Պարեգոտավորներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ապենդիկուլարիա
Սալպեր
Ասցիդիա
Ասցիդիայի լայնական կտրվածքը

Պարեգոտավորներ կամ թրթուրաքորդավորներ (լատին․՝ urochordata tunicata), քորդավոր կենդանիների ենթատիպ, որոնք, ի տարբերություն մյուսների, քորդա ունեն միայն թրթուրային շրջանում։ Խոշոր տեսակները նստակյաց են, հետաքրքիր են էվոլուցիոն տեսակետից։ Բաժանվում են երեք դասերի՝

  • Ապենդիկուլարիաներ Appendiculariae
  • Սալպեր Salpae
  • Ասցիդիաներ Ascidia

Ապենդիկուլարիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարեգոտավորների մեջ ամենապարզունակ կենդանիներն են։ Հայտնի է 60 տեսակ։ Տարածված են ծովերի և օվկիանոսների ջրի մակերեսային շերտերում։ Որոշ տեղերում 1մ խորանարդ ջրում հանդիպում է 50 առանձնյակ։ Սրանք մանր, մի քանի մմ-ից մինչև 1-2սմ երկարությամբ պլանկտոնային, կիսաթափանցիկ կենդանիներ են։ Արտաքինից նման են ասցիդիաների թրթուրներին։ Զրկվել են հասուն փուլից, ձեռք են բերել թրթուրային փուլում բազմանալու ունակություն (նեոտենիա)։ Բազմանում են սեռական ճանապարհով։ Երբ նստում են հատակին, սկսում են առատ լորձ արտադրել և պատրաստում են տնակ (օրը մի քանի անգամ)։

Սալպեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Նույնպես փոքր, թափանցիկ, տակառաձև կենդանիներ են։ Հայտնի է 25 տեսակ, որոնք բնակվում են տաք ծովերի ջրի վերին շերտի 200-300մ (երբեմն 2-3կմ) խորություններում։ Մկաններն օղակաձև են, շարժվում են հրթիռային ձևով։ ՀերմաՖրոդիտ են, բազմանում են սեռական և անսեռ ճանապարհով։

Դասն ընդգրկում է երկու կարգ՝

  • Իսկական սալպեր, ընդգրկում է միայնակ և գաղութային տեսակներ
  • Տակառիկաձևեր, որոնց գաղութները պոլիմորՖ են, բաղկացած են տարբեր ձևի առանձնյակներից։

Ասցիդիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասուն վիճակում նստակյաց են, չափերը մի քանի սմ-ից մինչև 50 սմ։ Հիմնականում նարնջագույն են, նման են երկբերան շշի։ Վերին անցքը կոչվում է բերան, իսկ մյուսը՝ կոյանոց։ Բերանին հաջորդում է կլանը, որը լայն է, ունի էնդոստիլ։ Կլանի վրա կան բազմաթիվ անցքեր՝ ստիգմաներ։ Այդ անցքերով սնունդը գնում է բերան, իսկ վերին մասով շարժվում է դեպի ստամոքս։ Աղիքը բացվում է կոյանոցային սիֆոնով։

Արյունատար համակարգը բաց է, ունեն սիրտ, որը գտնվում է սրտապարկում։ Նյարդային համակարգը ներկայացված է մեկ հանգույցով, որը գտնվում է սիֆոնների միջև։ Բազմանում են և՛ սեռական ճանապարհով, և՛ բողբոջմամբ։ Թրթուրները շարժուն են, երկարաձգված, ունեն պոչ։ Քորդան ձգվում է նաև գլխային հատվածով։ Զարգանում է նյարդային համակարգը։ Երբ թրթուրը փոքր է լինում, հիմնադրվում է փոքրիկ նյարդային մեդուլյար թիթեղիկը, որը կամաց-կամաց երկարում է և ծալվում՝ առաջացնելով նևրոպոր։ Առջևի մասում ձևավորվում է աչիկը՝ ստատոցիստը։ Թրթուրի կյանքը մի քանի ժամ է։ Առջևի մասով ամրանում է, կարճանում, իսկ բերանը և հետանցքը տեղափոխվում են վեր և ծածկվում թաղանթով՝ պարեգոտով և այդպես էլ մնում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ս.Պ. Նաումով, «Ողնաշարավորների կենդանաբանություն» I և II մաս, Երևան, 1956։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 227