Տոբա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox map.png
Տոբա
ինդոն.՝ Danau Toba

Տոբա լիճ
Կոորդինատներ Կոորդինատներ: 2°41′0″ հս․ լ. 98°53′0″ ավ. ե. / 2.68333° հս․. լ. 98.88333° ավ. ե. / 2.68333; 98.88333
Երկիր Ինդոնեզիա
Վարչատարածքային բաժանում Հյուսիսային Սումատրա
Տեսակ Քաղցրահամ
Հայելու բացարձակ բարձրությունը 904 մ
Երկարություն 87 կմ
Լայնություն 27 կմ
Ավազանի մակերեսը 1103 կմ²
Ծավալը 240 կմ³
Ամենամեծ խորությունը 505 մ
Ջրահավաքի մակերեսը 3658 կմ²
Սկիզբ առնող գետերը Ասախան
Կղզիներ Սամոսիր, Պարդապուր
Commons-logo.svg Վիքիպահեստում

Տոբա (ինդոն.՝ Danau Toba), լիճ ինդոնեզիական Սումատրա կղզում գտնվող Հյուսիսային Սումատրա պրովինցիայում, Մեդան քաղաքի պրովինցիայի վարչական կենտրոնից հարավ: Տոբան գտնվում է հսկայական կալդերայի մեջ, որը գոյացել է համանուն հրաբխի՝ 74 հազար տարի առաջ, ժայթքման հետևանքով: Լիճը տեղակայված է ծովի մակարդակից 904 մ բարձրության վրա, որի առավելագույն խորությունը կազմում է 505 մ: Տոբա լճի երկարությունը 87 կմ է, իսկ լայնությունը՝ 27 կմ: Լճի հայելու մակերեսը կազմում է 1103 կմ²[1][2]: Այս ցուցանիշներով Տոբան Ինդոնեզիայի ամենամեծ լիճն է, իսկ աշխարհի ամենամեծ հրաբխային ծագման լիճը[3]:

Կենսաբազմազանության և բատակիների մշակույթի պատմական ժառագության շնորհիվ Տոբա լիճը և իր կենտրոնում գտնվող Սամոսիր (ինդոն.՝ Pulau Samosir) կղզին հանդիսանում են Ինդոնեզիայի կարևոր զբոսաշրջային կենտրոններից[4]: Սակայն լճի ափամերձ գոտում և այդ հատվածներին մոտ տարածքներում ծավալվող տնտեսական գործունեությունը բերում է լճի ջրի աղտոտմանը և այլ էկոլոգիական խնդիրների[5]:

Ֆիզիկաաշխարհագրական բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տոբա լիճը գտնվում է Սումատրա կղզու հյուսիսային հատվածի կենտրոնական մասում՝ Հյուսիսային Սումատրա պրովինցիայում: Այն գտնվում է Բարիսան լեռնաշղթայի սահմաններում[6]: Այս լեռնաշղթան համարվում է կղզու գլխավոր լեռնաշղթան, որը կազմված է քարածխային, պերմի փոխակերպված ապարներից, ինչպես նաև միոցենի նստվածքային և չորրորդականի մագմատիկ ապարներից[7]: Հենց լիճը իր շրջակայքով հանդիսանում է հսկայական կալդերա, որն ունի 100 կմ երկարություն և 30 կմ լայնություն[8]: Այն հանդիսանում է աշխարհի խոշոր կալդերաներից մեկը: Տոբայի կալդերան տեղակայված է Սումատրայի Մեծ բեկվածքի մոտ[9], որը անցնում է Սումատրա կղզու կենտրոնով՝ լճից 20 կիլոմետր հարավ-արևմուտք[1]: Կալդերան հանդիսանում է Զոնդյան կղզիների աղեղի հրաբխային համակարգերից մեկը, որը Երկրի ակտիվ սեյսմիկ շրջաններից է: Այստեղ տեղի են ունենում Հնդավստրալական սալի սուզումը Եվրասիական սալի տակ, որի ունի 56 մմ մեկ տարվա ընթացքում արագություն[9]: Սուբդուկցիայի գոտին այս շրջանում շատ ակտիվ է: Սումատրայից արևմուտք՝ ծովի հատակին, 1995 թվականին տեղի է ունեցել մի քանի խոշոր երկրաշարժ: Դրանցից են 2004 թվականի Հնդկական օվկիանոսի 9,1 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժը, 2005 թվականի Սումատրայի երկրաշարժը 8,6 մագնիտուդ հզորությամբ: Այս երկրաշարժերի էպիկենտրոնները գտնվում էին Տոբայից մոտավորապես 300 կմ հեռավորության վրա: Տոբայի շրջանի ռելիեֆը բնութագրվում է մեծ բարձրացումներով և միջին բարձրունքներով, որոնք ունեն 1500 մետր բարձրություն և 220 × 100 կմ լայնակի չափեր, ինչպես նաև ոչ շատ ուշ տեղի ունեցած հրաբխային ակտիվության բազմաթիվ վկայություններով՝ ինչպիսիք են խարամային կոները[9]:

