La Ghirlandata - 1871-1874.jpg
տեսակգեղանկար
նկարիչԴանթե Գաբրիել Ռոսսետտի
տարի1873
բարձրություն124 սանտիմետր
լայնություն85 սանտիմետր
ուղղությունՊրեռաֆայելիտներ
նյություղաներկ և կտավ
գտնվում էGuildhall Art Gallery?
հավաքածուGuildhall Art Gallery?
La Ghirlandata Վիքիպահեստում

«La Ghirlandata», անգլիացի պրեռաֆայելիտ նկարիչ Դանթե Գաբրիել Ռոսսետտիի նկարը՝ ստեղծված 1873 թվականին։ Ներկայումս նկարը գտնվում է Լոնդոնի Գիլդհոլ պատկերասրահի հավաքածուում։

Տեղեկություն նկարի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարչի եղբայր, քննադատ Ուիլյամ Մայքլ Ռոսսետտին գրել է, որ նկարի անվանումը կարելի է թարգմանել որպես «Դրասանգով պսակավորված» կամ «Ծաղկեպսակի տիկին»[1][2]։ Աշխատանքն ստեղծվել է Ուիլյամ Մորիսի առանձնատանը՝ Քելմսքոթում[3]։ Նկարի համար բնորդուհի է եղել Ալեքսա Ուայլդինգը, երկու հրեշտակների դեմքերի համար կեցվածք է ընդունել Մեյ Մորիսը՝ Ուիլյամ և Ջեյն Մորիսների դուստրը (նկարն ստեղծելու պահին նա եղել է տասը տարեկան)[1]։

Նկարում քնար նվագող աղջիկ և երկու հրեշտակ են պատկերված, որոնք դյութանքով երաժշտություն են լսում։ Ուիլյամ Մայքլ Ռոսսետտին ենթադրել է, որ իր եղբայրը մտադիր է եղել պատկերել «երիտասարդություն, գեղեցկություն և արվեստի կարողություն, որոնք արժանի են երկնային հանդիսատեսին, սակայն այդ ամենը մթագնվում են նրանով, որ աղջիկը դատապարտված է մեռնելու»։ Վերջինս կարող է կապված լինել նկարչի կյանքի ծանր շրջանի հետ. դրանից կարճ ժամանակ առաջ նա փորձել էր ինքնասպանություն կատարել[4]։ Ուիլյամ Մայքլ Ռոսսետտին նաև նշել է, որ սկզբնապես նկարում ծաղիկների մեջ պետք է լիներ նաև թունավոր ընձախոտ, սակայն իր եղբայրը «սխալ է գործել»՝ դրանց փոխարեն նկարելով ոջլադեղ[2]։ Նկարի մնացած խորհրդանշական ծաղիկների մեջ կարելի է նկատել ցախակեռաս և վարդ, որոնք խորհրդանշում են սեր և սեքսուալություն[4]։ Սիր խորհրդանիշ են հանդիսանում նաև հենց քնարը և երաժշտությունը. նկարի ստեղծման ժամանակ Ուիլյամ Մորիսը Քելմսքոթում չի եղել, բայց այդտեղ էր նրա կինը՝ Ջեյնը, որը Դանթե Գաբրիել Ռոսսետտիի սիրեցյալն էր։ Ուիլյամ Բելլ Սքոթին ուղղված իր նամակում նկարիչը հայտնել է, որ նկարի վրա հսկայական աշխատանք է տարվել, այդ թվում և բույսերի և գույների վրա, որոնք «առանձնահատուկ մանրազննությամբ նկարվել են բնությունից», և նա ենթադրել է, որ դա «աշխարհի ամենականաչ նկարն է». գլխավոր կերպարը կանաչ է հագած և շրջապատված կանաչ տերևներով, նա նաև գրել է, որ այդ աշխատանքը համարում է իր լավագույն ստեղծագործությունը[1]։ «La Ghirlandata» նկարը հանդիսանում է նաև Ջոն Քիթսի «Անգութ գեղեցկուհին» բալլադի կերպարի վենետիկյան մեկնաբանությունը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 «La Ghirlandata»։ Rossetti Archive 
  2. 2,0 2,1 William Michael Rossetti Dante Gabriel Rossetti as Designer and Writer. — Cassell & Company, Limited, 1889. — С. 86—87.
  3. «La Ghirlandata»։ Victorian web 
  4. 4,0 4,1 «La Ghirlandata»։ Preraphaelite Sisterhood