Մու ի Ռանա
Բնակավայր | ||
---|---|---|
Մու ի Ռանա | ||
հարավսաամերեն Måahvie հսսամ.՝ Muoffi բուկմոլ՝ Mo i Rana նորվ.՝ Mo i Rana | ||
Երկիր | ![]() | |
Հիմնադրված է | 1997 թ. | |
Մակերես | 11,87 կմ², 11,89 կմ² | |
ԲԾՄ | 26±1 մետր | |
Բնակչություն | 18 899 մարդ (նոյեմբերի 4, 2019)[1] | |
Պաշտոնական կայք | rana.kommune.no/Modules/Default.aspx | |
| ||
Մու ի Ռանա (նորվ.՝ Mo i Rana), քաղաք Նորվեգիայի Նուրլան ֆյուլքեի Ռանա կոմունայում: Գտնվում է հյուսիսային բևեռային շրջանից հարավ` Հելգելանդի շրջանում: Քաղաքը կոչվում է Մու ի Ռանա (Ռանայի Մու), որպեսզի տարբերվի Մու անվանումով այլ տեղանուններից, մասնավորապես` Մուշյոեն քաղաքից, որը հաճախ պարզապես «Մու» են անվանում: 2009 թվականի հունվարի 1-ին քաղաքի բնակչությունը կազմել է 17.894 մարդ` դրանով դառնալով բնակչությամբ ամենամեծը Հելգելանդում[2]:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո մինչև 1990-ական թվականները քաղաքն ամբողջությամբ կախված է եղել ծանր արդյունաբերությունից, քանի որ այնտեղ տեղակայված է եղել մետալուրգիական գործարան: 1978 թվականին գործարանում աշխատել է քաղաքի 25.000 բնակչությունից 4.5 հազար մարդ: Ծանր մետալուրգիայի անկումից հետո քաղաքում սկսել են զարգանալ արդյունաբերության նոր ճյուղեր: Քաղաքը գտնվում է Նուրլանսբանեն (նորվ.՝ Nordlandsbanen) երկաթուղային գծի վրա և սպասարկվում է Ռյոսվոլում գտնվող Մու ի Ռանա օդանավակայանից:
Մու անվանումը (նորվ.՝ Mo) ծագում է հին ագարակի անունից, որը գտնվել է ժամանակակից քաղաքի հարևանությամբ: Ագարակի անվանումն առաջացել է հին նորվեգերեն Móar բառից, որը նշանակում է «ավազ» կամ «մարգագետին»: Ռանա անվանունը ևս հավանաբար հին նորվեգերենից է հասել և նշանակում է «արագ»` երևի մոտակա ֆյորդի արագահոս ջրերը մատնանշելով: Քաղաքը առևտրական հին կենտրոն է Հելգելանդում. այստեղ ագարակներ են եղել դեռևս երկաթի դարից:
Հանքարդյունաբերությունը, նավակների պատրաստումը, որսորդությունն ու ձկնորսությունը այս շրջանի բնակիչների հիմնական զբաղմունքն են եղել: 1730 թվականի ամռանը քաղաքում բացվել սաամական շուկա: 1810 թվականին դրա տեղում եկեղեցի է կառուցվել: 1860 թվականին առևտրական Լ. Մեյերը (նորվ.՝ L. Meyer), արտոնագիր ստանալով թագավորական իշխանությունից, բացում է առևտրական կենտրոն: Նա շվեդների հետ զբաղվում էր ալյուրի, ձկան, ծխախոտի, եղջերվամսի և մորթու առևտրով:
Կոմունան հարուստ է երկաթի հանքերով, հիդրոէլեկտրակայաններով: Մու ի Ռանայում գործունեություն ծավալած առաջին ընկերությունը Dunderland Iron Ore Company-ն է, որ գործել է 1902-1947 թվականները: Rana Gruber ընկերությունը հիմնադրվել է 1937 թվականին և գործում է մինչ օրս: 1946 թվականին Նորվեգիայի խորհրդարանը հաստատել է երկաթի մշակման գործարակ կառուցելու նախագիծը: A/S Norwegian Iron Work Company (նորվ.՝ A/S Norsk Jernverk) ընկերությունը կառուցվել է քաղաքի կենտրոնական մասի հարևանությամբ: Այն մետաղ է վերամշակում Նորվեգիայի և հարևան այլ երկրների համար: Սակայն 1988 թվականը գործարանը փակվել է: Քաղաքի արտադրական մասում գործում է 130 գործարան: Այդ տարածքը կոչվում է Մու արդյունաբերական պարկ (նորվ.՝ Mo Industripark): Գործարաններն արտադրում են երկաթ և մետաղ, զարգացած են մեքենաշինությունը, սպասարկման ոլորտը, կատարվում են գիտական հետազոտություններ: Այս ոլորտներում զբաղված են 2.000 մարդ:
Մու քաղաքը առանձնացվել է Մու կոմունայից 1923 թվականին: 1964 թվականին քաղաքը միացվել է Նուր Ռանա կոմունային, մասամբ Սյոր Ռանա և Նենսա կոմունաներին` ձևավորելով նոր կոմունա` Ռանա:
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մու ի Ռանան գտնվում է Ռանֆյորդի գետաբերանին` Սալտֆյելետ լեռան և Սվարտիսեն սառցադաշտի (մեծությամբ երկրորդն է Նորվեգիայում) հարավային կողմում: Ռանելվա գետը քաղաքում թափվում է Ռանֆյորդի մեջ: Ռանան և Սալտֆյելետը հայտնի են իրենց բազմաթիվ քարանձավներով, որոնցից եկուսը` Գրյոնլիգրոտան և Սետերգրոտան, բաց են այցելությունների համար: Մնացած քարանձավները վտանգավոր են. 2014 թվականին դժբախտ պատահարի հետևանքով Յուրդբրուգրոտա քարանձավում 110 մ խորությունում մահացել են երկու ֆինն դայվինգներ, ևս երեքը ստացել են վնասվածքներ[3][4][5][6]: Նման դժբախտ պատահար է տեղի ունեցել նաև 2006 թվականին, երբ Գերմանիայի և Շոտլանդիայի փրկարարներին երեք շաբաթ է պահանջվել մահացած սուզորդներին 90 մ խորությունից հանելու համար[7]:
Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
Մու ի Ռանայում կլիման փոփոխվում է տարեկան մի քանի անգամ: Նորվեգական հոսանքը, որը գոլֆստրիմի շարունակությունն է, հոսում է ամբողջ ափագծի երկայնքով դեպի հյուսիս: Հոսանքը մեծ ազդեցություն ունի կլիմայի ձևավորման վրա: Նրա շնորհիվ ձմռանը ջերմաստիճանն այնքան էլ ցածր չէ` չնայած այն հանգամանքին, որ քաղաքը գտնվում է ափից 70 կմ հեռավորությամբ: Ափից հեռու լինելու պատճառով ջերմաստիճանը ձմռանն այստեղ ավելի ցածր է, քան ափամերձ բնակավայրերինը: Եղանակը կարող է անկանխատեսելի լինել. այն փոփոխվում է շատ արագ: Փոթորիկները կարող են շարունակվել մի քանի ժամ, ինչի հետևանքով հաճախ հետաձգվում են ինքնաթիռների թռիչքները: Մու ի Ռանայում ամառային օրերը շատ երկար են, իսկ ձմեռային օրերը ընդհակառակը` շատ կարճ: Ձմռան ընթացքում կարելի է տեսնել հյուսիսափայլը, որը դրսևորվում է տարբեր ձևերով, չափերով ու գույներով` սպիտակականաչավունից մինչև վառ կարմիր:
Ամառը կարճ է. ամենատաք ամիսները հուլիսն ու օգոստոսն են: Հուլիսի միջին ջերմաստիճանը 13,2°С է[8]: Վերջին տարիներին տարածքի կլիման ավելի է տաքացել: Սովորաբար ամռան ընթացքում լինում են 2-3 տաք հատվածներ, երբ միջին ջերմաստիճանը կազմում է 20°С - 26°С: Տաք շրջանները կարող են տևել 2-ից 14 օր` 31°С առավելագույն ջերմաստիճանով: Հազվադեպ լինում է այնպես, որ ջերմաստիճանը նույնիսկ գիշերը չի իջնում 20°С-ից: Այդ երևույթը կոչվում է tropenatt: Ձմռանը արևը գտնվում է հորիզոնի ներքևում` երևալով օրվա մեջ մի քանի ժամ միայն: Լեռները խանգարում են արևի ճառագայթների թափանցմանը. հունվարին արևը ընդհանրապես չի երևում: Հոկտեմբերին տերևաթափ է լինում, իսկ նոյեմբերին ջրերն սկսում են սառչել: Ձմռանը բնորոշ են 2-3 ցուրտ շրջանները, որոնք սովորաբար տևում են 3-7 օր: Տեղումների միջին քանակը տարեկան 1400 մմ է[8]:
Մու ի Ռանա (1961-90)ի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Միջին բարձր °C (°F) | −2.7 (27.1) |
−1.8 (28.8) |
1.6 (34.9) |
5.3 (41.5) |
11.6 (52.9) |
15.9 (60.6) |
17.7 (63.9) |
16.4 (61.5) |
11.3 (52.3) |
6.1 (43) |
1.2 (34.2) |
−1.1 (30) |
6.79 (44.23) |
Միջին ցածր °C (°F) | −8.1 (17.4) |
−7.1 (19.2) |
−4.4 (24.1) |
−0.9 (30.4) |
3.5 (38.3) |
7.8 (46) |
10.3 (50.5) |
9.3 (48.7) |
5.7 (42.3) |