Պուսուբուկիտ հրաբխային կոնը

Տոբա լիճը առաջացել է համանուն հսկայական հրաբխի ժայթքման հետևանքով, որը տեղի է ունեցել ուշ պլեյստոցենում՝ 72 500-75 900 տարի առաջ[10]: Ժայթքած նյութերի ծավալը հասել է 2800 կմ³[11][12], իսկ մթնոլորտ կարող էր արտանետված լինել մինչև 10 միլիարդ տոննա ծծմբական թթու[13] կամ 6 միլիարդ տոննա ծծմբի օքսիդ (IV)[14]: Հրաբխի ժայթքման արդյունքում, որը դարձավ չորրորդականի հայտնի ամենամեծ ժայթքումը[15], ձևավորվել է հրաբխային տուֆի շերտ, որն անվանվել է Տոբայի երիտասարդ տուֆ: Այս նստվածքները հայտնաբերվել են Հարավ-Չինական ծովում, Հնդկական օվկիանոսում և Հնդկաստանի տարածքում, որը ժայթքման տեղից հեռու է 4500 կմ[10]: Այս ժայթքման հետևանքները հանդիսանում են գիտնականների բանավեճերի առարկան: Գիտնականների մի մասը կարծում է, որ ժայթքման հետևանքով Երկրի կլիման որոշ ժամանակ գտնվել է հրաբխային ձմռան վիճակում, իսկ մարդկանց քանակը կանցներ «շշի բերանով»[16][17]: Գիտնականների մյուս խումբը կարծում է, որ, չնայած ժայթքման հսկայական չափերին, հրաբխի ազդեցությունը կլիմայի վրա եղել է ավելի փոքր և մարդկանց լուրջ վնաս չի հասցվել[10][18][19]:

Ժայթքման հետևանքով ձևավորվել է հսկայական կալդերը, որը 1500 տարվա ընթացքում լցվել է ջրով՝ առաջացնելով Տոբա լիճը[7]: Սամոսիր կղզու լճային նստավածքները, որը Ուլուան (ինդոն.՝ Semenanjung Uluan) թերակղզու հետ միասին հանդիսանում է մեկ կամ երկու ռեզուրգենտային գմբեթներից մեկը, ցույց են տալիս այն, որ կալդերայի հատակը՝ գլխավոր ժայթքման պահից հետո, ծայրահեղ դեպքում բարձրացել է 450 մետրով[8][15]: Այսպիսով՝ վաղ շրջանում, Սամոսիր կղզին, որը ձևավորվել կալդերայի նյութերից և լճային նստվածքներից, ամբողջությամբ ծածկվել է Տոբա լճի ջրերով[15]: Ներկա դրությամբ կալդերան հրաբխային ակտիվություն չի ցուցաբերում, սակայն նրա ներսում տեղակայված են մի քանի հրաբխային գմբեթներ՝ ոչ մեծ ստրատոհրաբուխ Պուսուբուկիտը (ինդոն.՝ Pusubukit), որի հյուսիսային կողմում գտնվում են սոլֆատարներ[8], ինչպես նաև Տանդուկբենուա (ինդոն.՝ Tandukbenua) կոնը, որը տեղակայված է կալդերայի հյուսիսարևմտյան սահմանին: Տանդուկբենուայի գործնականում ամբողջությամբ բուսազուրկ լինելը կարող է կապված լինել այն բանի հետ, որ կոնը ձևավորվել է ընդամենը մի քանի հարյուր տարի առաջ[20]: Սրա հետ մեկտեղ Սամոսիր կղզու արևմտյան սահմանի երկայքով կան հիդրոթերմալ (ջրաջերմային) ազբյուրներ և ծծմբային տեռասաներ[15]: Տոբա լճի տարածքում հզոր երկրաշարժեր են եղել 1892, 1916, 1920-1922 և 1987 թվականներին[8]: 1987 թվականի երկրաշարժը, որի հիպոկենտրոնը 11 կմ խորության վրա է գտնվել, դարձել է 2 մարդու մահվան պատճառ և ժամանակավորապես կանգնեցրել է լճի շրջանում գտնվող ջրաջերմային աղբյուրների հոսքը[21]: Տոբա լճի հրաբխատեկտոնական ծագման մասին առաջին անգամ հայտարարել է հոլանդացի երկրաբան Ռեյնաուտ վան Բեմմելենը՝ 1949 թվականին: Հետագա դեպրեսիաների ձևավորումը բացատրվում էր հրաբխի գործունեության և խզվածքների ակտիվության համադրությամբ[1]:

Ափ, հատակի ռելիեֆ և կղզիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տոբայի լճային գետահովիտը շրջապատված է խոշոր քարերով, որոնց բարձրությունը հասնում է 400-1200 մետրի: Սրանք բաժանվում են ոչ մեծ հովիտներով[1]: Ամենամեծ քարերը հանդիպում են լճի հյուսիսարևելյան մասում[4]: Տոբայի ջրի մակարդակը հասնում է ծովի մակարդակից 904 մետր բարձրությանը[1]: Լճի ընդհանուր մակերեսը՝ Սամոսիր և Պարդապուր (ինդոն.՝ Pulau Paradapur) կղզիների հետ միասին, կազմում է 1780 կմ²[22]: 1939 թվականին տեղի ունեցան լճի խորության առաջին չափումներ, որոնք ցույց տվեցին 529 մետր խորություն: 2003 թվականին էխոլոտով կատարված լճի հատակի ուսումնասիրությունները ցույց տվեցին 505 մետր արդյունք: Ստացված արդյունքների՝ 24 մետրի տարբերությունը, բացատրվում է չափման մեթոդների տարբերությամբ, սակայն առավել ճշգրիտ է համարվում 2003 թվականին կատարված չափումների արդյունքները[1]: Բացի սրանից՝ 2003 թվականի հետազոտությունների արդյունքները ցույց տվեցին, որ լճի հյուսիսային մասը ավելի խորն է քան համեմատաբար ծանծաղ հարավայինը: Լճի հատակը շատ հատվածներում ունի ընդարձակ և հարթ տեղամասեր[1]:

Տոբան ունի երկու հիմնական կղզիներ. Սամոսիրն ունի 647 կմ², այս ցուցանիշը կղզին դարձնում է աշխարհի լճային կղզիներից չորրորդը մեծությամբ[23], և Պարդապուրը, որն ունի 7 կմ² մակերես[1]: Սամոսիրն ունի սեփական ոչ մեծ լճակ՝ Սիդիխոնին (ինդոն.՝ Danau Sidihoni)[24]: Կղզին ունի նաև տաք աղբյուրներ և ջրվեժներ, որոնք չորային սեզոնին մեծ մասամբ դադարում են հոսել[25]: Մինչև 1906 թվականը Սամոսիրը եղել է թերակղզի, մինչև Նիդերլանդների Օստ Ինդիայի կառավարության կողմից թերակղզին ցամաքի հետ կապող պարանոցով ջրանցքի կառուցումը, որը առանձնացրեց Սամոսիրի տարածքը Տոբայի ափերից[26]: Ջրանցքի անընդհատ տիղմ լցվելու հետևանքով Սամոսիրը հնարավոր է, որ նորից վերածվի թերակղզու[26]:

Ավազան և ջրագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տոբայի ջրհավաք ավազանի ընդհանուր մակերեսը՝ լճի մակերեսի հետ միասին, կազմում է 3658 կմ²[1]: Ջրհավաք ավազանի տարածքի մեծ մասը զաբաղեցնում են բլրապատ ու լեռնային ռելիեֆը, որտեղ կան 2000 մ բարձրություն ունեցող գագաթներ: Լիճ են թափվում 202 գետեր և առվակներ, որոնցից 70 են համարվում մշտական հոսք ունեցող[2]: Լճից դեպի Մալակկայի նեղուց ջրի հոսքը տեղի է ունենում Ասախան գետի միջոցով[6], որը հատում է զառիվայր լանջերով սարահարթը հարավարևելյան կողմից[22]: Միջինը ջրի ծախսը կազմում է 102 մ³/վրկ[1]:

