Գրենլանդիա (կղզի)
![]() | ||
Երկիր | Դանիա | |
Մակերես | 2130800 կմ2 | |
Ամենաբարձր կետը | 3700 մ մ | |
Գրենլանդիա, կղզի Հյուսիսային Ամերիկայի հյուսիս-արևելքում: Ողողվում է Ատլանտյան և Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսների ջրերով: Կղզու մակերեսը կազմում է 2 130 800 քառ. կմ, այն աշխարհի ամենամեծ կղզին է[1]: Պատկանում է Դանիային և մտնում նրա ինքնավար մարզի` Գրենլանդիայի կազմի մեջ:
Կղզու ամենամեծ բնակավայրը Նուուկն է, որի բնակչության թիվը հասնում է 16 583-ի (2013):
Կղզու հյուսիսիային ծայրակետը` Մորիս Ջեսուպ հրվանդանը, մինչև 1900 թվականը` Կաֆեկլուբեն կղզու օգտագործումը, համարվել է հյուսիսային բևեռին ամենամոտ գտնվող ցամաքը:
Բովանդակություն
Երկրաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրենլանդիան գրեթե ամբողջությամբ գտնվում է Կանադական վահանի հյուսիսարևելյան հատվածում, իսկ արևելքում և հյուսիսում տարածված են Կալեդոնյան ծալքավորության հատվածներ: Ապարները, որոնք վահան են կազմել, ներկայացված են գնեյսներով, քվարցիտներով, մարմարներով, արխեյան և պրոտերոզոյան դարաշրջանների գրանիտներով` ունեն միջին պրոտերոզոյան դարաշրջանի հրաբխա-նստվածքային հաստաշերտերի հասակ: Կալեդոնյան ծալքավորության արևելյան հատվածը վահանից անջատված է խորը կտրվածքով: Կալեդոնյան գեոսինկլինալի տիրույթը ստեղծվել է ուշ պրետերոզոյի բեկորային և կարբոնատե հաստաշերտերի ու ստորին պալեոզոյի կարբոնատե ապարների միջոցով, որոնք ծալքավորվել են սիլուրի ժամանակ: Դևոնի ժամանակաշրջանում` միջսարային իջվածքներում, տեղի են ունեցել մայրցամաքային ապարների կուտակումներ: Պալեոզոյի ավարտից հետո այստեղ պլատֆորմ է զարգանում: Մեզոզոյան դարաշրջանում այստեղ նստվածք են առաջացրել կավե ավազային ապարները: Կայնոզոյան դարաշրջանում Գրենլանդիան բարձրացել է և նրա որոշ հատվածներ առանձնացել են, որոնց պատճառով առաջացել է բազալտի հսկայական պաշար:
Օգտակար հանածոները վերագրվում են արխեյան և վաղ պրետորոզոյան հասակի ապարների տարիքին (կրիոլիթը Գրենլանդիայի հարավում, իսկ գրաֆիտն ու մարմարը` Գրենլանդիայի արևմուտքում), գորշ ածխի հանքավայրերը վերագրվում են մեզոզոյան դարաշրջանին: Կալեդոնյան ծալքավորության արևելյան հատվածից հայտնաբերվել են կապարի ու ցինկի հանքավայրեր, և ուրանի հանքանյութ: Հայտնաբերվել են նաև նավթի և գազի պաշարներ:
Սառցապատումը և ռելիեֆը[խմբագրել | խմբագրել կոդը]
Անթրոպոգենի ժամանակաշրջանում սկսվել է սառցապատումը, որը սառույցով է ծածկել Գրենլանդիայի մեծ մասը, սառցադաշտերով է ծածկված 1834.000 քառ. կմ տարածք (այդ թվում 1726.000 քառ. կմ-ը սառցե վահանով, որը զբաղեցնում է ամբողջ ներքին հատվածը և մի քանի առափնյա շրջաններ, այսինքն` կղզու տարածքի 81%-ը): Սառցե վահանի մակերևույթը աստիճանաբար ափերից բարձրանում է դեպի կղզու ներսը: Վահանի համեմատաբար բարձր հատվածը ունի թեք կամարի տեսք, որը ձգվում է հյուսիսից հարավ և ընկած է հյուսիսային լայնության 66°—67° 30' միջև գտնվող 2 հսկայական երկնակամարների միջև: Հյուսիսային երկնակամարը ունի է 3300 մ բարձրություն (հյուսիսային լայնության 71° և արևմտյան երկայնության 