Յան Մայեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յան Մայեն
Տեսակկղզի, կոմսություն, ներքին անդրծովյան տարածք և առաջին մակարդակի վարչական միավոր
Երկիր Նորվեգիա
Երկարություն54 կմ
Լայնություն15 կմ
Ամենաբարձր կետԲերենբերգ
ԲԾՄ2277 մետր
Շրջանագծի երկարություն124 100 մետր
Մակերես377 կմ²
Ջրլիցի ափինՀյուսիսային Սառուցյալ օվկիանոս, Գրենլանդական ծով և Նորվեգական ծով
Անվանված էJan Jacobszoon May van Schellinkhout?
Քարտեզ
Քարտեզ

Յան Մայեն (նորվ.՝ Jan Mayen), կղզի Գրենլանդական և Նորվեգական ծովերի միջև, Իսլանդիայից մոտ 600 կմ հյուսիս, Գրենլանդիայից մոտ 500 կմ արևելք և մայրցամաքային Նորվեգիայից 1000 կմ արևմուտք։ Հանդիսանում է Նորվեգիայի տարածք։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յան Մայեն կղզու աշխարհագրական քարտեզը

Աշխարհագրական կոորդինատներ՝ 71°00′ հ.ս., 8°00′ա.ե.,

  • Ցամաքային սահմանի երկարություն՝ 0 կմ,
  • Ափի երկարություն՝ 124,1 կմ։

Ծովային իրավունք՝

  • տարածքային ջրեր՝4 ծովային մղոն
  • սահմանային տարածք՝ 10 ծովային մղոն
  • տնտեսական տարածք՝ 200 ծովային մղոն
  • մայրցամաքային խութ՝ 200-մետրանոց խորության տարածք

Բարձրություն՝

Հողօգտագործում՝ չկա, վարելահողեր ու մշտական բուսականություն՝ նույնպես։ Ոռոգելի տարածքները բացակայում են, կղզին զուրկ է օգտակար հանածոներից։

Բնական վտանգներ՝ Բերենբերգ քնած հրաբուխը վերսկսել է իր ակտիվությունը 1970 թվականին

Շրջակա միջավայր (ընթացիկ ժամանակաշրջան)՝ անապատային հրաբխային կղզի, մասամբ պատված մամուռով և խոտածածկույթով

Կղզու երկարություն՝ 55 կմ (հյուսիս-արևելքից դեպի հարավ-արևմուտք)։

Յան Մայեն կղզու տեղադրութոյւնը ըստ մոտակա հիմնական աշխարհագրական օբյեկտներից ունեցած հեռավորության

Յան Մայեն կղզին ունի հրաբխային ծագում, մասամբ պատված է սառցադաշտերով (117 կմ²) և բաժանված է հյուսիսային մեծ մասի (Nord-Jan) և հարավային փոքր մասի (Sør-Jan), որոնք միանում են 2.5 կմ լայնություն ունեցող հողատարածքով։

Ենթադրվում է, որ կղզին առաջացել է 700.000 տարի առաջ։

Կղզու ռելիեֆը լեռնային է։ Ամենաբարձր կետը հանդիսանում է հյուսիսային կողմում գտնվող Բերենբերգ լեռը, որը ծովի մակարդակից ունի 2277,3 մետր բարձրություն։

Նեղուցում առկա է երկու խոշոր լիճ՝ Հարավային ծովածոց (Sørlaguna) և Հյուսիսային ծովածոց (Nordlaguna)։ Երկուսն էլ սնվում են աղի և քաղցրահամ ջերով։ Աղի ջուրը լիճ է լցվում ծովից, երբեմն ալեկոծության ժամանակ բարձր ալիքների հետևանքով դառնալով ավելի շատ։ Քաղցրահամ ջուրը հավաքվում է լեռների լանջերին գտնվող ձյան հալոցքից։ Աղի ջուրը հավաքվում է լճի ստորին մասում, իսկ քաղցրահամը՝ վերին շերտերում։ Քաղցրահամ ջուրը հնարավոր է խմել։ Երրորդ, առավել փոքր լիճը գտնվում է կղզու հարավային հատվածում և կոչվում է Ուլերենգլագունա (Ullerenglaguna)։ Կղզու հինգ սառցադաշտերը իջնում են անմիջապես ծովի ջրերի մեջ, որոնցից երկուսը գտնվում են արևելյան ափերին, իսկ երեքը՝ հյուսիսարևմտյան։ Ափով սառցադաշտերի երկարությունը մոտ 2,5 % է ընդհանուր ափերի երկարությունից։

Լեռնագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կղզին գտնվում է Հյուսիս-ամերիկյան և Եվրասիական երկրակեղևների բախման կետից 170 կմ հեռու, ինչով էլ պայմանավորված է կղզու տարածքի տեկտոնական բարձր ակտիվությունը։

Բերենբերգ հրաբուխը, որը ձևավորում է կղզու հյուսիսային մասը, հանդիսանում է աշխարհի ամենահյուսիսային գործող հրաբուխը։ 1732-ից 1985 թվականները ընկած ժամանակահատվածում գրանցվել է 6 ժայթքում։ Վերջին ժայթքումը տեղի է ունեցել 1970, 1973 և 1985 թվականներին։ Գրանցված ամենաուժեղ երկրաշարժը Ռիխտերի սանդղակով 5 բալ է եղել։ 1970 թվականի ժայթքումի ժամանակ դեպի ջուրը ընթացող լավայի հոսքի շնորհիվ կղզու մակերեսը ավելացել է 4 կմ²-ով։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կղզու միջին ջերմաստիճանը ամռանը կազմում է +5 °C։ Առավելագույն գրանցված ջերմաստիճանը +18 °C է։ Ձմռանը միջին ջերմաստիճանը կազմում է մոտ −5 °C, հազվադեպ իջնելով մինչև −20 °C։