Ջրի մակարդակի տրեկն բնկան առավելագույն տատանումները կազմում է մոտավորապես 1,5 մետր, սակայն տեխնածին գործոնների հետ կապված այս ցուցանիշը կարող է աճել: Այսպես՝ 1980-ական թվականներին գրանցվել է լճի ջրի մակարդակի 2,5 մ նվազեցում, որը պայմանավորված էր մի շարք ջրատեխնիկակն (հիդրոտեխնիկական) կառույցների աշխատանքով[1]: Լճի մակերևույթին ջրի ջերմաստիճանը կազմում է 24,0 °C-ից 27,6 °C[1]: Մինչև 300 մետր խորությունները ջրի ջերմային ուղղահայաց բաշխումը ծայրահեղ միասեռ է[22]: 1979 թվականի չափումների համաձայն՝ Տոբա լճի ջրի ջրածնային ցուցիչը տարբեր հատվածներում կազմում է 7,0-ից 8,4 մգ/լ, թթվածնի պարունակությունը տատանվում է 6,7-ից մինչև 9,3 մգ/լ, թթվածնի քիմիական պարունկությունը 1,24-ից 2,80 մգ/լ, ջրում ֆոսֆորի պաարունակությունը հասնում է 0,31-ից 0,66 մգ/լ-ի, քլորինը՝ 8,3-ից 11,8 մգ/լ[22]: 1994 թվականի չափումների արդյունքները ցույց տվեցին, որ ջրում թթվածնի կենսաբանական պարունակությունը կազմում է 28,0 մգ/լ, երբ նորման համարվում է 5,0 մգ/լ, իսկ 2010 թվականին այն կարող էր աճել մեկուկես նգամ[1]: Հետազոտությունների համաձայն ջրի հոսքը դեպի լիճ գնալով նվզում է. 1920-1932 թվականներին այն կազմել է 110 մ³/վ, իսկ 1957-1975 թվականներին այս ցուցանիշը իջավ մինչև 104,4 մ³/վ, 1976-1988 թվականներին հասվ 90 մ³/վ[2]: Մեկ օրվա ընթացքում ջրի մակերևույթից տեղի ունեցող գոլորշիացմն քանակը տատանվում է 3,5-5,5 մմ-ի սահմաններում[1]:

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Տոբա լիճը գտնվում է հասարակծային կլիմայակն գոտում, որը բնութգրվում է միջին ամսական ջերմաստիճանների աննշան տատանումներով և մեծ խոնավությմբ: Լճի տարածքում արևի ճառգայթման օրական միջին ցուցնիշը կազմում է 15 ՄՋ/մ² (մոտավորպես 4,36 կՎտ⋅ժ/մ²): Քամու արագությունը ապրիլ ամսին կարող է հասնել 4 մ/վ, հունիսից հոկտեմբեր 8,8 մ/վ, որոնք առաջացնում են 1,8 մետր բարձրությամբ ալիքներ[1]:

Տնտեսական նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհագրական դիրքի և տնտեսական պոտենցիալի շնորհիվ Տոբա լիճը և իր շրջակա տարածքները ունեն ոչ միայն տեղական տնտեսության մեջ մեծ նշանակություն, այլ նաև ամբողջ Ինդոնեզիայի տնտեսության մեջ: Լճի ավազանի ամբողջ տարածքում տեղակայված են՝ 5 շրջանների մեջ մտնող, 366 գյուղեր և քաղաքներ, որոնք ընդհանուր վերցրած ունեն 590 հազար բնակիչ[1]: Բնակչության հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն է, որը տեղի տնտեսության համակարգում 64 % է կազմում[2]: Լճի ջրհավաք ավազանի ավելի քան 41 հազար հեկտարը զբաղեցնում են բրնձի դաշտերը, որոնք ամեն տարի տալիս են 250 հազար տոննա բերք: Տնտեսության մեջ մեծ տեղ է զբաղեցնում նաև սուրճի մշակումը. հետազոտությունների համաձայն սուրճի աճեցումը աշխատատեղ է ապահավում, այս տարածքներում ապրող, 27 հազար ընտանիքի համար[1]: Այստեղ զբաղվում են նաև այլ մշակաբույսերի աճեցմամբ՝ բաթաթ, եգիպտացորեն, տարբեր բանջարեղեններ, դարչին, մեխակ, ֆիլիպինյան կանարիում, ինչպես նաև կոկոսյան արմավենի[22]: Անասնապահությունը՝ հատկապես խոզաբուծությունն ու խոշոր եղջերավոր կենդանիների բուծումը, հանդիսանում են գյուղատնտեսության երկրորդական ճյուղը[1]:

Լճի շրջանում՝ գյուղատնտեսության, հաջորդ զարգացած ճյուղը ձկնորսությունն է: Լճում իրականացվում է ձկնորսություն, ինչպես նաև ձկնաբուծություն: Տաբա լճից տարեկան որսում են 1500 տոննա ձուկ, ընդորում 1996 թվականից սկասած որսված ձկան քանակը զգալի նվազել է: Այս նվազեցումը պայմանավորված է լճում գիշատիչ ձկների թվի ավելացման, ինչպես նաև ձկների ընդհանուր բնական կերակրման նվազեցման հետ[1]: Լճում հիմնական արդյունաբերական նշանակություն ունեցող ձկներն են՝ ծածանը, տիլյապին, պունտիուսը, լոքոն և օձագլուխը: Լճում ձկնորսությամբ զբաղվում են տեղացիները, ինչպես նաև արտերկրյա ընկերությունները: Տոբայի ջրատնտեսության արտադրած մթերքի ընդհանուր ծավալը կազմում է մոտավորապես 76 հազար տոննա[27]: Ձկնարդյունաբերական տնտեսությունների առավել մեծ քանակ է նկատվում Հարանգաոլ (ինդոն.՝ Teluk Haranggaol) ծոցի հատվածում[3]: Այս ճյուղը մեծ վնաս է հասցնում լճի ջրի որակին. ընկերությունների գործունեության և ձկների համար օգտագործվող արհեստական կերը մեծացնում են ջրում օտարածին նյութերի խտությունը, լճի ինքնամաքրման հնարավորությունը չի բավարարում, ինչը բերում է Տոբայի աղտոտմանը[3]:

Լճից սկիզբ առնող Ասախան գետի վրա 1980-ական թվականներին կառուցվել են հիդրոտեխնիկական կառույցներ, որոնք պետք է էլեկտրականությամբ ապահովեն Հյուսիսային Սումատրայի առավել քիչ զարգացած շրջաններին: Բացի սրանից՝ 1984 թվականին, Ասախանի գետաբերանում կառուցվեց ալյումինի գործարան[6]: Տոբայի շրջակայքի անտառները սկսեցին օգտագործվել 1985 թվականից սկսած, երբ Սոսորլադանգ (ինդոն.՝ Sosorladang) գյուղում կառուցվեց, արհեստական մետաքս արտադրելու հնարավորություն ունեցող, ցելյուլոզայի գործարան[1]: Սակայն գործարանի առաջացրած էկոլոգիական խնդիրների հետ կապված (այդ թվում լճի մակարդակի նվազեցման հետ կապված) եղան ապստամբություններ, որի հետևանքով գործարանը փակվեց[4]:

Էկոլոգիական վիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղի բնակչության խոսքերով՝ Տոբայի որոշ հատվածներում, ջուրը պիտանի չէ խմելու և լողանալու համար[27]: 2014 թվականի հետազոտությունները լիճը գնահատեցին Էվտրոֆիկացիայի ենթարկվող, այսինքն այն պարունակում է մեծ քանակությամբ ազոտ և ֆոսֆոր, որը բերում է ջրի ծաղկմանը[28]: Բացի սրանից պարզվեց նաև, որ ջրի մեջ ֆոսֆորի պարունակությունը, 2012 թվականի համեմատությամբ աճել է 3 անգամ[27]: Այս խնդիրներն առաջացան առաջին հերթին ձկնաբուծական տնտեսությունների չկառավարվող աճի պատճառով, ինչպես նաև կենցաղային ջրերով, կոյուղաջրերով և գյուղատնտեսական թափոններով լճի ջրի աղտոտման հետևանքով: Այս ամենը միասին վերցրած խոչընդոտում են լճի ինքնավերականգնմանը և նախկին՝ օլիգոտրոֆ վիճակին վերադառնալուն, երբ ջուրը հարուստ է լինում թթվածնով և ունենում է կերակրային մասնիկների քիչ պարունակություն[27]: Կեսաբանական տեսանկյունից այստեղի էկոհամակարգին վնաս են հասցնում ախտածին մանրէները, որոնք բազմանում են ձկնաբուծական տնտեսությունների գործունեության հետևանքով, և տարբեր ձկնատեսակների տարաբնակեցման հետևանքով[1]:

2014 թվականին Ինդոնեզիայի կառավարությունը հայտարարեց լճի ձկնաբուծական տնտեսությունների կրճատման մտադրության և լճի էկոլոգիական վիճակի բարելավման մասին: Սրա նպատակն էր այստեղ զբոսաշրջության զարգացումը, որը շրջակա միջավայրի վատ վիճակի և քաղաքական անկայունության հետևանքով գործնականում դադարեցվել էր[27]: Սպասարքավորվեցին բազմաթիվ ձկնային վանդակներ, մնացած ձկնարդյունաբերողները պետք է վերանայեին իրենց տնտեսական գործունեության մեթոդները, բացի սրանից, ձկնաբուծությամբ զբաղվողները գնեցին մաքրման հատուկ համակարգեր[27]: Այնուամենայնիվ 2016 թվականի մայիսին՝ թթվածնի պակասի հետևանքով, Խարանգաոլ ծոցում 1500 տոննա ձուկ սատկեց: Գիտնականները այս երևույթը կապեցի լճում՝ աղտոտող նյութերի, կուտակման, անբարենպաստ եղանակային պայմանների և տեղի ձկնաբուծական տնտեսությունների ոչ ճիշտ գործունեության մեթոդների հետ[27]: Այս բոլոր դեպքերը բերեցին զգալի տնտեսական խնդիրների և տեղացիների վնասների: Ձկների զանգվածային սատկելը առաջինն էր 2004 թվականից այս կողմ, երբ հերպեսվիրուս 3 տեսակի հիվանդության պատճառով լճում սակեցին կարպ տեսակի ձկների մեծ մասը[27]:

Տոբա լճի շրջակա միջավայրի մյուս խնդիրների կողքին կան նաև հետևյալները՝ հողագործության մեջ օգտագործվող հողի հարստացուցիչները և սիլիտրան, անտառահատումները, և աղբի այրումը, որը շատ անգամ բերումը անտառային հրդեհների: Էկոլոգիային մեծ վնաս է հասցրել փակ ցելյուլոզի գործարանը: 1993 թվականին, գործարանից թունավոր նյութերի արտահոսքի պատճառով, լճի շրջակայքի գյուղերից 5000 մարդ ստիպված եղան լքել իրենց տները[1]: Ասախան գետի վրա գտնվող խոշոր ջրաէլեկտրակայանի, որը ապահովում էր էներգիայով ալյումինի գործարանը, գործունեության արդյունքում Տոբա լճի մակարդակը 2002 թվականին նվազեց մինչև կրիտիկական չափի: Սրա հետևանքով ջրաէլեկտրակայանը և ալյումինի գործարանը ստիպված եղան նվազեցնել իրենց հզորությունը, որը գործարանի սեփականատիրոջ խոսքերով բերում է մեծ վնասների[1]:

Բնակչություն և զբոսաշրջություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին եվրոպացին, ով թողել է լիճ այցելելու մասին փաստաթղթային հիշատակում, եղել է հոլանդացի լեզվաբան Հերման Նոյբրոններ վան դեր Տուկը: Նա նկատել է լիճը 1847 թվականին[4]: 1887 թվականի կազմվեց լճի շրջակայքի առաջին տեղագրական (տոպոգրաֆիական) քարտեզը[1]: Տոբայի շրջակա տարածքների՝, հոլանդացիների կողմից գաղութացումը տեղացիների հետ պարտիզանական կռիվների պատճառ դարձավ, մասնավորապես բատակների ազգի ցեղերի հետ, որը շարունակվեց մինչև 1907 թվականը[29]: Բատակին Ինդոնեզիական ազգերից մեկն է, որոնց թիվը ներկա պահին գերազանցում է 4 միլիոնը[30]: Լճի ափամերձ հատվածում ապրող բատակների մեծ մասը հանդիսանում են քրիստոնյա բողոքականներ: Բատակիների ավանդական տները իրենց բնորոշ կտուրներով և գունային գամմայով նկատվում են զբոսաշրջիկների և հետազոտողների կողմից[30]: Բացի սրանից տեղացիները հայտնի են փորագրություններով նավակներ պատրաստելու ունակությամբ: Նավակներն առաջ հանդիսանում էին Տոբա լճի շրջակայքում ապրող մարդկանց տեղաշարժի տրանսպորտի միակ միջոցը[29]:

Մեղմ եղանակը, յուրօրինակ բնությունը և տեղի մշակույթի պատմական ժառանգությունը դեպի Տոբա լիճ են գրավում էթնոտուրիզմի և էկոտուրիզմի սիրահարներին: Լիճ այցելելու լավագույն շրջանը հանդիսանում է մայիսը, երբ եղանակը տաքանում է և վերջանում են ձմռանն այստեղ բնորոշ առատ տեղումները: Սակայն զբոսաշրջիկների այցելլության առավելագույն քանակը լինում է հունվար-փետրվար ամիսներին, երբ տոնվում է չինական նոր տարին[31]:

Սամոսիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սամոսիրի կղզիների զբոսաշրջային առավել հայտնի տեղերից կարելի է առանձնացնել բատակիների առաջնորդ՝ Սիդաբուտարայի (ինդոն.՝ Sidabutar) դամբարանը, և Հուտարաջայում (ինդոն.՝ Hutaraja) գտնվող դամբարանը, ինչպես նաև Ամբարիտա (ինդոն.՝ Ambarita) գյուղի մոտ գտնվող բատակիների գյուղակի ավերակները[32]: Սիմանինդոյում (ինդոն.՝ Simanindo) տեղակայված է Սիմալունգունի (ինդոն.՝ Raja Simalungun) վերականգնված նստավայրը, ինչպես նաև Բատակիների թանգարանը, որտեղ ամեն օր տեղի են ունենում ավանդական պարային ներկայացումներ[33]: Կղզում է անցկացվում ամենամյա խամաճիկների փառատոնըէ Սիգալե Գալեն (ինդոն.՝ Sigale-gale)[34]: Սամոսիրում՝ Պանգուրուանա (ինդոն.՝ Panguruan) բնակավայրի մոտ, կան տաք աղբյուրներ, որոնք, սակայն ծծմբի վատ հոտի և շատ տաք լինելու պատճառով լողանալու համար պիտանի չեն[32]: Սամոսիրը ընդհանուր առմամբ ունի բավականին զարգացած զբոսաշրջային համակարգ, որը հիմնականում կենտրոնացած է կղզու հյուսիսարևելյան ափին գտնվող Տուկ-Տուկ (ինդոն.՝ Tuk-Tuk) գյուղում[33]:

