Կոնվեկցիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կոնվեկցիա (այլ կիրառումներ)
Կոնվեկցիայի մեխանիզմը

Կոնվեկցիա (լատ. convectio — բերել-հասցնելը, մատուցելը), ջերմության փոխանցում հեղուկներում, գազերում կամ սորուն միջավայրերում՝ նյութի տեղաշարժի հետևանքով։ Տաք, նոսր օդը բարձրանում է, սառը, խիտ օդը իջնում (արքիմեդյան ուժի ազդեցության տակ)՝ մի քանի մ/վ-գ մինչև 20-30 մ/վ արագությամբ։ Կոնվեկցիան հզոր կարկտաբեր՝ կույտաանձրևային ամպերի առաջացման նախապայմանն է։ Վերընթաց հոսանքների ժամանակ բարձրացող օդն ընդարձակվում է և յուրաքանչյուր 100 մ բարձրանալիս սառչում է 1 °C-ով (չոր ադիաբատ գրադիենտ)։ Գոլորշիների խտացումն սկսվելուց հետո, թաքնված ջերմության անջատման շնորհիվ, յուրաքանչյուր 100մ-ի վրա օդը տաքանում է աստիճանի մի քանի տասնորդական մասով (խոնավ ադիաբատ գրադիենտ)։ Տարբերում են բնական (կամ ազատ) և ստիպողական կոնվեկցիա։ Բնական կոնվեկցիայի ժամանակ նյութի տեղաշարժը կատարվում է միայն միջավայրի տարբեր մասերում ջերմաստիճանների (հետևաբար և խտությունների) տարբերության հետևանքով։ Ստիպողական կոնվեկցիան հիմնականում պայմանավորված է արտաքին գրգռիչի (պոմպ, խառնիչ և այլն) ազդեցությամբ։ Կոնվեկցիայի շնորհիվ տեղի է ունենում հեղուկների և գազերի տաքացում, ինչպես բնական պայմաններում (մթնոլորտում, օվկիանոսում), այնպես էլ զանազան տեխնիկական սարքավորումներում։ Ազատ Կոնվեկցիան բնորոշ է Սևանի ավազանին, որտեղ տարվա տաք եղանակին լեռնալանջերի և լճի մակերևույթի տարբեր տաքացվածության պայմաններում ձևավորվում են տաք, խոնավ օդի վերընթաց հոսանքներ՝ նպաստելով կույտւսանձրևային ամպերի առաջացմանը, և հաճախ ուղեկցվում հորդառատ անձրևներով։ Ազատ Կոնվեկցիան հատուկ է նաև Արարատյան դաշտին, ապրիլ-սեպտեմբերին (ցերեկային ժամերին) մակերևույթի սաստիկ տաքացման հետևանքով դիտվում են վերընթաց հոսանքներ, որոնք առաջացնում են կարկտաբեր ամպեր, դրանով են պայմանավորված Արարատյան դաշտում հաճախ դիտվող կարկտային տեղումները։ ՀՀ տարածքում ստիպողական Կ. հիմնականում դիտվում է Գեղամա, Վարդենիսի, Զանգեզուրի լեռնային շրջաններում՝ հարավից ու հարավարևմուտքից աշնանն ու գարնանը ներթափանցող մթնոլորտային ճակատների դեպքում։ Լեռնային ռելիեֆի պայմաններում Կոնվեկցիան ընթանում է 2 փուլով՝ լեռնալանջերի շրջահոսման ժամանակ տեղի է ունենում օդի ստիպողական բարձրացում, ապա, հասնելով ջրային գոլորշու խտացման մակարդակին, ջերմության անջատման հետևանքով զարգանում է նաև ազատ Կոնվեկցիա։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 579
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։