Բևեռափայլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հյուսիսափայլի տեսարան Ալյասկայում

Բևեռափայլը երկրի մթնոլորտի վերին նոսր շերտերի՝ (80-1000 կմ) լուսարձակումն է։ Այն դիտվում է Երկրի բևեռային շրջաններում, հազվադեպ՝ նաև միջին լայնություններում (Հայաստանում 1098-1100 թվականնեին դիտվել է չորս բևեռափայլ)։ Երկնքի ամբողջ հյուսիսային կողմը լուսավորված է կարմիր ու կանաչ երկու հսկայական, վետվետուն կամարներով։ Անընդհատ ձևափոխվելով ու երփներանգվելով՝ կամարները մեկ անհետանում են, մեկ նորից հայտնվում։ Հանկարծակի մութ երկինքը ասես նետահարում են պայծառ ճառագայթները, իսկ ժամանակ առ ժամանակ օդում կախվում են կարմիր ծոպերով զմրուխտե «վարագույրներ»։ Պայծառ, հիասքանչ բևեռափայլը (հյուսիսում անվանում են հյուսիսափայլ) երկնքում փողփողում է մի քանի ժամ անընդհատ։

Բևեռափայլերը Արեգակի ակտիվության հետևանք են։ Արեգակի հսկայական շիկացած գունդը տիեզերական տարածություն է ճառագայթում վիթխարի քանակությամբ ջերմություն և արտանետում էլեկտրականությամբ լիցքավորված նյութի մանրագույն մասնիկների հոսքեր (արեգակնային քամի)։ Հասնելով երկրի մթնոլորտի վերին շերտերը, այդ մասնիկները բախվում են օդի ատոմներին ու մոլեկուլներին, և սրանք սկսում են փայփլել տարբեր գույներով՝ դեղին, կանաչ, կապույտ, կարմիր, մանուշակագույն, նարնջագույն։ Իսկ ինչու է այս գեղեցիկ տեսարանը երկնքում հայտնվում սովորաբար երկրի բևեռներում։ Բանն այն է, որ ամբողջ երկրագունդը մի վիթխարի մագնիս է և, ինչպես յուրաքանչյուր մագնիս, ունի երկու բևեռ։ Եվ երբ Արեգակի՝ էլեկտրականությամբ լիցքավորված մասնիկների հոսքերը մոտենում են մեր մոլորակին, Երկրի մագնիսական ուժերի ազդեցությամբ շեղվում են դեպի հյուսիսայյին և հարավային մագնիսական բևեռները,և հիմնականում հենց այդ շրջաններում էլ առաջանում են բևեռափայլերը։

Գիտնականները նկատել են, որ բևեռափայլերն ավելի ուժեղ են լինում և ավելի հաճախ են կրկնվում, երբ Արեգակի վրա մեծանում է արևաբծերի քանակը։ Հենց արևաբծերի տիրույթներից են տիեզերական տարածություն արտանետվում այն մասնիկների առանձնապես հզոր հոսքերը, որոնք երկրի վրա բևեռափայլեր են առաջացնում։ Բևեռափայլի աղեղները սովորաբար ձգվում են արևելքից արևմուտք և երբեմն անցնում 5000 կմ-ից։ Բևեռափայլերը հաճախ ուղեկցվում են երկրի մագնիսական դաշտի խանգարումներով՝ մագնիսական փոթորիկներով։ Այդ դեպքում խախտվում է հեռահար ռադիոկապը։

Բևեռափայլերի ճառագայթման սպեկտրի (լատիներեն՝պատկերացում, պատկեր) միջոցով ուսումնասիրվում է մթնոլորտի վերին շերտերի բաղադրությունը։

Երկրից բացի միակ այլ մոլորակը, որտեղ նկատվել են բևեռափայլեր, Սատուրնն[1] է։

Տես նաև[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Ռասել, Ռենդի (3 հունիս 2003)։ «Սատուրնի մագնիտոսֆերայի նկարագիրը»։ Պատուհաններ դեպի տիեզերք։ Արխիվացված օրիգինալից 2011-10-05-ին։ http://www.webcitation.org/62DnYSLUB։ Վերցված է 2011-07-19։