Իթակե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox map.png
'
(հունարեն՝ Ιθάκη)

Երկիր Հունաստան Հունաստան
Կղզեխումբ Հոնիական կղզիներ
Մակերես 96 կմ2
Բնակչություն (2001) 3084 մարդ
Բնակչության խտությունը 32.125 մարդ/կմ2

Իթակե[1] (հունարեն՝ Ιθάκη), կղզի Հոնիական ծովում, Հոնիական կղզիներից մեկը: Կղզու մակերեսը 96 կմ² է: Կղզու վարչական կենտրոնը` Իթակեն, գտնվում է ծովի ափին` աշխարհում ամենամեծ բնական ծովախորշերից մեկի ափին:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտիկ Հունաստանի դարաշրջանում Իթակեն Ոդիսևսի բնօրրանն է ու թագավորությունը:

Իթակեն բնակեցվել է Ք. ա. III հազարամյակի վերջերին, սակայն հնագիտական տեսանկյունից առավել հետաքրքիր է խորամանկ ու խելամիտ Ոդիսևսի կառավարման շրջանը, որը, ըստ Հոմերոսի, Ք. ա. XII դարն է (ի դեպ, հոմերոսյան Իթակեի նույնացումը պատմական Իթակեի հետ վիճելի հարց է):

Ք. ա. IX դարում սկսում է կղզու ծաղկման շրջանը: Անտիկ, դասական, ապա նաև հելլենիստական դարաշրջաններում այստեղ կյանքը բուռն զարգացում է ապրել: Կառուցվել են ակրոպոլիսներ, զարգացել է բրուտագործությունը, վերելք է ապրել Հունաստանի և Արևելքի հետ շփումը: 1499 թվականին սկսվում է Վենետիկի հանրապետության շրջանը, սակայն կղզին գրավում են ծովահենները և ավերում այն: Հարյուրամյակներ շարունակ ծովահենները Իթակեն օգտագործել են պատսպարվելու համար, մինչև այստեղ հաստատվել են հարևան Կեֆալոնիա կղզու բնակիչները: Քանի որ Իթակեի հողը արգասաբեր չէր, բնակիչների զբաղմունքը մեծ մասամբ կապված է եղել ծովի հետ: Կղզին ունեցել է ծովային հարուստ ավանդույթներ: 1797 թվականին կղզին նախ գրավում են Նապոլեոնի զորքերը, իսկ մի քանի տարի անց` անգլիացիները: Իթակեն, ինչպես Հոնիական մյուս կղզիները, Հունաստանի հետ վերամիավորվել է 1864 թվականին:

2010 թվականին հնագետները հայտնաբերել են պալատ, որը նկարագրությամբ և հիմնադրման ժամանակաշրջանով նման է առասպելական Ոդիսևսի` Տրոյական պատերազմի հերոսի պալատին: Հույն հնագետ Թանասիս Պապադուպոլիսը այդ առիթով հայտարարել է. «Ըստ եղած շատ հիմնավոր տվյալների` մենք համոզված ենք, որ գտնվում ենք Ոդիսևսի և Պենելոպեի պալատի առաջ, որը հոմերոսյան շրջանի միակ պալատն էր, որ դեռ չէր հայտնաբերվել»[2]:

Իթակեում հայտնաբերվել են աստիճաններով եռահարկ ժայռափոր պալատի ավերակները: Հայտնաբերվել է նաև ջրհոր, որը կառուցված է եղել Ք. ա. XIII դարում` Տրոյական պատերազմի ենթադրյալ ժամանակահատվածում: Դրանից մի փոքր հեռու հայտնաբերվել են Ոդիսևսի պատկերով և հոմերոսյան մեջբերումներով սալիկներ:

Ձիթենի Իթակե կղզում, որը 1500 տարեկան է

Նշանավոր բնակիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ոդիսևս Անդրուցոս (հունարեն՝ Οδυσσεας Ανδρουτσος, 1788—1825) - հույն զորավար, Հունաստանի ազատագրական պատերազմի (1821-1829) հերոս:
  • Վասիլիս Կարավիաս (հունարեն՝ Βασιλης Καραβιας) - ռուսական բանակի մայոր (1806-1812):
  • Լորենձոս Մավիլիս (հունարեն՝ Λορεντζος Μαβιλης,1860-1912), բանաստեղծ, շախմատիստ, շախմատային խնդրագրքի հեղինակ:
  • Նիկոս Կարվունիս (հունարեն՝ Νίκος Καρβούνης 1880-1947), հույն բանաստեղծ, կոմունիստ:

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոդիսևսի պատկերով մետաղադրամ, Ք. ա. III դար
  • Լոիզի քարանձավ, որտեղ հայտնաբերվել են գրություններով խեցիներ, որոնք վկայում են տեղացիների կողմից հին հունական աստվածուհիների` Արտեմիսի, Հերայի, Աթենասի նկատմամբ ունեցած պաշտամունքի մասին:
  • Նիմփաների քարանձավ
  • Կատարոնի մենաստան
  • Արետուսայի և Պերահորայի աղբյուր: Այստեղ է գտնվում Հրեշտակապետների միջնադարյան տաճարը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — С. 137.
  2. Ա. Բոգդանովսկի. Հույն հնագետը պնդում է, որ Իթակեում հայտնաբերվել է Ոդիսևսի պալատը//РИА Новости. — 2010. — 24 авг.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]