Էլիզաբեթ Սիդալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էլիզաբեթ Սիդալ
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 25, 1829(1829-07-25)[1][2][3][…]
ԾննդավայրՀոլբորն, Քամդեն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էփետրվարի 11, 1862(1862-02-11)[4][1][2][…] (32 տարեկան)
Մահվան վայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[5][6]
ԳերեզմանՀայգեյթ գերեզմանատուն
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն[7][8][9]
Մասնագիտություննկարչուհի, բանաստեղծուհի, բնորդ, վիզուալ արտիստ, մոդել և գրող
ԱմուսինԴանթե Գաբրիել Ռոսսետտի[10]
Elizabeth Siddal Վիքիպահեստում

Էլիզաբեթ Էլիոնոր Սիդալ (անգլ.՝ Elizabeth Eleanor Siddal, հուլիսի 25, 1829(1829-07-25)[1][2][3][…], Հոլբորն, Քամդեն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - փետրվարի 11, 1862(1862-02-11)[4][1][2][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[5][6]), ծննդյամբ՝ Սիդալ (անգլ.՝ Siddall), բրիտանացի բնորդուհի, բանաստեղծուհի և գեղանկարիչուհի։ Մեծ ազդեցություն է ունեցել պրեռաֆայելիտների վրա։ Պատկերված է Ռոսսետտիի վաղ շրջանի գրեթե բոլոր կանացի դիմանկարներում, նաև կեցվածք է ընդունել Ուիլյամ Հոլման Հանտի, Ջոն Էվերեթ Միլլեի և Ուոլտեր Դևերելի համար։ Մասամբ պատկերված է «Օֆելյա» նկարում (1852)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1829 թվականի հուլիսին՝ շեֆիլդցի աշխատավորի բազմազավակ ընտանիքում։ Վաղ մանկությունից օգնել է մորը և քրոջը էժանագին հագուստներ կարելու գործում։ Տասնութ տարեկանում աշխատել է դերձակուհի Քովենթ Գարդենի լոնդոնյան շրջանում՝ գլխարկների խանութում։ 1849 թվականին այստեղ հանդիպել է Ուոլտեր Դևերելին և մոր միջոցով առաջարկել է նրան կեցվածք ընդունել նրա մոտ։

Բնորդուհի պրեռաֆայելիտների համար[խմբագրել | խմբագրել կոդը]

Դևերելը Էլիզաբեթին Վիոլայի կերպարում պատկերել է Շեքսպիրի «Տասներկուերորդ գիշեր» պիեսի մոտիվներով նկարում։ Գունատ և կարմրամազ Էլիզաբեթը իրենից մարմնավորում էր պրեռաֆայելիտների պատկերացմամբ քվատրոչենտո կանացի տիպը։ Նա իսկական մուսա է դարձել եղբայրության անդամների համար, որոնք հրաժարվում էին ակադեմիական պայմանականություններից և նոր կերպարներ էին որոնում։ Ամենահայտնի նկարը, որում պատկերված է Սիդալը Միլլեի «Օֆելյա»-ն (1852) է։ Նկարչի համար, որը ձգտում է բոլոր մանրամասների հավաստի պատկերմանը, նա կեցվածք էր ընդունում լոգարանում։ Դեպքը տեղի է ունեցել ձմռանը, և որպեսզի աղջիկը չմրսի, լոգարանի տակ Միլլեն տեղադրել էր լամպեր, որոնք տաքացնում էին ջուրը։ Ինչպես պատմում է Ուիլյամ Ռոսսետտին, մի անգամ լամպերը մարել են, Էլիզաբեթը հիվանդացել է, և հայրը Միլլեից պահանջել է, որ վերջինս վճարի բժշկի ծառայությունների համար։ Սիդալին նշանակվել է լաուդանում. այն ժամանակվա համար սովորական դեղամիջոց։ Այս միջադեպը հավանաբար քայքայել է աղջկա առանց այն էլ փխրուն առողջությունը։

Նկարը հաջողություն է ունեցել քննադատների և հանդիսատեսի մոտ, Էլիզաբեթը հայտնի է դարձել։ Բայց նա ոչ միայն բնորդուհի էր, այլ նաև ինքն էր նկարում ու գրում էր բանաստեղծություններ։

Կյանք Ռոսսետտիի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դանթե Գաբրիել Ռոսսետտի. Beata Beatrix

