Դևոն (կղզի)
Դևոն կղզի
անգլ.՝ Devon Island | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Կղզեխումբ | Կանադական արկտիկ արշիպելագ | |
Մակերես | 55.247 մ² կմ2 | |
Ամենաբարձր կետը | 1921 մ | |
Բնակչություն | 0 մարդ | |
Դևոն (անգլ.՝ Devon Island), խոշոր կղզի Կանադական արկտիկ արշիպելագում: Մտնում է Կանադայի Նունավուտ նահանգի Կիկիկտանի շրջանի վարչական կազմի մեջ: Անմարդաբնակ ամենամեծ կղզին է աշխարհում:
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Դևոն կղզին Պարիի արշիպելագի մաս է կազմում: Մակերեսը 55.247 մ², ափագծի երկարությունը` 3.589 կմ[1]: Մակերեսի մեծությամբ 27-րդն է աշխարհում և 6-րդը Կանադայում: Ձևով հիշեցնում է լատիներեն L տառը (կամ հին հոլանդական փայտե կոշիկ): Կղզու երկարությունը արևելքից արևմուտք 503 կմ է, հարավից հյուսիս` 289 կմ:
Կղզին գտնվում է Լանկաստեր նեղուցից հյուսիս, որից բաժանված է Բաֆինի երկրով: Արևմուտքում Վելինգտոնի նեղուցը Դևոնը բաժանում է Կոռնուոլիս կղզուց, Պեննի նեղուցը` Բատերստ կղզուց, հյուսիս-արևմուտքում Կարդիգան նեղուցը` Նորթ Քենթ կղզուց, հյուսիսում Ջոնսի նեղուցը` Էլսմիր կղզուց, հյուսիս-սրևելքում Լեդի Էնն նեղուցը` Կոբերգ կղզուց, իսկ արևելքից կղզին ողողում են Բաֆֆինի ծովի ջրերը:
Դևոն կզին ունի աշխարհագրական ընդարձակ 3 գոտիներ: Արևելյան գոտին զբաղեցնում է կղզու արևելյան մասը: Այն գրեթե ամբողջությամբ (12.000 կմ²) սառցածածկ է և պարունակում է շուրջ 3.980 կմ³ սառույց` առավելագույնը 880 մ հաստությամբ: Սառցաշերտի տակ է գտնվում կղզու բարձրագույն լեռնագագաթը (1921 մ ծովի մակարդակից): Կենտրոնական գոտին գտնվում է 300-400 մ բարձրությամբ սարահարթի վրա: Այն Լանկաստերի սարահարթի մի մասն է կազմում: Հյուսիս-արևմտյան գոտին ներառում է կղզու մնացած հատվածը` ներառյալ Գրինել թերակղզին: Այս տարածքում գերակշռում է լեռնային լանդշաֆտը[2]:
Կղզին գոյացել է մինչքեմբրի ժամանակաշրջանի գնեյսից պալեոզոյան ալևրիտից և թերթաքարից: Կղզու համեմատաբար ոչ մեծ բարձրություններում ապրում են խոյացուլեր, մանր թռչուններ ու կաթնասուններ: Կղզու կենդանական աշխարհը կենտրոնացված է Տրուլավի (անգլ.՝ Truelove Lowland) հարթություններում, որտեղ համեմատաբար մեղմ կլիմա է գերիշխում և համապատասխանաբար արկտիկական խիտ բուսականություն կա: Ջերմաստիճանը կարճատև ամռան ընթացքում (40-55 օր) հազվադեպ է բարձրանում 10 °C-ից, իսկ ձմռանը կարող է իջնել մինչև -50 °C: Բևեռային տունդրայի պայմաններում տեղումները քիչ են:
Կղզում գտնվում է Հոթոն (անգլ.՝ Haughton) հարվածային խառնարանը, որ ձևավորվել է 39 միլիոն տարի առաջ 2 կմ տրամագծով երկնաքարի անկման հետևանքով: Բախումից հետո առաջացել է 24 կմ տրամագծով խառնարան, որը լցվել է ջրով և մի քանի միլիոն տարի գոյատևել լճի տեսքով:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կղզին հայտնաբերվել է 1616 թվականին Ուիլյամ Բաֆինի և Բայլոտի արշավախմբի կողմից, որը փնտրում էր Ատլանտյան և Խաղաղ օվկիանոսները միացնող հյուսիսարևմտյան ճանապարհ: 1819 թվականին Բրիտանիայի Դևոն կոմսության պատվին Վիլյամ Պարին կղզին կոչել է «Դևոն»[3]:
1924 թվականի օգոստոսին կառավարության աջակցությամբ կղզում բացվել է Դանդաս Հերբոր կայանը (անգլ.՝ Dundas Harbour) այլ երկրների կետորսության ապօրինի դեպքերը կանխելու նպատակով:
1934 թվականին մորթու գների անկման և տնտեսական մի քանի այլ նկատառումներով Բաֆֆինի երկրից Դևոնում հաստատվել է ինուիտների 53 ընտանիք, սակայն կլիմայական խիստ պայմաններից ելնելով` նրանք 1936 թվականին լքել են կղզին: 1940-ական թվականներին Դանդաս հերբորում բացվել է սահմանապահ կետ, որը, սակայն, վերջնականապես փակվել է 1951 թվականին:
2004 թվականի հուլիսին Դևոնում ժամանակավորապես հաստատվել է 5 գիտնական և 2 լրագրող, ովքեր մոդելավորում էին կյանքի և աշխատանքի պայմանները Մարս մոլորակում: Դևոն կղզում ՆԱՍԱ-ն կազմակերպում է աշխարհագրական, ջրաբանական, բուսաբանական և միկրոկենսաբանական հետազոտություններ:
Ներկայումս Դանդաս Հերբորում պահպանվել են մի քանի շինությունների ավերակներ:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|