Ցիմբելին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ցիմբելին
անգլ.՝ Cymbeline
Տեսակդրամատիկական ստեղծագործություն
ԺանրՇեքսպիրի կատակերգություն և պիես
Ձևպիես
ՀեղինակՈւիլյամ Շեքսպիր
Երկիր Անգլիայի թագավորություն
Բնագիր լեզուանգլերեն
Գրվել է1610
Հրատարակվել է1623
 Cymbeline

Ցիմբելին (անգլ.՝ Cymbeline), Ուիլյամ Շեքսպիրի պիեսը։

Առաջին անգամ հրապարակվել է հետմահու տպագրված ֆոլիոյի մեջ, 1623 թվականին։ «Ցիմբելինի» գրվելու ժամանակաշրջանը մոտավոր է սահմանվում` 1609-1610 թվականներին։ Պիեսն առաջին անգամ բեմադրվել է 1611 թվականին[1]։ Ժանրով մոտ է Շեքսպիրի այնպիսի գործերին, ինչպիսիք են Ձմեռային հեքիաթն ու «Փոթորիկը»։ Դրամատիկական ու գրեթե ողբերգական բախումներն ավարտվում են երջանիկ հանգուցալուծմամբ։

Պիեսի գրական զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյություն ունեն նախատիպային մի քանի ենթադրվող աղբյուրներ, որոնք գրական հիմք են դարձել «Ցիմբելինը» գրելու համար։ Սյուժեի որոշ տարրեր կարող են վերցված լինել վերցված լինել Բոկաչչոյի Դեկամերոնից, սակայն ստեղծագործության մոտիվների հիմնական աղբյուրը համարվում է «Հայելի կառավարիչների համար» գիրք-հավաքածուն (A mirror for magistrates), որը կազմվել է Հենրի VIII-ի ժամանակաշրջանում պալատական զվարճանքներ կազմակերպող Ջորջ Ֆերրերի կողմից։ Նախատիպային հավաքածուի կազմման մեջ գործուն մասնակցություն է ունեցել նաև մատենագիր, Օքսֆորդի համալսարանի աշխատակից Ուիլյամ Բոլդուինը։ Այս գրքում հավաքված են պատմություններ, որոնք պատմում են Անգլիայի պատմական կերպարների մեղսագործությունների մասին։ Կենսական այս հետաքրքրաշարժ պատմություններից լայն հասարակությանը մանրամասներ են հաղորդում հենց իրենք` հերոսները։ Հավաքածուն կազմելիս հեղինակները հավակնում էին ստանալ «Արքայազների անկումը» գրքի շարունակությունը, որը ժամանակին գրվել էր վանական ճգնավոր Ջոն Լիդգեյթի կողմից։ Իր հերթին լինելով բանաստեղծական ժանրի անգլիական լավագույն վարպետներից մեկը, Լիդգեյթը հենվում էր Բոկաչչոյի De casibus աշխատության վրա։ «Հայելին» առաջին անգամ լույս է տեսել «ծովահենային» մեթոդով, 1555 թվականին այն բանից հետո, երբ անգլիական ղեկավարության ներկայացուցիչները խիստ արգելք են դրել պրովոկացիոն հավաքաուծի լույս ընծայման վրա։ Սակայն արդեն 1559 թվականին կայացել է «Հայելու» պաշտոնական թողարկումը, որի մեջ ներառվել են տարբեր հեղինակների 20 ողբերգություններ, որոնք մտնում էին «պղտոր դարի» մշակութաբանական կոնցեպցիայի մեջ։

Այս աշխատությունը սյուժեի աղբյուր է դարձել անգլիացի շատ հայտնի հեղինակների համար։ Գրական այս հարուստ աղբյուրին անդրադարձած հեղինակներից են Էդմունդ Սպենսերը, Շեքսպիրը, սուր սոցիալական սատիրաների ու պատմավեպերի հեղինակ Մայքլ Դրեյթոնը և բազմաթիվ սոնետների հեիղնակ Սեմյուել Դենիելը։

Շեքսպիրի պիեսի սյուժեի նմանությամբ ևս մեկ նշանակալի ստեղծագործություն է «Ֆիլաստր» (անգլ.՝ Philaster, or Love lies a bleeding) ռոմանտիկ տրագիկոմեդիան։ 1620 թվականին հրապարակված «Ֆիլաստր» պիեսի հեղինակն է համարվում 17-րդ դարի առաջին քառորդի գրական շրջանի նշանակալի տանդեմը` գրողների Ֆլեթչեր ընտանիքի ներկայացուցիչ Ջոն Ֆլեթչերը և Ֆրենսիս Բոմոնթը. վերջինս մինչև Ֆլեթչերի հետ համագործակցությունը հեղինակել է մի քանի կատակերգություններ։ Տրագիկոմեդիայի սյուժեն հիմնված է տոհմական ավանդական հակամարտության վրա, որն ուղեկցվում է սիրային բախմամբ. Կալաբրիայի թագավորը գրավում է Սիցիլիայի գահը, իսկ արքայական գահի ժառանգորդ Ֆիլաստրը սիրահարվում է ուզուրպատորի դստերը` Արետուսային։

