Օվկիանիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օվկիանիան կիսագնդային քարտեզում

Օվկիանիա[1], աշխարհագրական, աշխարհաքաղաքական տարածաշրջան, որը կազմված է Խաղաղ օվկիանոսի արևմտյան և կենտրոնական հատվածներում գտնվող հարյուրավոր կղզիներից և ատոլներից։

Օվկիանիա եզրն ունի 2 իմաստ։ Ֆիզիկաաշխարհագրական տեսանկյունից այն Խաղաղ օվկիանոսի մաս է՝ բազմահազար կղզիների ամբողջությունը։ Օվկիանիայի տարածաշրջանի կազմում են Ավստրալիա մայրցամաքը՝ հարակից Թասմանիա և այլ փոքր կղզիներով։ Օվկիանիայի փոքր կղզիների տաք և խոնավ կլիման բարենպաստ է արևադարձային ջերմասեր բույսերի մշակման համար։

Խաղաղ օվկիանոսում, Ավստրալիա մայրցամաքից հյուսիս և արևելք, ցրված են բազմաթիվ կղզիներ ու կղզիախմբեր, որոնց ընդհանուր անվանումը Օվկիանիա է. կղզիների թիվը 10 000 է, ընդհանուր տարածքը՝ 1300 հզ քառ կմ, որի 80%-ը զբաղեցնում են Նոր Գվինեա և Նոր Զելանդիա կղզիները։ Տարածաշրջանը ներառում է Պապուա Նոր Գվինեան, Նոր Զելանդիան և 23 կղզային ու կղզախմբային ինքնիշխան պետություններ, այլ երկրների պատկանող տարածքներ։

Օվկիանիայի կղզիներն ունեն մայրցամաքային (Նոր Գվինեա, Նոր Զելանդիա), հրաբխային (Հավայան, Սամոա, Մարկիզյան) և բուստային (Մարշալյան, Կարոլինյան, Գիլբերտի, Նաուրու) ծագում։ Այս կղզիները բաժանվում են 3 խոշոր կղզիախմբերի՝ Մելանեզիա, Միկրոնեզիա և Պոլինեզիա։

Մելանեզիան (հունարեն՝ սև կղզիներ) ընդգրկում է Ավստրալիային հարող խոշոր կղզիները՝ Նոր Գվինեա, Բիսմարկի, Սողոմոնյան, Նոր Հեբրիդյան, Նոր Կալեդոնիա, Ֆիջի և այլ կղզիներ։

Միկրոնեզիան (հունարեն՝ փոքր կղզիներ) ներառում է Մարիանյան, Մարշալյան, Կարոլինյան, Նաուրու և այլ կղզիներ։

Պոլինեզիան (հունարեն՝ բազմաթիվ կղզիներ) ընդգրկում է Խաղաղ օվկիանոսի կենտրոնական և հարավային շրջանների Հավայան, Տոնգա, Տուամոթու, Տուվալու, Կուկի, Զատկի և այլ կղզիներ։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]