Ծանր արդյունաբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Hochofen.jpg

Ծանր արդյունաբերություն, գերազանցապես արտադրամիջոցներ արտադրող արդյունաբերության ճյուղերի խումբ։ Ընդգրկում է գրեթե ամբողջ հայթայթող արդյունաբերությունն ու վերամշակող արդյունաբերության մի մասը, էլեկտրաէներգետիկան, սև և գունավոր մետալուրգիան, մեքենաշինությունն ու մետաղամշակությունը, քիմիան և նավթաքիմիական, անտառային, փայտամշակման և թաղանթանյութի-թղթի, շինանյութի, վառելանյութի արդյունաբերությունը։

Ծանր արդյունաբերությունը ԽՍՀՄ-ում[խմբագրել]

1977 թվականին ծանր արդյունաբերությունը տվել է ԽՍՀՄ ամբողջ արդյունաբերական արտադրանքի մոտ 60%-ը։ Այն որոշիչ դեր է խաղացել երկրի արտադրողական ուժերի զարգացման, կոմունիզմի նյութատեխնիկական բազայի ստեղծման գործում։ Ծանր արդյունաբերությունը սոցիալիստական ընդլայնված վերարտադրության, ժողտնտեսության տեխնիկական վերազինման, պետության պաշտպանական հզորության, արտադրության արդյունավետության ու ժողովրդի բարեկեցության բարձրացման հիմքն է։ 1977 թվականին 1913 թվականի համեմատ, վառելանյութերի արդյունաբերության արտադրանքի ընդհանուր ծավալն աճել է 59,2, սև մետալուրգիայինը՝ 72,5, քիմիական և նավթաքիմիական արդյունաբերությանը՝ 889, մեքենաշինությանն ու մետաղամշակմանը՝ 1733 անգամ։ Բարձր տեմպերով են զարգացել սարքաշինությունը, գազի, ռադիոտեխնիկական և էլեկտրոնային արդյունաբերությունը և այլն։ ԽՍՀՄ ծանր արդյունաբերության արտադրանքի կարևորագույն տեսակների (նավթ, ածուխ, թուջ, պողպատ, երկաթի հանքաքար, կոքս, հանքային պարարտանյութ, ցեմենտ, հավաքովի երկաթբետոնե կոնստրուկցիաներ, ջերմաքարշ, տրակտոր, կոմբայն) արտադրությամբ առաջինն է եղել աշխարհում։

Ծանր արդյունաբերությունը ՀԽՍՀ-ում[խմբագրել]

Նախահեղափոխական Հայաստանում ծանր արդյունաբերություն գրեթե չի եղել, բացառությամբ պղնձի արտադրությունից, որը տնօրինում էին ֆրանսիական կապիտալիստները։ Խորհրդային իշխանության տարիներին ծանր արդյունաբերության զարգացման նախադրյալ հանդիսացավ առաջին հնգամյակների տարիներին մի շարք էլեկտրակայանների (Երևանի, Լենինականի, Ձորագետի, Քանաքեռի և այլն) կառուցումը։ Ապա շարք մտան հանրապետության ծանր արդյունաբերության առաջնեկները՝ Կիրովականի քիմիական կոմբինատը, Երևանի Ս. Կիրովի անվան սինթետիկ կաուչուկի, Ֆ. Ձերժինսկու անվան հաստոցաշինական գործարանները, Հայ էլեկտրագործարանը, Արարատի ցեմենտի-շիֆերի կոմբինատը, հիմնովին վերակառուցվեցին պղնձի արդյունաբերության Ղափանի ու Ալավերդու կոմբինատները։ Ետպատերազմյան տարիներին արագորեն զարգացան ծանր արդյունաբերության առաջատար ճյուղերը՝ մեքենաշինությունն ու մետաղամշակությունը, էլեկտրաէներգետիկան, շինանյութերի և քիմիական արդյունաբերութունը։

ՀՍՍՀ ծանր արդյունաբերության կառուցվածքում հատկապես բարձր տեմպերով են զարգացել մեքենաշինությունն ու նրա առաջատար ճյուղերը՝ էլեկտրատեխնիկական և ռադիոտեխնիկական արդյունաբերությունը, սարքաշինությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png