Jump to content

Բևեռափայլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Հյուսիսափայլից)
Բևեռափայլ, որն իգլուին կապույտ երանգ է տալիս։

Բևեռափայլ, երկրի մթնոլորտի վերին նոսր շերտերի՝ (80-1000 կմ) լուսարձակումը։ Այն դիտվում է Երկրի բևեռային շրջաններում, հազվադեպ՝ նաև միջին լայնություններում (Հայաստանում 1098-1100 թվականներին դիտվել է չորս բևեռափայլ)։ Երկնքի ամբողջ հյուսիսային կողմը լուսավորված է կարմիր ու կանաչ երկու հսկայական, վետվետուն կամարներով։ Անընդհատ ձևափոխվելով ու երփներանգվելով՝ կամարները մեկ անհետանում են, մեկ նորից հայտնվում։ Հանկարծակի մութ երկինքը ասես նետահարում են պայծառ ճառագայթները, իսկ ժամանակ առ ժամանակ օդում կախվում են կարմիր ծոպերով զմրուխտե «վարագույրներ»։ Պայծառ, հիասքանչ բևեռափայլը (հյուսիսում անվանում են հյուսիսափայլ) երկնքում փողփողում է մի քանի ժամ անընդհատ։

Բևեռափայլերը Արեգակի ակտիվության հետևանք են։ Արեգակի հսկայական շիկացած գունդը տիեզերական տարածություն է ճառագայթում վիթխարի քանակությամբ ջերմություն և արտանետում էլեկտրականությամբ լիցքավորված նյութի մանրագույն մասնիկների հոսքեր (արեգակնային քամի)։ Հասնելով երկրի մթնոլորտի վերին շերտերը, այդ մասնիկները բախվում են օդի ատոմներին ու մոլեկուլներին, և սրանք սկսում են փայլփլել տարբեր գույներով՝ դեղին, կանաչ, կապույտ, կարմիր, մանուշակագույն, նարնջագույն։ Այս գեղեցիկ տեսարանը երկնքում հայտնվում սովորաբար երկրի բևեռներում, որովհետև ամբողջ երկրագունդը մի վիթխարի մագնիս է և, ինչպես յուրաքանչյուր մագնիս, ունի երկու բևեռ։ Եվ երբ Արեգակի՝ էլեկտրականությամբ լիցքավորված մասնիկների հոսքերը մոտենում են մեր մոլորակին, Երկրի մագնիսական ուժերի ազդեցությամբ շեղվում են դեպի հյուսիսային և հարավային մագնիսական բևեռները, և հիմնականում հենց այդ շրջաններում էլ առաջանում են բևեռափայլերը։

Բևեռափայլերն ավելի ուժեղ են լինում և ավելի հաճախ են կրկնվում, երբ Արեգակի վրա մեծանում է արևաբծերի քանակը։ Հենց արևաբծերի տիրույթներից են տիեզերական տարածություն արտանետվում այն մասնիկների առանձնապես հզոր հոսքերը, որոնք երկրի վրա բևեռափայլեր են առաջացնում։ Բևեռափայլի աղեղները սովորաբար ձգվում են արևելքից արևմուտք և երբեմն անցնում 5000 կմ-ից։ Բևեռափայլերը հաճախ ուղեկցվում են երկրի մագնիսական դաշտի խանգարումներով՝ մագնիսական փոթորիկներով։ Այդ դեպքում խախտվում է հեռահար ռադիոկապը։

Բևեռափայլերի ճառագայթման սպեկտրի (լատիներեն՝ պատկերացում, պատկեր) միջոցով ուսումնասիրվում է մթնոլորտի վերին շերտերի բաղադրությունը։

Երկրից բացի միակ այլ մոլորակը, որտեղ նկատվել են բևեռափայլեր, Սատուրնն[1] է։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Ռասել, Ռենդի (2003 թ․ հունիսի 3). «Սատուրնի մագնիտոսֆերայի նկարագիրը». Պատուհաններ դեպի տիեզերք. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 19-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 414