Պիեսն ընդգրկվել է Շեքսպիրյան առաջին ֆոլիոյի մեջ, որի մեջ ընդգրկվել են Շեքսպիրի շատ հայտնի ողբերգություններ։ Այնուամենայնիվ, ժամակակակից մի շարք շեքսպիրագետներ հակված են «Ցիմբելին» պիեսը դասել սիրային պատմությանների ժանրին։ Պիեսը մեծ տարածում է գտել և ընդունվել է ընթերցողների կողմից 19-րդ դարի առաջին քառորդում։ Հայտնի է, որ բանաստեղծ Ալֆրեդ Թեննիսոնը մահացել է` ծածկոցի վրա ունենալով «Ցիմբելինի» օրինակը։ Պիեսի հանդեպ հետաքրքրությունը չի մարել նաև գրական նոր դարաշրջանում։ Բեռնարդ Շոուն 1938 թվականին հրապարակել է «Ցիմբելինի» հինգերորդ գործողության նոր, կրճատված տարբերակը, որն ստացել է «Նոր ավարտով Ցիմբելին» (Cimbeline Refinished) հեղինակային անվանումը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցիմբելինը Բրիտանիայի արքան է, ղեկավարում է երջանիկ ու հարուստ երկիրը։ Նրա դուստրը` Իմոգենան, սիրահարված է Լեոնատ Պաստումին, որը «աղքատ, բայց արժանավոր» ջենթլմեն է։ Սիրահարները որոշում են գաղտնի պսակադրվել` հորից թաքցնելով այդ փաստը։ Պիեսում հայտնվում է հակահերոս` Իմոգենայի խորթ մայրը, որը նպատակ ունի խորթ դստերն ամուսնացնել իր որդու` Կլոտենի հետ, որն աչքի է ընկնում իր զզվելի բնավորությամբ, լավ վարվեցողություն չունի և հեռու է էթիկետի ու բարեկրության կանոններից։ Խորթ մայրն իմանում է գաղտնի պսակադրության մասին և այդ մասին պատմում է իր ամուսնուն։ Ցիմբելինն ստանալով այս տեղեկությունը` իր նորաթուխ փեսային` Լեոնատ Պոստումին, դուրս է անում թագավորությունից։ Թափառումները երիտասարդին հասցնում են Հռոմ, որտեղ վերջինս իր սիրելիի հավատարմությամբ պարծենում է ընկերոջ` Յակիմոյի մոտ, և իր ճշմարտացիությունն ապացուցելու համար անգամ գրազ է գալիս, ըստ որի Յակիմոն պետք է Բրիտանիա գնա և փորձի գայթակղել Իմոգենային։ Եթե դա նրան հաջողվի, Յակիմոն կհաղթի գրազը, և վերջինս որպես մրցանակ ընկերոջից կստանա ադամանդներով մատանին, որը Պոստումին նվիրել էր իր հարսնացուն։ Բրիտանիայում Իմոգենան վճռականորեն մերժում է Յակիմոյի բոլոր խոստովանությունները, սակայն փեսացուի նենգ ընկերը հնարավորություն է ստանում թաքնվել Իմոգենայի ննջարանում ու այդպիսով մանրամասն ուսումնասիրել թե՛ նրա սենյակը, թե՛ աղջկա մերկ մարմինը։ Այդպիսով Հռոմ վերադառնալով` նա վտարանդի Պոստումի հետ կիսվում է այդ մանրամասնություններով, և վշտացած փեսացուն ստիպված է բաժանվել իր մատանիից։ Պոստումն այնքան խոցված է, որ որոշում է գնալ ամենասարսափելի քայլին. նա նամակ է ուղարկում իր հավատարիմ ծառային` Պիզանիոյին, որում նրան ցուցում է տալիս սպանել Իմոգենային, սակայն ծառան, զգայով խարդավանքը, չի կատարում իր տիրոջ հրամանն ու համոզում է փախչել հայրական պալատից` նրան տղամարդու շոր հագցնելուց։ Պոստումը, որպես հրամանի կատարման հավաստում, Պիզանիոյից ստանում է արյունոտ ծածկոցը։ Այնուհետև Իմոգենան տղամարդու նոր անուն է վերցնում` Ֆիդելե («Հավատարմություն») և թաքնվում է քարանձավում` դառնալով Բելարիայի պաժը։ Նրան ծանոթացնում են, ինչպես իրեն ասում են, Բելարիայի որդիների հետ։ Նա չի էլ կասկածում, որ դրանք իր եղբայրներն են, Ցիմբելինի որդիներ Գվիդերին ու Արվիգարը։ Երկուսն էլ արդեն երկար տարին անհետ կորած են համարվում. իրականում տղաները մեծացել են այստեղ, քարանձավում։ Ֆիդելեն վտանգավոր հիվանդություն է ձեռք բերում, իսկ եղբայրները, կարծելով, թե նա մահացել է, նրա համար երգում են «Արևի տաքությունը քեզ համար սարսափելի չէ» դամբարանական երգը։ Այն բանից հետո, որ հիվանդության վտանգավոր շրջանն անցնում է, Ֆիդելե-Իմոգենան արթնանում է և իր կողքին տեսնում է իր հավանական ամուսնու` Կլոտենի գլխատված մարմինը։ Ֆիդելեն նրան ընդունում է իր իրական ամուսնու` վտարանդի Պոստումի փոխարեն, քանի որ նրա հագին վերջինիս հագուստն է։