39°), հարավայինը` 2730 մ (հյուսիսային լայնության 64° և արևմտյան երկայնության 44°): Սառցադաշտի խորքային հատվածն ունի գոգավոր տեսք: Նրա մակերևույթի արևմտյան հատվածները գտնվում են 600 մ բարձրության վրա, արևելյան հատվածը և հարավային կամարի շրջակայքը` 1000 մ բաձրության վրա, իսկ կղզու կենտրոնը` 0- 100 մ (կան վայրեր, որոնք ցածր են օվկիանոսի մակարդակից): Սառցադաշտի միջին հաստությունը 2300 մ է, առավելագույնը` 3400 մ: Սառույցի ծավալը` 2,6 մլն կմ³: Մակերևույթը ծածկված է ձյան շերտով, որը քամիների փոխազդեցությամբ անհամաչափ շարժվում է: 1800 մ-ից ցածր գտնվող մակարդակներում այն բաժանված է ջրային վտակների, որոնք առաջանում են ամռանը` սառույցի և ձյան հալման հետևանքով, իսկ ծայրամասերը (100- 1500 մ բարձրության վրա) ունեն 30-40 մ խորության ճաքեր: Սառցադաշտի ֆիռնածածկ (խոշորահատիկ ձյուն) հատվածը գտնվում է 1200-1500 մ բարձրությունների վրա: Տարվա կտրվածքով սառույցի վերին շերտերը 150 մ-ով սառցադաշտի կենտրոնից տեղափոխվում են դեպի նրա արևմտյան և արևելյան հատվածներ: Եզրային հատվածներում արագությունը մեծանում է, առանձին տեղամասերում շարժման մեջ է մտնում սառույցի ամբողջ շերտը և ստեղծվում է ձևավոր սառույցի տեսակներ` նեղ, երկարավուն, որոնք հասնում են մինչև օվկիանոս: Ձևավոր սառցադաշտերը օրական շարժվում են 20-40 մ արագությամբ` հիմք հանդիասանալով սառցասարերի ստեղծմանը (ծովի մակարդակից 100-135 մ բարձրության վրա), որոնք շարժվում են դեպի Ատլանտյան օվկիանոսի հյուսիսային հատվածը և նավագնացության համար շատ մեծ վտանգ են հանդիսանում: Վահանի հյուսիսային լանջին սառույցը դժվար է շարժվում:
Հարավային ափը ողողվում է Արևելա-Գրենլանդական սառը հոսանքով և գրեթե ամբողջ տարվա ընթացքում փակված է լողացող սառույցներով, որոնք Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի կենտրոնական հատվածից են: Ծովից ավելի մատչելի է հարավարևմտյան ափը, որը ողողվում է Արևմտա-Գրենլանդական տաք ջրերով: Կղզու հյուսիսային ափը փակված է սառույցով ամբողջ տարվա ընթացքում: Ափերը կտրարտված են երկար և խորը ծովախորշերով, որոնք հասնում են մինչև սառցե վահանի ծայրերը: Առափնյա գոտու ընդհանուր երկարությունը կազմում է 39 000 կմ:
Ցամաքի սառույցով չծածկված հատվածները անընդհատելի շերտերով ձգվում են կզու ափերի երկարությամբ` տեղ-տեղ հասնելով 200-250 կմ լայնության: Դրանք առավել զգալի տարածքներ զբաղեցնում են կղզու հարավարևմտյան և հյուսիսային հատվածներում և իրենցից ներկայացնում են 400-600 մ բարձրություն ունեցող բարձրավանդակներ, որոնց հերթագայում են մինչև 1700-2000 մ բարձրություն ունեցող լեռնազանգվածները: Արևելյան ափը կազմում է սառցադաշտերով ծածկված լեռնաշղթաներ, որոնցից մեկում` Ուիտքինսի լեռնաշղթայում, գտնվում է Գրենլանդիայի և ամբողջ Արկտիկայի ամենաբարձր գագաթը` Հուննբորնը (3700 մ): Արևմուտքում մակերևույթ է դուրս գալիս հին բյուրեղային վահանը` ձևավորելով լայն, սակայն ընդհատված լեռնազանգվածների կույտ և բարձրահարթակներ Բաֆֆինի ծովի ափին: Գրենլանդիայի հյուսիսային ափը` Պիրի Երկիրը, նույնպես ազատ է սառույցից, հաշվի առնելով օդի խոնավության ցածր մակարդակը, որը չի կարող լրացնել սպառված սառույցի քանակը, և նաև սառցե վահանի հյուսիսային ծայրի դժվարաշարժությունը:
Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրենլանդիայի առափնյա շրջանների կլիման փոփոխական է: Այն համեմատաբար մեղմ է հարավարևմտյան ափին: Կակարտոկում հուլիսյան միջին ջերմաստիճանը +9,6°С է, Նուուկում` +8,3 °С, իսկ հունվարին համապատասխանաբար −7,8 °С և −10,7 °С: Ամռանը ջերմաստիճանը երբեմն բարձր է լինում +21 °С-ից, սակայն հաճախ ամռանը միջին ջերմաստիճանը չի փոփոխվում 0°С-ից: Ամենացածր ջերմաստիճանը կղզու արևելյան ափին է: Տուլեում հունվարյան միջին ջերմաստիճանը −27 °С է: Այստեղ սառցադաշտի մակերևույթից 70 կմ/ժ արագությամբ հաճախ փչում են սառցադաշտային քամիներ: Ձմռանը Դիսկո կղզու արևմտյան հատվածների ծովախորշերը և ֆյորդերը սառչում են: Գրենլանդիայի հարավարևմտյան ափին տեղումները բավականին շատ են: Կակարտոկում տարվա ընթացքում տեղումների քանակը հասնում է 1080 մմ-ի, Նուուկում` 660 մմ-ի, իսկ ծայր հյուսիսում` ընդամենը 100-200 մմ: Ամռանը ափերին հաճախ մառախուղներ են լինում[2]: Սառցե վահանի հատվածում սառույցի սպառման քանակը, որն առաջացնում է ամառային հալոցքներ և սառցասարերի մասնատում, չի համակշռվում Գրենլանդիայի ներսում կուտակված սառույցի քանակի հետ, և սառցադաշտը բավականին փոքրանում է` 2000-ից 2008 թվականների ընթացքում սառցադաշտը փոքրացել է 1500 X 109 տոննայով[3], ինչը համարժեք է Համաշխարհային օվկիանոսի մակարդակի տարեկան բարձրացմանը` 0,46 մմ[4]: Գրենլանդիայի սառցե վահանի ջրային պաշարները (2,5×106 км³) բավարար է, որպեսզի Համաշխարհային օվկիանոսի մակարդակը բարձրանա 7 մ-ով[5]: Վերջին 23 000 տարիների ընթացքում Գրենլանդիայի սառցադաշտերի հալվելու պատճառով Համաշխարհային օվկիանոսի մակարդակը բարձրացել է 4,6 մետրով[6]:
Բուսականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրենլանդիայի բուսականությունն աճում է սառույցից ազատ վայրերում: Ծայր հարավում հանդիպում են կեչիների անտառներ, արոսենու, լաստենու, ուռենու և գիհենու թփուտներ, ինչպես նաև բոշխի, հավամրգի, հացազգիների և տարազգի բույսերի մարգագետիններ: Ափերին` մինչև հյուսիսային լայնության 80°-ը տարածված է տունդրա, հարավում` մացառուտ (գաճաճ կեչիներ, կապույտ Հապալասի, ակնաթուփ և այլն), հյուսիսում` մամռաքարաքոսեր, հյուսիսային ափին` արկտիկական անապատների նոսրացած բուսականություն:
Կենդանական աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ափերին բնակվում են հյուսիսային եղջերուն, խոյացուլը (հյուսիսում), սպիտակ արջը (պատկերված է զինանշանի վրա), բևեռաղվեսը, Ալյասկայի գայլը, լեմինգը, ափամերձ ջրերում` գրենլանդական կետը, գրենլանդական փոկը, ծովափիղը և այլն (ընդամենը 30 տեսակի կաթնասուններ): Թռչուններից առավել տարածված են այդերուկները, որորները և սպիտակ չիլ կաքավները: Ձկնորսական նշանակության ձկներից են Ատլանտյան ձողաձուկը, վահանաձուկը, սաղմոնը և շնաձուկը: Որսում են նաև ծովախեցգետին: Միջատների դասից հայտնաբերվել է մոտ 700 տեսակ` 13 կարգով, նրանցից ավելի քան 300-ը երկթևանի են, 90-ը` թաղանթաթևավորներ (ներառյալ Bombus hyperboreus և Bombus polaris կրետների 2 տեսակները), 60-ը` բզեզներ (ներառյալ Atheta groenlandica կղզու էնդեմիկը), 50-ը` թիթեռներ: Սարդակերպերը մոտ 100 տեսակի են, քաղցրահամ ջրերում ապրող խեցգետնակերպերը ունեն 60 տեսակ, քոլեմբոլաները` 40[7] և կան Nysius groenlandicus տեսակի մլակները[7]: Միջատների ֆաունայի բրածոները ներկայացվում են բզեզների և այլ միջատների մի քանի տասնյակ տեսակներով[8][9], որոնց թվում է նաև ժամանակակից արկտիկական Amara alpina բզեզը[10]: 2015 թվականի գրքում (Vilhelmsen, 2015) նշվում է նաև Monomorium pharaonis մրջյունի մասին[11]: Կղզու միջատների մասին առաջին տեղեկությունները հայտնվել են 1780 թվականին «Fauna Groenlandica» գրքում: Գրքի հեղինակ Otto Fabricius-ը (1744-1822, հայտնի միջատաբան Յոհան Ֆաբրիցեյի ոչ մոտ ազգականը) նկարագրել է կենդանիների 470 տեսակ, այդ թվում նաև 62 տեսակ միջատներ և 19 տեսակ սարդակերպեր[12]:
Գրենլանդիայում հայտնաբերվել է 290 տեսակի տիզ, որոնք պատկանում են Parasitiformes (63 տեսակ Mesostigmata, Ixodida-ի 1 տեսակ) և Acariformes կարգերին (Prostigmata 94, Endeostigmata 5, Oribatida 110, Astigmata 17):
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Joshua Calder’s World Island Info
- ↑ http://krugosvet.ru/enc/Earth_sciences/geografiya/GRENLANDIYA.html%7Cзаглавие=ГРЕНЛАНДИЯ}}
- ↑ Скорость таяния льдов Гренландии превзошла все прогнозы
- ↑ Partitioning Recent Greenland Mass Loss
- ↑ Элементы — новости науки: Гренландия всё быстрее теряет свой лед
- ↑ Уровень Мирового океана повысился на пять метров из-за таяния ледников Гренландии
- ↑ 7,0 7,1 «The Biodiversity of Greenland — a country study». // Dorte Bugge Jensen & Kim Diget Christensen (Eds.) — Technical Report No. 55, December 2003. Pinngortitaleriffik, Grønlands Naturinstitut.2003. — pp.1-165 (210). ISBN 87-91214-01-7 ISSN:1397-3657
- ↑ Bennike, O., Björck, S., Böcher, J. & Walker, I. R. (2000). The Quaternary arthropod fauna of Greenland: a review with new data. // Bulletin of the Geological Society of Denmark, Vol. 47, pp. 111—134. Copenhagen.
- ↑ Bocher J. The Coleoptera of Greenland. Meddelelser om Gronland / J. Bocher // Bioscience. 1988. — Vol.26 . — P. 1—100.
- ↑ Böcher Jens. (1989). First record of an interstadial insect from Greenland: Amara alpina (Paykull, 1790) (Coleoptera: Carabidae). — Boreas. Volume 18, Issue 1, pages 1-4, March 1989
- ↑ Vilhelmsen, L. 2015. Hymenoptera (wasps). Formicidae. Page 253 in Böcher, J., N. P. Kristensen, T. Pape and L. Vilhelmsen. The Greenland entomofauna: an identification manual of insects, spiders and their allies. Brill, Leiden, Boston. 882 pp.
- ↑ Böcher, J. 2015. The inventory of the Greenland entomofauna. Page 37—45 in Böcher, J., N. P. Kristensen, T. Pape and L. Vilhelmsen. The Greenland entomofauna: an identification manual of insects, spiders and their allies. Brill, Leiden, Boston. 882 pp.