1.9 (35.4) |
−3.5 (25.7) |
−6.4 (20.5) |
0.68 (33.21) |
Տեղումներ մմ (դյույմ) | 146 (5.75) |
117 (4.61) |
112 (4.41) |
74 (2.91) |
64 (2.52) |
70 (2.76) |
97 (3.82) |
110 (4.33) |
155 (6.1) |
186 (7.32) |
136 (5.35) |
163 (6.42) |
1430 (56,3) |
աղբյուր: {{{աղբյուր 1}}} |
Արդյունաբերության ճյուղեր[խմբագրել | խմբագրել կոդը]
A/S Norwegian Iron Work գործարանը (նորվ.՝ A/S Norsk Jernverk), որ հիմնադրվել էր 1946 թվականին, երկրի համար մետաղ է մշակել մինչև 1988 թվականը, երբ բաժանվել է մի քանի մանր ընկերությունների: Երկաթե աղացը մեծ նշանակություն է ունեցել երկրի համար: 1955 թվականին քաղաքի բնակչությունը 2.000-ից դարձել է 20.000: Արդյունաբերական Մու պարկը խոշորագույններից է Եվրոպայում. այնտեղ աշխատում է մոտ 2.000 մարդ: Քաղաքում է գտնվում Նորվեգիայի ազգային գրադարանը (նորվ.՝ Nasjonalbiblioteket): HelgelandsKraft էներգետիկ ընկերությունը էլեկտրաէներգիա է մատակարարում ողջ Հելգելանդին: Մու ի Ռանայում է գտնվում Նորվեգայի հեռարձակող ընկերությունը (NRK), հրատարակվում է Rana Blad տեղական թերթը և գործում է Radio 3 Rana ռադիոընկերությունը:
Մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռանֆյորդում է գտնվում «Մարդը ծովից» (նորվ.՝ Havmann, անգլ.՝ The Man from the Sea) քանդակը, որը պատրաստված է արկտիկական գրանիտից: Այն 1995 թվականին կերտել է անգլիացի քանդակագործ Էնթոնի Հորմլին: Ամեն տարի քաղաքում կազմակերպվում է Havmanndagene փառատոնը: Նուրլանի թատրոնը ելույթ է ունենում ողջ շրջանում: Այն հիմնադրվել է 1979 թվականին և գտնվում է նոր եռահարկ շենքում: Քաղաքի կենտրոնում գործում է Ռանայի թատրոնը, որը Հելգելանդի թանգարանի մասնաճյուղն է: Ցուցահանդեսների մեծ մասը նվիրված է քաղաքի` 20-րդ դարի կյանքին: Կա ֆոտոցուցահանդես, որտեղ հաշվվում են 80 հազար լուսանկար և տեղի բանահյուսական արխիվը: Թանգարանում կա նաև 1930 թվականի քաղաքի մանրակերտը: Բնագիտության թանգարանը գտնվում է քաղաքի պատմական մասում և հայտնի է «Մուհոլմեն» անունով: Այնտեղ ներկայացված է շրջանի կենդանական աշխարհի ցուցահանդեսը: Նուրլան ֆյուլքեի գրադարանը գտնվում է Մու ի Ռամա քաղաքում: Քաղաքից 30 կմ հյուսիս գտնվում է Arctic Circle Raceway մրցարշավային ճանապարհը:
Քաղաքային եկեղեցի[խմբագրել | խմբագրել կոդը]
Եկեղեցին Մու ի Ռանայի հնագույն շինությունն է: Այն կառուցվել է 1724 թվականին փայտից, ունի 400 նստատեղ: Եկեղեցին կառուցվել է նորվեգացի քահանա, միսիոներ Թոմաս ֆոն Վեստենի նախաձեռնությամբ, ով աշխատել է սաամների միջավայրում: Իրենց հարազատների շիրիմները գտնելու հույսով ամբողջ աշխարհից շատ մարդիկ են այցելում քաղաքի գերեզմանատուն, ուր Երկրորդ աշխարհամարտին մեծ թվով մարդիկ են թաղվել:
Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Tettsteders befolkning og areal — Statistics Norway.
- ↑ Statistics Norway (2009)։ «Urban settlements. Population and area, by municipality. 16 June 2009»։
- ↑ Тела финских дайверов не будут поднимать – слишком опасно
- ↑ Финские аквалангисты дважды попали в беду в подводной пещере в Норвегии
- ↑ Два финских аквалангиста погибли в Норвегии
- ↑ Финские водолазы подняли тела своих товарищей, погибших в Норвегии
- ↑ Тела погибших аквалангистов находятся на глубине 130 м
- ↑ 8,0 8,1 met.no: Normaler for Rana