Եղանակը հիմնականում ամպամած է։ Հաճախակի են մառախուղները, հատկապես գարնանն ու աշնանը։ Երբեմն գրանցվում է ուժեղ քամիներ տարբեր կողմերից։

Բուսական և կենդանական աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կղզու տարածքում չկան մշտական ծառեր և թփեր։ Հանդիպում են միայն բևեռային ժամանակավոր փոքրատերև խոտեր, մամուռներ։ Այստեղ աճում են անոթային բույսերի 76 տեսակ, որոնցից ամենավերջինը հայտնաբերվել է 2002 թվականին։ Անոթային բույսերից հինգը խտուտիկներ են։ Այդ հինգ տեսակից երեքը հանդիսանում են կղզու էնդեմիկ տեսակներից և ենթակա են հատուկ պահպանման։

Յան Մայեն կղզու ֆլորայի կազմում առկա են 176 տեսակի մամուռ, 140 տեսակի քարաքոս և 66 տեսակի սնկեր։

Կղզում գրանցված են 98 տեսակի թռչուն, որոնցից 18-ի համար կղզին համարվում է մշտական ձվադրման վայր։ Եվ 7 տեսակի ձվադրումը հավանական է, սակայն դեռևս ապացուցված չէ։ Կաթնասուններից կղզու տարածքում երբեմն կարելի է հանդիպել սպիտակ և կապույտ աղվես, սպիտակ արջ։ Նրանք հայտնվում են կղզում ջրի մակերեսի սառցակալման ժամանակ կամ սառցաբեկորների հետ։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բերենբերգ հրաբուխը Յան Մայեն կղզում։ Նորվեգիայի փոստային նամականիշ 1957թ.

Կղզին չունի բնիկ բնակչություն։ Օլոնկինբուեն ավանում բնակվում են հեռավոր նավիգացիայի Loran-C կայանի, մետերոլոգիական կայանի և սահմանապահ նավատորմի աշխատակիցները։ Վարչական և քաղաքացիական կառավարումը վերապահված է Loran-C կայանի ղեկավարին։ Մայրցամաքային Նորվեգիայի հետ ղեկավարման կապը պահպանվում է Նուրլան ֆյուլքեի միջոցով՝ անմիջապես մայրաքաղաք Օսլոյի հետ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կղզին անվանվել է ի պատիվ հոլանդացի կետորսական նավի հրամանատարի անունով, ով այն հայտնաբերել 1614 թվականին։ Կղզու հայտնաբերման հարցում հայտ էին ներկայացրել նաև Հենրի Հուդզոնը (1607թ.), Ժան Ֆրոլիկը (1612թ.), Ժորիս Կարոլուսը (1914թ.)։

Այնուամենայնիվ 1595 թվականին Դույսբուրգում Գերհարդ Մերկատորի (1512-1594) կողմից պատրաստված քարտեզում Սառուցյալ օվկիանոսում՝ մոտավորապես Յան Մայեն կղզու տեղում պատկերված է ինչ-որ կղզի, որի անունը նշվում է Beeren Syland[1]

Հետագա հարյուրամյակում կետորսական և կենդանաոսրական նավերի կողմից շատ հազվադեպ է այցելություններ եղել Յան Մայեն կղզի։ Կղզին գտնվում է Նորվեգիայի իրավասության ներքո 1929 թվականից։ Յան Մայեն կղզու տարածքի անվտանգության պահպանումը իրականացնում է Նորվեգիայի զինված ուժերը։ Այս առնչությամբ միջազգային հակասություններ չկան։ 1961 թվականին կղզուց ոչ հեռու K-19 սուզանավում տեղի է ունեցել վթար։ 1970 թվականից Բերենցբերգ լեռը ակտիվություն է ցուցաբերում։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յան Մայեն կղզին չունի էական բնական ռեսուրսներ։ Տնտեսությունը սահմանափակվում է ծառայությունների ոլորտով, որոնք մատուցվում են նորվեգական ռադիոկայանի և մետեոկայանի աշխատակիցներին։

Կղզին ունի նավագնացության համար նախատեսված արտաքին խարիսխային կայաններ, ինչպես նաև մոտ 2000 մետրանոց գրունտային թռիչքուղով փոքր օդանավակայան։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. [http։//www.runitsa.ru/publications/publication_644.php Գերհարդ Մերկատորի քարտեզը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Michael Jones and Kenneth Olwig. 2008. Nordic Landscapes։ Region and Belonging on the Northern Edge of Europe, University of Minnesota Press, ISBN 0-8166-3914-0, ISBN 978-0-8166-3914-4
  • Sune Dalgård. 1962. Dansk-Norsk Hvalfangst 1615-1660։ En Studie over Danmark-Norges Stilling i Europæisk Merkantil Expansion. G.E.C Gads Forlag.
  • Alexander King, J. N. Jennings։ The Imperial College Expedition to Jan Mayen Island. The Geographical Journal, Vol. 94, No. 2 (Aug 1939).

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ledgard, J.M. (2011) Submergence Coffee House Press.
  • Umbreit, Andreas (2005) Spitsbergen ։ Svalbard - Franz Josef Land - Jan Mayen, 3rd ed., Chalfont St. Peter ։ Bradt Travel Guides, ISBN 1-84162-092-0