Տելեմաքոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տելեմաքոսը և Նեստորը

Տելեմաքոս (հունարեն՝ Τηλέμαχος), Ոդիսևսի ու Պենելոպեի որդին հին հունական դիցաբանության մեջ։ Ոդիսևսի 20-ամյա թափառումների ժամանակ Տելեմաքոսին խնամել և դաստիարակել են մայրը և հոր մտերիմ ընկերը՝ Մենտորը։ Τηλέμαχος հունարեն բառացիորեն նշանակում է` կռվից հեռու, կամ էլ` հեռվից մարտնչող (հավանաբար` աղեղնավոր)։ «Ոդիսական»-ում նա արդեն 20-ամյա պատանի է, տան տերը, որին ենթարկվում է մայրը։ Չկարողանալով զսպել իր մոր ձեռքը խնդրող սանձարձակ փեսացուներին՝ Աթենաս դիցուհու խորհրդով Տելեմաքոսը ուղևորվում Է Պիլոս և Սպարտա (Նեստորի և Մենելաոսի մոտ)՝ հոր մասին տեղեկություններ իմանալու։ Աթենասը՝ Մենտորի կերպարանքով ուղեկցում է Տելեմաքոսին և ճանապարհին պաշտպանում նրան։ Աթենասի խորհրդով Տելեմաքոսը, մոր փեսացուների՝ իրեն սպանելու փորձից խուսափելու համար վերադառնում է շրջանցիկ ճանապարհով։ Ճանապարհին Տելեմաքոսը իր հետ վերցնում է գուշակ Թեոկլիմենոսին։ Հասնելով Իթակե, խոզարած Եվմեոսի հյուղակում հանդիպում և ճանաչում է ցնցոտիների մեջ ծպտված հորը և նրա օգնությամբ կոտորում փեսացուներին։ Տելեմաքոսի անունը հիշատակվում է նաև այն դրվագում, երբ Ոդիսևսը Տրոյա արշավելուց խուսափելու համար խելագար է ձևանում։ Պալամիդեսը, Ոդիսևսին բացահայտելու համար, դեռևս մանուկ Տելեմաքոսին դնում է այն ակոսի մեջ, որով պետք է անցներ Ոդիսևսի արորը։ Ոդիսևսը կանգ է առնում և խաբեությունը բացահայտվում է[1]։ Ըստ հետագա առասպելների, Ոդիսևսի մահից հետո Տելեմաքոսը ամուսնանում է կախարդուհի Կիրկեի հետ, որից ծնվում է Լատինոսը (լատինացիների անվադիր նախնին)։ Այլ առասպելի համաձայն՝ Տելեմաքոսի և Նեստորի դստեր՝ Պոլիկաստեի ամուսնությունից ծնվել է Պերսեպոլիս որդին։ Տելեմաքոսի մասին առասպելների հիման վրա XVII դարի ֆրանսիացի գրող Ֆենելոնը գրել է «Տելեմաքոսի արկածները» վեպը։ Այլաբանորեն Տելեմաքոս են անվանում պարտավորության կոչով հայրենի տուն վերադարձող մարդուն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 633

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Բոտվիննիկ, Կոգան, Ռաբինովիչ, Սելեցկի, Դիցաբանական բառարան, Երևան, «Լույս», 1985, էջ 232։