Սիբիլլա Պալմիֆերա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիբիլլա Պալմիֆերա
տեսակգեղանկար
նկարիչԴանթե Գաբրիել Ռոսսետտի
տարի1866
բարձրություն98,4 սանտիմետր
լայնություն85 սանտիմետր
ուղղությունՊրեռաֆայելիտներ
ժանրդիցաբանական գեղանկարչություն
նյություղաներկ և կտավ
գտնվում էԼեդի Լևեր պատկերասրահ
հավաքածուԼեդի Լևեր պատկերասրահ և Պորտ Սանլայթ
Ծանոթագրություններ
 Sibylla Palmifera Վիքիպահեստում

«Սիբիլլա Պալմիֆերա» (անգլ.՝ Sibylla Palmifera), անգլիացի պրեռաֆայելիտ նկարիչ Դանթե Գաբրիել Ռոսսետտիի նկարը՝ ստեղծված 1866 թվականին։ Ներկայումս նկարը գտնվում է Լեդի Լևեր պատկերասրահի հավաքածուում։

Տեղեկություն նկարի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոսսետտիի սոնետը՝ շարադրված նկարի շրջանակին
«Լեդի Լիլիթ». դիպտիխ է կազմում «Սիբիլլա Պալմիֆերա» նկարի հետ

Նկարում պատկերված է գուշակուհի Սիբիլլան[1]։ Սիբիլլաները հին հունական դիցաբանության մեջ առասպելական գուշակուհիներ էին (հատկապես ապագա կործանարար աղետների)։ «Palmifera» բառը նշանակում է «արմավ կրող», հերոսուհու ձեռքին պատկերված է արմավենու ճյուղ։ Արմավենին և թիթեռը կարող են խորհրդանշել հոգևոր սկիզբը, ինչպես նաև ծաղկային սիմվոլիզմ են կրում իրենց մեջ նաև կարմիր վարդերը և կակաչները։ Կակաչը և գանգը մահվան խորհրդանիշներն են, Սֆինքսը՝ գաղտնիքների և հանելուկների սիմվոլը[1]։ Ալջերնոն Չառլզ Սուինբյորնը ենթադրել է, որ նկարի ֆոնին հարթաքանդակների պատկերը մարմնավորում է սիրո և մահվան մշտական պայքարը[2]։ Ինչպես գրել է ինքը Ռոսսետտին, Սիբիլլան պետք է պահի գերազանցության արմավենին իր մյուս աշխատանքների մեջ և «զբաղեցնի գերիշխող դիրք իր մյուս գեղեցկուհիների շրջանում», այդ իսկ պատճառով նրան տվել է նման անվանում[2][3]։ Նկարի երեք հիմնական գույներն են կարմիրը, կանաչը և ոսկեգույնը։ Սուինբյորնը գրել է, որ նկարում գույների հետ աշխատանքը նման է վենետիկյան ոճին և համարվում է Տիցիանին հարգանքի տուրքի յուրօրինակ նշան[2]։

«Սիբիլլա Պալմիֆերան» Ռոսսետտիի մեկ այլ ստեղծագործության՝ «Լեդի Լիլիթի» հետ, կազմում է դիպտիխի (երկփեղկ նկար) մաս։ Առաջինը մարմնավորում է հոգևոր գեղեցկությունը, երկրորդը՝ մարմնական։ Համապատասխան սոնետների հեղինակը հենց Ռոսսետտին է. նկարների շրջանակներին շարադրված են «Հոգու գեղեցկությունը» և «Մարմնի գեղեցկությունը»[4]։ Նկարները և սոնետները զույգով առաջին անգամ միասին հրապարակել է Ալջերնոն Չառլզ Սուինբյորնը 1868 թվականին։ 1870 թվականին բանաստեղծությունները տպագրվել են Ռոսսետտիի «Սոնետներ նկարների համար» ժողովածուում։ 1881 թվականին Ռոսսետտին «Մարմնի գեղեցկություն» սոնետը վերանվանել է «Լիլիթ» և հրատարակել երկու սոնետները կողք կողքի «Կյանքի տունը» գրքում՝ միավորելով հակադրական ստեղծագործությունների զույգը[4][5]։

Նկարի համար բնորդուհի է եղել (ինչպես և «Լեդի Լիլիթ» նկարի համար) Ալեքսա Ուայլդինգը։ 1865 թվականին նկարը պատվիրել է Ջորջ Ռեյը։ Ռոսսետտին աշխատանքի վրա չարչարվել է ընդմիջումներով մի քանի տարի։ Դժվարություն առաջացրել է ֆոնը, որը իր նամակներից մեկում նկարիչն անվանել է «խառնաշփոթ», հերոսուհուց ուշադրություն շեղող[2]։ Ֆրեդերիկ Լեյլանդը իր համար պատվիրել է նկարի կրկնօրինակը և Ռոսսետտիին տվել 200 գինեյ կանխավճար, սակայն այն այդպես էլ ավարտին չի հասցվել[2][4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «'Sibylla Palmifera', Dante Gabriel Rossetti» (անգլերեն). Walker Art Gallery. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 29-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 «Sibylla Palmifera». Rossetti Archive (անգլերեն). Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 29-ին.
  3. Marillier, Henry Currie. Dante Gabriel Rossetti: an illustrated memorial of his art and life. — George Bell and Sons, Chiswick Press, Charles Whittingham and Co., 1899. — С. 142.
  4. 4,0 4,1 4,2 McGann, Jerome (editor). (2005). «Sibylla Palmifera, Dante Gabriel Rossetti, 1866–70». Rossetti Archive. Institute for Advanced Technology in the Humanities, University of Virginia. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 12-ին. {{cite web}}: |first= has generic name (օգնություն)
  5. Rossetti, Date Gabriel The House of Life.