Աքայացիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Աքայացիներ, հին հունական ցեղեր։ Հիշատակվում են Հոմերոսի «Իլիական»-ում։ Բնակվել են Հունաստանի Թեսալիա երկրամասում, իսկ մ. թ. ա. II հազարամյակի սկզբին՝ նաև Պելոպոնես թերակղզում, Եգեյան ծովի կղզիներում։ Մ .թ. ա. 17-16-րդ դարերին աքայացիներն ստեղծել են պետություններ՝ Միկենք, Պիլոս և այլն։ Մ. թ. ա. 13-րդ դարի կեսին, տրոյական պատերազմից հետո, աքայացիներ թուլացել են։ Մ. թ. ա. 12-րդ դարում նրանց երկրամասերն են ներխուժել դորիացիներն ու հունական ուրիշ ցեղեր։ Աքայացիների մի մասը ստիպված հեռացել է Փոքր Ասիա, Կիպրոս և այլ կղզիներ։

Մ. թ. ա. 12-րդ դարի եգիպտական աղբյուրները հիշատակում են այսպես կոչված՝ «ծովի ժողովուրդներին», որոնց մեջ նաև աքայացիներին։ Պելոպոնեսում մնացած աքայացիներն ամփոփվել են թերակղզու հյուսիսում՝ Կորնթոսի ծոցի ափերին, ուր և հիմնել են Աքայան։ Մ. թ. ա. 8-րդ դարի այս մարզից գաղթած ցեղերը հարավ Իտալիայում հիմնել են խոշոր քաղաքներ՝ Սիբարիսը, Կրոտոնը։

Աքայացիները վերստին նշանավոր դեր են խաղացել մ. թ. ա. 280 թվականին, երբ Աքայա մարզի քաղաք-պետությունները միավորվել են Աքայական միության մեջ՝ համատեղ պայքարելով մակեդոնական և հռոմեական նվաճողների դեմ։ Հռոմը մ. թ. ա. 146 թվականին պարտության է մատնել Աքայական միությանը, իսկ Օգոստոս կայսեր օրոք (մ. թ. ա. 27-մ․ թ․ 14) ստեղծվել է հռոմեական նահանգ՝ Աքայա անունով, որն ընդգրկել է հռոմեացիների նվաճած Հունաստանի ամբողջ տարածքը, բացառյալ Թեսալիան, Ակարնանիան և Ետոլիան։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png