Ասիայի մակերևույթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ասիան ամենաբարձր աշխարհամասն է։ Նրա միջին բարձրությունը համարյա երեք անգամ ավելի է (900 մ.), քան Եվրոպայինը (300 մ.)։ Մակերևույթում գերակշռում են լեռնաշխարհները, լեռնաշղթաները և սարահարթերը, որոնք կազմում են նրա տարածքի ⅔ մասը։

Բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմալայներ

Ասիայում է գտնվում երկրագնդի ամենաբարձր (Հիմալայան լեռների Ջոմոլունգմա (Էվերեստ) գագաթը, 8848 մ.) և ամենացածր (Մեռյալ ծովի ափը, Գհոր իջվածք, -400 մ.) կետերը։

Ասիայի ժամանակակից ռելիեֆը ձևավորվել է երկարատև ժամանակահատվածի շրջանում։ Այստեղ կան և’ երիտասարդ, և’ հին տեղամասեր։ Աշխարհամասի ռելիեֆում առանձնացվում են նորագույն ծալքավորությանը (ալպյան) պատկանող լեռների երկու գոտի։ Նրանցից մեկը ձգվում է ամբողջ Եվրասիայով` արևմուտքից արևելք և կոչվում է Ալպ-Հիմալայան ծալքավորության լեռներ։ Մյուսը ձգվում է Ասիայի արևելյան ափերի երկարությամբ և կոչվում է Խաղաղօվկիանոսյան երկտասարդ լեռների գոտի։ Այդ երկու գոտիներում դեռևս չեն դադարել լեռնակազմական պրոցեսները։ Դրա ապացույցն են հաճախակի տեղի ունեցող երկրաշարժերը և հրաբխականությունը։

Ասիայի Ալպ-Հիմալայան լեռնային գոտու գլխավոր լեռնահանգույցը` Պամիրի լեռնաշխարհն է, որին հարավ-արևելքից մոտենում են աշխարհի ամենաբարձր՝ Հիմալայան լեռները և Կարակորումը, իսկ հարավ-արևմուտքից՝ Հիդուկուշը։ Այդ նույն լեռնային գոտու մեջ մտնում են նաև Զագրոսի, Կոպետդաղի, Էլբուրսի, Մեծ և Փոքր Կովկասի լեռները։ Երիտասարդ լեռների այս գոտում տեղ-տեղ լեռնաշղթաները իրարից հեռվանում և տեղի են տալիս ընդարձակ լեռնաշխարհների (Հայկական, Փոքր Ասիական, Իրանական, Տիբեթի) առաջացմանը։

Խաղաղօվկիանոսյան երիտասարդ լեռնային գոտու մեջ մտնում են Կորյակյան, Կամչատկայի, Սախալինի լեռները, ինչպես նաև Կուրիլյան, Ճապոնական, Ֆիլիպինյան կղզիների և Մալայան կղզեխմբի լեռնաշղթաները։

Ասիայի հյուսիսարևելյան ոչ շատ հին ծալքավորության (մեզոզոյան) պատկանող լեռներից են Վերխոյանսկի, Չերսկու, Չուկոտյան, Կոլիմայի և Սիխոտե-Ալինի լեռները։

Պամիրից հյուսիս-արևելք ձգվում է հին (պալեոզոյան) ծալքավորության լեռնային ընդարձակ գոտի, որտեղ աչքի են ընկնում Տյան-Շանը, Ղազախական ծալքավոր երկիրը, Ալթայը, Արևմտյան և Արևելյան Սայանաները, Մերձբայկալի, Անդրբայկալի և Ստանովոյի լեռները։

Գոբի անապատը տիեզերքից

Ասիայի ռելիեֆին բնորոշ ձևերից են նաև ընդարձակ սարահարթերը։ Դրանցից են՝ Միջինսիբիրական, Գոբի, Տակլա Մական, Արևելաչինական, Դեկանի (Հնդկաստանում) Արաբական սարահարթերը, որոնց հիմքը կազմված է բյուրեղային ապարներից։ Սրանք ունեն զարգացման ցամաքային փուլի վաղ ժամանակաշրջանի պատմություն (հին պլատֆորմներ են)։

Հնադարյան կարծր ապարներից են կազմված նաև Արևմտասիբիրական և Թուրանի (Արալա-Կասպից) դաշտավայրերի ծալքավոր հիմքերը, որոնք ծածկված են երիտասարդ նստվածքային ապարներով։

Աշխարհամասում նշանավոր են նաև Հյուսիսսիբիրական, Արևելաչինական, Սիամի, Ինդոս-Գանգեսի, Միջագետքի, Կուր-Արաքսյան, Կոլխիդայի (Ռիոնի) դաշտավայրերը։

Բարձր լեռներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տավրոսի
  • Կովկաս (Մեծ և Փոքր)
  • Էլբուրս
  • Հինդուկուշ
  • Պամիր
  • Տյան-Շան
  • Կունլուն
  • Հիմալայներ
  • Վերխոյանսկի
  • Ջուգջուր
  • Բուրեյի
  • Սիխոտե-Ալին
  • Բարիսան
  • Խինգան (Մեծ և Փոքր)
  • Սայաններ
  • Ցինլին
  • Չերսկու
  • Բիրանգա
  • Մերձբայկալյան
  • Անդրբայկալյան

Բարձրավանդակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իրանական
  • Հյուսիս-Բայկալյան
  • Տիբեթի
  • Կոլիմայի
  • Չուկոտյան
  • Կորյակյան
  • Հայկական
  • Ստանովյան

Սարահարթեր և սարավանդեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Միջինսիբիրական
  • Դեկանի

Անապատներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարթավայրեր և դաշտավայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արևելասիբիրական
  • Թուրանի
  • Մերձկասպից
  • Ինդոս-Գանգեսյան
  • Կուր-Արաքսյան
  • Մեծ Չինական
  • Մեկոնգ