Ռենե թագավորի արկղիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Երաժշտություն», Դանթե Գաբրիել Ռոսսետտի, արկղիկի տախտակադրվագ

Ռենե թագավորի արկղիկ կամ «Ռենե թագավորի մեղրամսի» արկղիկ, 1860-1862 թվականներին Ուիլյամ Մորիսի ընկերության՝ կաղնուց ստեղծած արկղիկ՝ դրվագավորված Դանթե Գաբրիել Ռոսսետտիի, Էդվարդ Բերն-Ջոնսի, Ֆորդ Մեդոքս Բրաունի և Վել Պրինսեպի հեղինակած նկարազարդ այլ փայտից տախտակներով։ Տախտակադրվագներում պատկերազարդված է արքա Ռենե Անժուացու և նրա երկրորդ կնոջ՝ Ժաննա դը Լավալի ռոմանտիկ պատմությունը։ Նկարիչները մեծ մասամբ առաջնորդվել են Վալտեր Սքոթի «Կառլոս Համարձակ, կամ Աննա Գեյերշտայնցի՝ Մշուշի կույս» վեպում թագավորի պատկերմամբ[1]։ Ներկայումս արկղիկը պահպանվում է Վիկտորիայի և Ալբերտի թանգարանի հավաքածուում[1]։

Այս արկղիկի անվանումը, միգուցե և դիտավորյալ, շփոթություն է առաջացնում. դա թագավորին պատկանող արկղիկ չէ, այլ փորձ է՝ ստեղծելու երևակայական առարկա՝ արկղիկ, որը արքան կարող էր պատվիրած լինել իր և կնոջ՝ Ժաննայի մեղրամսի համար (այդպիսի արկղիկ Վալտեր Սքոթը երբևէ չի հիշատակել)[2]։

Արկղիկը Մորիսին պատվիրել է ճարտարապետ Ջոն Սեդոնը։ Նա նաև մշակել է արկղիկի կառուցվածքը, դրվագազարդումը և մետաղական մասը[1]։ Արկղիկը եղել է Սեդոնի անձնական օգտագործման և ճարտարապետական քարտեզների պահպանման համար[3]։ «Ռենե թագավորի մեղրամսի» թեմայի պատկերման գաղափարը պատկանել է Ֆորդ Մեդոքս Բրաունին[1]։ Պրեռաֆայելիտները հաճախ են անդրադարձել այդ սյուժեին, քանի որ այն արտացոլել է ասպետական սերը, ինչպես նաև արվեստի ու արհեստի տարբեր ձևեր։ Ֆորդ Մեդոքս Բրաունը մշակել է «Ճարտարապետություն» ներկայացնող տախտակադրվագը, «Գեղանկարչություն» և «Քանդակագործություն» տախտակադրվագներն ստեղծել է Էդվարդ Բերն-Ջոնսը, իսկ Դանթե Գաբրիել Ռոսսետտին ստեղծել է «Երաժշտությունը» (որի հիման վրա նա հետագայում ամբողջական նկար է ստեղծել) և «Այգեգործություն»։ Մի քանի փոքր դրվագանկար ստեղծել է Վել Պրինսեպը (1838-1904)։ «Խեցեգործություն», «Ջուլհակություն», «Ապակեգործություն», «Դարբնություն» (որտեղ դարբնի դերում պատկերված է Ուիլյամ Մորիսը) դրվագների հեղինակը նշված չէ։ Մորիսը մշակել է բոլոր տախտակադրվագների դեկորատիվ ֆոնը[1]։ Հետագայում Ուիլյամ Մորիսը նկարիչների հետ կրկնել է չորս հիմնական նկարազարդումները ապակենկարների շարքում, որոնք ներկայումս կրկին գտնվում են Վիկտորիայի և Ալբերտի թանգարանում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 «King René's Honeymoon Cabinet» (անգլերեն). Victoria & Albert Museum. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 24-ին.
  2. 2,0 2,1 «King René's Honeymoon». Rossetti Archive.
  3. «King René's Honeymoon Cabinet». Rossetti Archive (անգլերեն).

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]