Դանթե Գաբրիել Ռոսսետտին Սիդալի հետ ծանոթացել է 1852 թվականին Միլլեի արհեստանոցում։ Երիտասարդները սիրահարվել են և բնակություն հաստատել Չեթեմ Փլեյսում գտնվող տանը։ Աղջիկը դարձել է Ռոսսետտիի մշտական բնորդուհին։ Կիրքը ոգեշնչում էր նկարչին Դանթեի և Բեատրիչեի սյուժեների մարմնավորմանը․ «Պաոլո և Ֆրանչեսկա դա Ռիմինի» և «Դանթեի սերը» նկարներում կանացի կերպարներում Էլիզաբեթ Սիդալն է։ Նկարիչը խրախուսում էր նրա գրական ստեղծագործությունն ու գրաֆիկայի պարապմունքները։ Սիդալի բանաստեղծությունները հաջողություն չեն ունեցել, բայց նա հայտնի է դարձել որպես նկարիչ։ Ջոն Ռասկինը Սիդալին նկարների համար կրթաթոշակ է նշանակել։ Նա միակ կին նկարիչն էր, որը մասնակցել է պրեռաֆայելիտների՝ 1857 թվականի Ռասել Փլեյսի ցուցահանդեսին։ Նրա աշխատանքները ցուցադրվել են 1858 թվականին Ամերիկայում բրիտանական արվեստի ցուցահանդեսում։ Ռոսսետտիի, Ուիլյամ Մորիսի և Բյորն Ջոնսի հետ 1859 թվականին Մորիսներ զույգի համար ձևավորել է Կարմիր տունը (Red House

Դանթեի և Էլիզաբեթի հարաբերություններում ամեն ինչ չէ, որ հարթ էր․ նկարիչը չնայած Սիդալի նկատմամբ իր գերագույն սիրուն ոչ մի կերպ չէր կարողանում կապերը խզել այլ կանանց, այդ թվում՝ Ֆաննի Կորնֆորտի և Էննի Միլլերի (Հանտի ընկերուհու) հետ։

Հիվանդություն և մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլիզաբեթի առողջությունը վատանում է։ 1860 թվականի սկզբին նա ծանր հիվանդանում է, և այդ ժամանակ Ռոսսետտին խոստանում է ամուսնանալ նրա հետ հենց առողջանա։ Հարսանիքը կայանում է 1860 թվականի մայիսին։ 1861 թվականի մայիսին Էլիզաբեթը լույս աշխարհ է բերում մահացած երեխայի։ Սիդալը ընկնում է դեպրեսիայի մեջ, սկսվում են Դանթեի հետ վեճերը և խելագարության նոպաները։ 1862 թվականին նա մահանում է լաուդանումի չափից մեծ դոզայից։ Ռոսսետտիին կնոջ մահից ծանր ցնցում է ապրում։ Կյանքի մնացած մասը տառապել է ընճախտի նոպաներից, մղձավանջներից և խղճի խայթից։ Թեթևություն է գտել ալկոհոլի և թմրանյութերի մեջ։

Էլիզաբեթ Սիդալի հիշատակին Ռոսսետտին նկարել է «Երանելի Բեատրիչեն» (1864-1870), որտեղ ներկայացրել է նրան «Նոր կյանքի» Բեատրիչեի կերպարում։ Կնոջ մահվան հետ է կապված նաև դանթեական թեմայով նրա վերջին աշխատանքը՝ «Դանթեի տեսիլքը» (1871)։

Թաղման ժամանակ հուսալքության մեջ գտնվող Ռոսսետտին Էլիզաբեթի դագաղին է դրել իր բանաստեղծությունների ձեռագիրը և երդվել է թողնել պոեզիան։ Մի քանի տարի անց նա որոշել է հրատարակել պատանեկան բանաստեղծությունները և որպեսզի դրանք հանեն, բացել են Հայգեթի գերեզմանատանը գտնվող Սիդալի գերեզմանը։ Բանաստեղծությունների գիրքը լույս է տեսել 1870 թվականին։ Ռոսսետիի այդ քայլը ցնցել է նրա ծանոթներին և ընկերներին։

Էլիզաբեթ Սիդալի աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Кар, Лоранс де. Прерафаэлиты: Модернизм по-английски / Перевод Ю. Эйделькинд. — М..: АСТ, 2002. — ISBN 5-17-008099-9

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]