Սիպիսո Պիսո ջրվեժ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիպիսո Պիսո ջրվեժն ունի 120 մետր բարձրություն: Այն գտնվում է Տոբայի հյուսիսային եզրին և հանդիսանում է Ինդոնեզիայի ամենաբարձր ջրվեժներից մեկը: Այն ձևավորվել է փոքր ստորգետնյա գետից, որը հետո թափվում է լիճ[35]:

Պրապատ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրապատ քաղաքը տեղակայված է Տոբայի արևելյան ափին: Այն հանդիսանում է տարածաշրջանի հիմնական տրանսպորտային հանգույցը, որը կապում է լիճը Մեդանում պրովինցիայի մայրաքաղաքի հետ[33] և ապահովում է Սամոսիրի հետ ուղիղ կապ[36][37]: 1920-ական թվականներին Պրապատը (ինդոն.՝ Parapat) դարձավ կուրորտային բնակավայր: Տներից շատերը պատկանում էին եվրոպացի պլանտատորներին (խոշոր կապիտալիստ-հողատերեր): 1948 թվականին քաղաքում են գտնվել Ինդոնեզիայի այդ ժամանակվա նախագահ Սուկարնոն և իր երկու զինակիցները՝ Մոհամեդ Հատան և Ագուս Սալիմը: Այն տունը, որտեղ նրանք պահվում էին, այժմ բաց է ցուցադրության համար[38]: Ներկա պահին Պրատապում զբոսաշրջիկները կարող են զբոսնել նավակներով, կանոեներով, կամ ջրային դահուկներով, զբաղվել ձկնորսությամբ, լողալ կամ գոլֆ խաղալ[39]:


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 1,21 1,22 1,23 «Experience and Lessons Learned Brief for Lake Toba» (անգլերեն)։ www.worldlakes.org։ Վերցված է 2016-11-17 
  2. 2,0 2,1 2,2 2,3 «LakeNet — Toba (Danau Toba)» (անգլերեն)։ www.worldlakes.org։ Վերցված է 2016-11-17 
  3. 3,0 3,1 3,2 «Modeling the Aquaculture Carrying Capacity Of Lake Toba, North Sumatra, Indonesia» (անգլերեն)։ www.edc.uri.edu։ Վերցված է 2016-11-17 
  4. 4,0 4,1 4,2 4,3 «ABOUT LAKE TOBA» (անգլերեն)։ www.sumatraecotourism.com։ Վերցված է 2016-11-17 
  5. «Waste Water Management in Lake Toba» (անգլերեն)։ www.worldlakes.org։ Վերցված է 2016-11-17 
  6. 6,0 6,1 6,2 «Lake Toba» (անգլերեն)։ britannica.com։ Վերցված է 2016-11-17 
  7. 7,0 7,1 «The Toba Caldera Complex» (անգլերեն)։ geo.mtu.edu։ Վերցված է 2016-11-17 
  8. 8,0 8,1 8,2 8,3 «Toba, Sumatra, Indonesia» (անգլերեն)։ volcano.oregonstate.edu։ Վերցված է 2016-11-17 
  9. 9,0 9,1 9,2 «The feeder system of the Toba supervolcano from the slab to the shallow reservoir» (անգլերեն)։ www.nature.com։ Վերցված է 2016-11-17 
  10. 10,0 10,1 10,2 «Тоба не приложился к "бутылочному горлу" человечества...»։ antropogenez.ru։ Վերցված է 2016-11-17 
  11. C. Oppenheimer Limited global change due to the largest known Quaternary eruption, Toba ≈74 kyr BP?(անգլ.) // Quaternary Science Reviews : журнал. — 2001. — Т. 21. — doi:10.1016/S0277-3791(01)00154-8
  12. «Supersized eruptions are all the rage!» (անգլերեն)։ USGS։ 28 апреля 2005։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-03-11-ին։ Վերցված է 2016-11-17 
  13. C. Y. Huang, M. X. Zhao, C. C. Wang, G. J. Wei Cooling of the South China Sea by the Toba Eruption and correlation with other climate proxies ∼71,000 years ago(անգլ.) // Geophysical Research Letters : журнал. — 2001. — В. 20. — Т. 28. — С. 3915—3918. — doi:10.1029/2000GL006113 — Bibcode2001GeoRL..28.3915H
  14. A. Robock, C. M. Ammann, L. Oman, D. Shindell, S. Levis, G. Stenchikov Did the Toba volcanic eruption of ∼74 ka B.P. produce widespread glaciation?(անգլ.) // Journal of Geophysical Research : журнал. — 2009. — В. 20. — Т. 114. — doi:10.1029/2008JD011652 — Bibcode2009JGRD..11410107R
  15. 15,0 15,1 15,2 15,3 «Кальдера Тоба»։ Global Volcanism Program։ Smithsonian Institution։ Վերցված է 2016-11-17 .
  16. M. R. Rampino, S. Self Volcanic winter and accelerated glaciation following the Toba super-eruption(անգլ.) // Nature : журнал. — 1992. — Т. 359. — doi:10.1038/359050a0
  17. F. J. Gathorne-Hardy, W. E. H. Harcourt-Smith The super-eruption of Toba, did it cause a human bottleneck?(անգլ.) // Journal of Human Evolution : журнал. — 2003. — Т. 45. — doi:10.1016/S0047-2484(03)00105-2
  18. C. A. Chesner, J. F. Luhr A melt inclusion study of the Toba Tuffs, Sumatra, Indonesia(անգլ.) // Journal of Volcanology and Geothermal Research : журнал. — 2010. — Т. 197. — doi:10.1016/j.jvolgeores.2010.06.001
  19. «Toba super-volcano catastrophe idea 'dismissed'» (անգլերեն)։ www.bbc.com։ Վերցված է 2016-11-17 
  20. «Toba volcano» (անգլերեն)։ VolcanoDiscovery.com 
  21. «Significant Earthquakes of the World»։ Геологическая служба США (USGS)։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-03-11-ին 
  22. 22,0 22,1 22,2 22,3 22,4 «Danau Toba (Lake Toba)»։ International Lake Environment Committee։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-03-11-ին 
  23. «Largest Lake Islands of the World» (անգլերեն)։ worldislandinfo.com։ Վերցված է 2016-11-17 
  24. «Lakes - Sumatra» (անգլերեն)։ www.sumatra-indonesia.com։ Վերցված է 2016-11-17 
  25. «Lake Toba - Sumatra» (անգլերեն)։ www.sumatra-indonesia.com։ Վերցված է 2016-11-17 
  26. 26,0 26,1 R.Cribb Historical Atlas of Indonesia. — Curzon Press, 2000. — 240 p. — ISBN 0-7007-0985-1
  27. 27,0 27,1 27,2 27,3 27,4 27,5 27,6 27,7 «Why did millions of fish turn up dead in Indonesia’s giant Lake Toba?» (անգլերեն)։ news.mongabay.com։ Վերցված է 2016-11-17 
  28. «PHYTOPLANKTON AND TROPHIC STATUS IN LAKE TOBA, NORTH SUMATRA» (անգլերեն)։ www.was.org։ Վերցված է 2016-11-17 
  29. 29,0 29,1 «Самое большое вулканическое озеро»։ geosfera.org։ Վերցված է 2016-11-17 
  30. 30,0 30,1 «Batak People»։ IndonesianMusic.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-03-11-ին 
  31. «Lake Toba, Sumatra» (անգլերեն)։ allindonesiatravel.com։ Վերցված է 2016-11-17 
  32. 32,0 32,1 «Things to Do at Lake Toba, Indonesia» (անգլերեն)։ goasia.about.com։ Վերցված է 2016-11-17 
  33. 33,0 33,1 33,2 «Travel Guide to Danau Toba in Sumatra, Indonesia» (անգլերեն)։ goasia.about.com։ Վերցված է 2016-11-17 
  34. БАМБУКОВЫЕ ШЕСТЫ "СИГАЛЕ-ГАЛЕ" // Вокруг света : журнал. — 1980. — Т. 2473. — № 2. — С. 68.
  35. «Sipiso-piso waterfall» (անգլերեն)։ www.indonesia-tourism.com։ Վերցված է 2016-11-17 
  36. «Lake Toba: Batak culture and relaxing» (անգլերեն)։ www.adventure-travel-tales-and-tips.com։ Վերցված է 2016-11-17 
  37. «Travel Guide for Lake Toba and Samosir Island in Sumatra» (անգլերեն)։ goasia.about.com։ Վերցված է 2016-11-17 
  38. «Parapat - Sumatra» (անգլերեն)։ www.sumatra-indonesia.com։ Վերցված է 2016-11-17 
  39. «Lake Toba, Indonesia» (անգլերեն)։ www.lakelubbers.com։ Վերցված է 2016-11-17