Ուղղագրություն
Ուղղագրություն, որևէ լեզվի համար հանրության կողմից ընդունված գրելու կանոնների համակարգը[1][2][3]։
Ամեն մի լեզու հետևում է որոշակի ուղղագրության սկզբունքի (սկզբունքների)[2]։ Առավել հայտնի են ուղղագրական հետևյալ սկզբունքները՝ հնչյունական կամ հնչույթային, պատմական կամ ավանդական, ձևաբանական[1][3], սիմվոլիկ, բառակազմական սկզբունքները[2]։ Հայերենին հատուկ է գերազանցապես հնչյունական և պատմական սկզբունքը, ռուսերենին՝ հնչյունականը և ձևաբանականը, անգլերենինը, ֆրանսերենինը՝ հիմնականում պատմականը[3]։
Հնչյունական սկզբունք
[խմբագրել | խմբագրել կոդը]Հնչյունական գրի մեջ յուրաքանչյուր հնչույթի համապատասխանում է մի տառ, և բառերը գրվում են այնպես, ինչպես արտասանվում են[3]։ Հնչյունական գրի սկզբունքի վրա է հիմնված այբուբենների մեծ մասը ստեղծման ժամանակ[1]։ Հայերենի նոր ուղղագրությունը փորձում է հետևել հնչյունական սկզբունքին։
Ձևաբանական սկզբունք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ձևաբանական սկզբունքը հիմնված է բառի միատեսակ գրության վրա, անկախ նրա արտասանությունից՝ թեքման կամ բառակազմության ժամանակ[1][2][3]։ Շատ լեզուներում բառերը, ստանալով բառակազմական կամ բառահարաբերական մասնիկներ, փոխում են իրենց արտասանությունը, ենթարկվում են հնչյունափոխության, բայց նրանց գրությունը մնում է անփոփոխ։ Օրինակ՝ ռուսերեն дом «տուն» հոգնակի սեռականում արտասանվում է дамов, բայց գրվում է домов[1]։
Պատմական սկզբունք
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմական սկզբունքը հիմնված է բառերի ավանդական գրության վրա, որի շնորհիվ պահպանվում է բառերի հնից ավանդված գրությունը, հակառակ այն բանին, որ նրանց արտասանությունը փոխվել է[1][3]։ Ժամանակակից արևելահայ գրական լեզվի ուղղագրությունը միայն մասամբ է պատմական (ավանդական)։ Այս սկզբունքով են, օրինակ, գրվում հետևյալ բառերը՝ երգ, երկիր, արջ, որբ, վարդ, մարդ[2]։
Ստուգաբանական սկզբունք
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմական գրության մի տեսակն է ստուգաբանական սկզբունքը, երբ բառը գրվում է համապատասխան իր ստուգաբանության։ Օրինակ՝ հայերենում, հակառակ այն կանոնին, որ է, օ տառերը գրվում են միայն բառասկզբում, մենք գրում ենք նաև բառամիջում՝ այսօր, ապօրինի, վայրէջք, մանրէ, հօգուտ[1]։
Սիմվոլիկ սկզբունք
[խմբագրել | խմբագրել կոդը]Սա հիմնականում համանունները գրությամբ զանազանելու համար է։ Հայերենը մասամբ հետևում է այս սկզբունքին՝ Ասիա (աշխարհագրական անուն)-Ասյա (անձնանուն)։ Սիմվոլիկ սկզբունքին են պատկանում նաև հապավումները[2]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Է. Բ. Աղայան, Լեզվաբանության ներածություն, Երևան, Մակմիլան Արմենիա, 2009, էջ 109։
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Հ. Զ. Պետրոսյան, Հայրենագիտական բառարան, Երևան, «Հայաստան», 1987, էջ 595-598։
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագյուլյան, Լեզվաբանական բառարան, Երևան, ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն, 1975, էջ 300։