Չուկոտի ծով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox map.png
Չուկոտի ծով
ռուս.՝ Чуко́тское мо́ре

'
Կոորդինատներ
Երկիր Ռուսաստան Ռուսաստան
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Տեղագրություն Հյուսիսային սառուցյալ օվկիանոս
Ընդհանուր մակերեսը 589 600 կմ²
Ծավալը 45 400 կմ³
Ամենամեծ խորությունը 1256 մ
Միջին խորությունը 71 մ

Չուկոտի ծով (ռուս.՝ Чуко́тское мо́ре), Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի ծայրամասային ծով, գտնվում է Չուկոտյան թերակղզու և Ալյասկայի միջև: Արևմուտքում Լոնգի նեղուցով միանում է Արևելասիբիրական ծովի հետ, արևելքում Բարոու հրվանդանի շրջանում միանում է Բոֆորտի ծովի հետ, հարավում՝ Բերինգի նեղուցը միացնում է այն Խաղաղ օվկիանոսի Բերինգի ծովի հետ: Ծովի ջրային տարածքով անցնում է ամսաթվի փոփոխման գիծը:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1648 թվականին Սեմյոն Դեժնյովը Կոլիմա գետի գետաբերանից անցել է ծովով մինչև Անադիր գետը: 1728 թվականին Վիտուս Բերինգի արշավախումբը և 1779 թվականին կապիտան Ջեյմս Կուկը Խաղաղ օվկիանոսից անցել են ծովը:

1928 թվականին հիդրոգրաֆիկ հետազոտությունների ընթացքում նորվեգացի բևեռային հետազոտող Հ. Սվերդրուպը հայտնաբերել է, որ Բարոու հրվանդանի և Վրանգելի կղզու միջև ծովն իր բնական պայմաններով խիստ տարբերվում է Նորսիբիրական կղզիների և Վրանգելի կղզու միջև գտնվող ծովից, այդ պատճառով պետք է առանձնացվեր Արևելասիբիրական ծովի կազմից: Առանձնացված ծովն որոշվեց անվանել Չուկոտի ծով Չուկոտյան թերակղզին բնակեցնող ժողովուրդների անունով: Ծովի պաշտոնական անվանումը հաստատվել է 1935 թվականին[1]:

Ֆիզիկաաշխարհագրական բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Chukchi Sea.JPG

Ծովի մակերեսը կազմում է 589 000 կմ²: Հատակի մակերեսի 56 %-ը զբաղեցնում են 50 մետրից ոչ ավել խորությունները, առավելագույն խորությունը կազմում է 1256 մետր: Ամռանը ջրի ջերմաստիճանը կազմում է 4-12 °C, ձմռանը՝ −1,6-1,8 °C:

Առափնյա գիծը շատ կտրտված չէ: Ծոցերն են՝ Կոլյուչինսկայա խորշը, Կոցեբուն, Շիշմարյովի ծովախորշը: Հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներից մինչև մայիս-հունիս ամիսները ծովը ծածկված է սառույցներով:

Չուկոտի ծով թափվում են շատ քիչ քանակությամբ գետեր: Դրանցից ամենախոշորներն են՝ Ամգուեմա, Կոբուկ, Նոատակ գետերը։

Չուկոտի ծովով անցնում է Հյուսիսային ծովային ուղին:

Ծովում գտնվում են Վրանգելի, Հերալդ և Կոլյուչին կղզիները:

Խոշոր նավահանգիստներն են՝ Ուելեն (Ռուսաստան), Բարոու (ԱՄՆ):

Ջերմային ռեժիմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բերինգի նեղուցի տարածքում ջրի ջերմաստիճանը ամռանը հասնում է մինչև 12 °C: Դեպի հյուսիս ջրի ջերմաստիճանը աստիճանաբար իջնում է: Ձմռանն օդի ջերմաստիճանը հասնում է գրեթե սառեցման ջերմաստիճանին (-1,7 °C): Խորության հետ մեկտեղ իջնում է նաև ջրի ջերմաստիճանը, սակայն ծովի արևելյան հատվածում այն մնում է դրական մինչև ծովի հատակը: Ջրի ջերմաստիճանը մակերևույթին կազմում է 1,8˚, ամռանը՝ 4-12˚:

Աղիություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձմռանը բնորոշ է սառցատակի ջրի շերտի բարձր աղիության մակարդակ (մոտ- 31-33 ‰): Ամռան սեզոնին աղիությունն ավելի ցածր է, մեծանում է արևմուտքից արևելք՝ 28-32‰: Հալչող սառույցների աղիությունն ավելի ցածր է, այն նվազագույնն է գետերի գետաբերանների մոտ (3-5 ‰): Սովորաբար խորության հետ մեկտեղ բարձրանում է նաև աղիության մակարդակը:

Կենդանական աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպիտակ արջերն, որոնք բնակվում են Չուկոտի ծովի սառույցներում, պատկանում են այդ տեսակի գենետիկորեն տարբերվող հինգ պոպուլյացիաներից մեկին[2]: Այստեղ տարածված են նաև փոկեր, ծովափղեր, կետեր: Ձկներից այստեղ տարածված են հեռավորարևելյան փրփրուկը, ձամբռիկը, արկտիկական լերկամորթիկը, բևեռային ձողաձուկը: Ամռանը ծովի ափերի մոտ լինում են թռչնաշուկաներ: Հանդիպում են բադեր, սագեր, ճայեր և այլ թռչուններ:

Վրանգելի և Հերալդ կղզիներում գտնվում է արկտիկական արգելանոց, որը համարվում է սպիտակ արջերի և ծովափղերի բազմացման հիմնական վայրը[3]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Мельников А. В. Географические названия Дальнего Востока России: Топонимический словарь. — Благовещенск: Интерра-Плюс (Interra+), 2009. — 55 с.
  2. C. Michael Hogan (2008) Polar Bear: Ursus maritimus, Globaltwitcher.com, ed. N. Stromberg
  3. География. Современная иллюстрированная энциклопедия / Под редакцией проф. А. П. Горкина. — М.: Росмэн, 2006.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Шамраев Ю. И., Шишкина Л. А. Океанология. Л.: Гидрометеоиздат, 1980.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Чукотское море в книге: А. Д. Добровольский, Б. С. Залогин. Моря СССР. Изд-во Моск. ун-та, 1982.