Կապույտ տաղավարը
![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Դանթե Գաբրիել Ռոսսետտի |
տարի | 1865 |
բարձրություն | 84 սանտիմետր |
լայնություն | 70,9 սանտիմետր |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Barber Institute of Fine Arts? |
հավաքածու | Barber Institute of Fine Arts? |
Ծանոթագրություններ |
«Կապույտ տաղավարը» (անգլ.՝ The Blue Bower), անգլիացի պրեռաֆայելիտ նկարիչ Դանթե Գաբրիել Ռոսսետտիի նկարը՝ ստեղծված 1865 թվականին։ Ներկայումս նկարը գտնվում է Բիրմինգհեմի Բարբերի արվեստի ինստիտուտի հավաքածուում։
Տեղեկություն նկարի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]
Նկարի համար բնորդուհի է դարձել Ֆաննի Կորնֆորտը։ Հավանաբար նրա հետ կապված ձայնային զուգորդմամբ Ռոսսետտին նկարում պատկերել է տերեփուկ (անգլերեն՝ cornflowers)[1]։ Մյուս ծաղիկները՝ պասիֆլորա և պատատուկ, կարող են մեկնաբանվել որպես կրքի և սիրային կապերի խորհրդանիշ[1]։ Բնորդուհին կրում է սրտաձև մեդալիոն, որը հետագայում սկսել է պատկանել նկարչի սիրեցյալ Ջեյն Մորիսին[1]։
Անգլերեն bower («տաղավար») բառը նաև նշանակում է բնակարան կամ կացարան, որտեղ միջնադարում և ավելի ուշ ժամանակներում անցել են սիրահարների հանդիպումները[1][2]։ Անցյալի հետ պատմական զուգորդումները կիրառվում են ոչ միայն նկարի անվանման մեջ, այլև դասական վենետիկյան և տիցիանական տիպաժի շիկակարմիր մազերով կանացի գեղեցկության պատկերման մեջ[1]։ Նկարչի եղբայր քննադատ Ուիլյամ Մայքլ Ռոսսետտին համարել է, որ նկարը իր եղբոր ամենավառ և շքեղ աշխատանքներից մեկն է, ընդ որում այստեղ կնոջ կերպարը իդեալականացված չէ, այլ զգայական և երկրային է, այդ իսկ պատճառով թերագնահատվել է կամ էլ բացասաբար գնահատվել այլ աշխատանքների համեմատությամբ[3]։
«Կապույտ տաղավարը» հանդիսանում է տիպական օրինակ այն բանի, երբ Ռոսսետտին իր աշխատանքներում միավորել է արևմուտքի և արևելքի մշակույթների տարրերը, որը բնութագրական է 1860-ական թվականների նրա արվեստին[4]։ Առաջին նկարներից մեկը, որտեղ դա ի հայտ է եկել, դարձել է 1859 թվականի «Bocca Baciata» նկարը։ «Կապույտ տաղավարը» նկարում արևելյան մոտիվներից առկա են ծաղկած բալի պատկերը, որը հայտնի է որպես չինական և ճապոնական արվեստի խորհրդանիշ, մասնավորապես՝ ուկիյո-է ժանրի[4]։ Ֆոնին առկա են նաև արաբական զարդանախշեր, ինչպես նաև ճապոնական կոտո երաժշտական գործիք[1][2]։ Երաժշտական գործիքը ծառայում է բացառապես դեկորատիվ նպատակով, քանի որ այդ դիրքով նրան անհնար է նվագել[4]։
Ի տարբերություն իր շատ այլ աշխատանքների՝ Ռոսսետտին «Կապույտ տաղավարը» աշխատանքի վերարտադրանկար չի ստեղծել, պահպանվել են ապագա նկարի մի քանի ուրվանկարներ և էսքիզներ[5]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 «'The Blue Bower', Dante Gabriel Rossetti»։ Walker Art Gallery
- ↑ 2,0 2,1 «The Blue Bower»։ The Barber Institute of Fine Arts
- ↑ William Michael Rossetti Dante Gabriel Rossetti as Designer and Writer. — Cassell & Company, Limited, 1889. — С. 54.
- ↑ 4,0 4,1 4,2 «The Blue Bower»։ Rossetti Archive
- ↑ Marillier, Henry Currie Dante Gabriel Rossetti: an illustrated memorial of his art and life. — George Bell and Sons, Chiswick Press, Charles Whittingham and Co., 1899. — С. 138.