Հավերժական սառցույթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հավերժական սառույց

Հավերժական սառցույթ, երկրի կեղևի վերին մասի ապարների սառեցման երևույթները բնորոշող բազմիմաստ, անորոշ տերմին։ Գիտության մեջ մտել է 1927 թվականին։ Սառցագիտության հետագա զարգացման ընթացքում առաջադրվել են ավելի գործածական հոմանիշ նոր տերմիններ՝ բազմամյա սառցակալած ապարներ և բազմամյա կրիոլիտազոնա։ Առաջինը երկրակեղևի վերին շերտն է, որում բազմամյա տարիների կայուն բացասական կամ զրո աստիճանի շնորհիվ, շուրջ տարի և երկարատև (անընդհատ, երկու տարուց ոչ պակաս) պահպանվում է ստորգետնյա սառույցը։ Երկրորդը բազմամյա սառցակալած ապարներից և ստորգետնյա սառցե մարմիններից (լիթոսֆերայի սառած զոնա) բացի, ներառնում է նաև սառած ապարներն ու ստորերկրյա ջրերի խիստ հանքայնացված հորիզոնը։ Բազմամյա սառցակալած ապարների զոնան հարավային կիսագնդում տարածված է Անտարկտիդայի սառցե ծածկույթի տակ և մայրցամաքային ծանծաղուտային շրջաններում, որտեղ ջերմաստիճանը ցածր է ծովի ստորերկրյա տարեկան միջին ջերմաստիճանից, ինչպես նաև Հարավային Ամերիկայի, Աֆրիկայի և Ավստրալիայի սառցադաշտերի ու լեռների սեզոնային հալվող հողերի տակ։ Հյուսիսային կիսագնդում գրավում է մայր ցամաքների մերձբևեռային ընդարձակ գոտին, արևմուտքից արևելք լայնանում է և կլիման դարձնում ցամաքային։ Գրավում է Երկրագնդի ցամաքի ավելի քան 25% (ներառյալ սառցադաշտերի տակ եղած 11%-ը)։ Արևմտա-Սիբիրական հարթավայրում բազմամյա սառցակալած ապարների խորությունը անցնում է 100 մետրից, տարածման լայնությունը՝ 400 կիլոմետրից։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 268 CC-BY-SA-icon-80x15.png