Այնուհետև սյուժեն զարգանում է հետևյալ կերպ. Բրիտանիա է ներխուժում հռոմեական բանակը, անսփոփ Իմոգենան դառնում է հռոմեացի ռազմական հրամանատար Լուցիայի պաժը։ Ճակատագրական բախման ժամանակ բրիտանական զորքը ջախջախիչ պարտության է մատնում հռոմեական բանակին` Բելարիայի քաջության, Իմոգենայի եղբայրների սխրանիք, ինչպես նաև` Պոստումի հերոսության շնորհիվ, որը հռոմեական բանակի կազմում մտել էր Բրիտանիա։ Այնուամենայնիվ, չնայած զգուշավորության բոլոր միջոցներին, Պոստումը բրիտանացիների մոտ գերի է ընկնում։ Զնդանում նա տեսիլք է տեսնում, որի ժամանակ Յուպիտեր աստվածը գերեվարված Պոստումին մարգարեական խոսքեր է ասում։

Սրան զուգահեռ զարգանում են նաև Ցիմբելինի հետ կապված իրադարձություններ. հռոմեական բանակի գերի ընկած հրամանատար Լուցին աղաչում է բրիտանացի արքային խնայել Ֆիդելեի կյանքը։ Ազդվելով դեմքի ծանոթ դիմագծերից` Ցիմբելինը համաձայնում է։ Ֆիդելե-Իմոգենան, ողջ մնալով, գերիների մեջ ճանաչում է Յակիմոյին, և օգտագործելով Ցիմբելինի` պաժին ցանկացած գերու կյանք հանձնելու խոստումը, ստիպում է Յակիմոյին բոլորի մոտ պատմել եղելությունը։ Պոստումը Յակիմոյի խոստովանությունից իմանում է, որ իր կինն անմեղ է, և որ Յակիմոն խաբեության միջոցով է ստացել մատանին։ Սակայն նրա վիշտն անսահման մեծ է. նա համոզված է, որ իր կինը մահացել է։ Սակայն Իմոգենան բացահայտում է իրեն` իր ուրախություն իր հոր և ամուսնու, իսկ Բելարիան հորն է ներկայացնում գտնված որդիներին։ Պիեսը երջանիկ ավարտ է ունենում` ընտանեկան համընդհանուր հաշտությամբ։ Պոստումն ասում է Իմոգենային` «Քանի դեռ ես ողջ եմ, հենվիր ինձ վրա, ինչպես պտուղը` ծառի» (Hang there like fruit, my soul, Till the tree die): Ալֆրեդ Թեննիսոնն ամբողջ կյանքում այս տողերը համարել է Շեքսպիրի ստեղծագործության մեջ ամենազգայականն ու հոգևորը։

Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1913` Ցիմբելին / Cymbeline ԱՄՆ, ռեժիսոր` Լյուիս Հենդերսոն, դերերում` Ուիլյամ Ռասել` Ցիմբելին
  • 1925` Ցիմբելին / Cymbeline Գերմանիա, ռեժիսոր` Լյուդվիգ Բերգեր
  • 1937` Ցիմբելին / Cymbeline, Մեծ Բրիտանիա, հեռուստաֆիլ։ Դերերում` Ջորջ Վուդրիջ` Ցիմբելին
  • 1964` Ցիմբելին արքա / König Cymbelin, Ավստրիա (հեռուստաֆիլմ), ռեժիսոր` Օտտո Անտոն Էդեր
  • 1981` Ցիմբելին / Cymbeline, ԱՄՆ ռեժիսոր` Պատրիկ Թաքեր։ Ցիմբելինի դերում` Հեյլ Չուգ
  • 1982` Ցիմբելին / Cymbeline, Մեծ Բրիտանիա, ԱՄՆ (հեռուստաֆիլմ), ռեժիսոր` Էլայջա Մոշինսկի։ Դերերում` Ռիչարդ Ջոնսոն` Ցիմբելին արքա, Կլեր Բլում` թագուհի, Հելեն Միրեն` Իմոգենա, Ռոբերտ Լինդսի` Պոստում, Մայքլ Գոֆ` Բելարիա
  • 2000` Ցիմբելին / Cymbelin (հեռուստաֆիլմ), Գերմանիա, ռեժիսոր` Դիթեր Դորն։ Ցիմբելինի դերում` Ռուդոլֆ Վեսսելի
  • 2014` Ցիմբելին / Cymbeline, ԱՄՆ, ռեժիսոր` Մայքլ Ալմերեյդա
  • 2016` Ցիմբելին / Cymbeline, Մեծ Բրիտանիա։ Ռեժիսոր` Մելլի Սթիլ։ Ցիմբելինի դերում` Ջիլիան Բևան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Dobson, Wells, էջ 101

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ցիմբելին» հոդվածին։