Մագմատիկ ապարներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մագմատիկ ապարներ, հրային ապարներ, ապարներ, որոնք առաջացել են հրահեղուկ մագման սառչելու և բյուրեղանալու հետևանքով։ Մագման կարող է սառչել ինչպես Երկրի խոր հորիզոններում, այնպես էլ Երկրի մակերևույթին՝ արտավիժելուց հետո։ Մագմատիկ ապարները, ըստ սառչելու պայմանների, լինում են ինտրուզիվ (խորքային) և էֆուզիվ (հրաբխային, արտավիժած), որոնք իրարից տարբերվում են ստրուկտուրայով և տեքստուրայով։ Ինտրա, զիվ ապարները (գրանիտ, սիենիտ, դիորիտ) մագմայի դանդաղ բյուրեղացման պատճառով ունեն լրիվ բյուրեղային ստրուկտուրա և ներդրվում են որպես բաթոլիթներ, շտոկներ, լակոլիթներ, երակներ և այլն։ էֆուզիվ ապարները (բազալտ, անդեզիտ, տուֆ) մագմայի արագ սառչելու հետևանքով ունենում են ոչ լրիվ բյուրեղային ստրուկտուրա, հագեցած են հրաբխային ապակիով և հաճախ տեղադրվում են որպես լավային հոսքեր ու ծածկույթներ։ Մագմատիկ ապարները սովորաբար կազմված են սիլիկատներից։ Նրանց գլխավոր բաղադրամասը սիլիկահողն է (Si02), ըստ որի պարունակության մագմատիկ ապարները լինում են՝ գերհիմքային (SiO2 < 40%), հիմքային (40-56%), միջին թթվության (56-65%), թթու (65-70%) և գերթթու (>75%)։ Սիլիկատներ չպարունակող մագմատիկ ապարները (օրինակ, կարբոնատիտներ) խիստ սակավ են։ Համապատասխանաբար փոխվում է նաև միներալների կազմը մագմատիկ ապարների առանձնացված խմբերում։ Գերհիմքային ապարները (պիրոքսենիտներ, դունիտներ, օլիվիններ) բաղկացած են միայն օլիվինից և պիրոքսենից, հիմքայիններում (գաբրո, բազալտ) առկա է նաև կալցիումային պլագիոկլազ։ Թթու ապարներում (գրանիտ, լիպարիտ, դացիտ) նվազում է մագնզիում-երկաթային ու կալցիումային սիլիկատների պարունակությունը, և հանդես են գալիս ալկալիական դաշտային սպաթներ ու քվարց։ Կախված ալկալիների պարունակությունից՝ մագմատիկ ապարների յուրաքանչյուր խմբում առանձնացվում են նորմալ և ալկալիական շարքի ապարներ (ալկալիական գրանիտներ, նեֆելինային սիենիտներ, ֆոնոլիտներ)։ Մագմատիկ ապարների տարբեր տիպերի հետ կապված են լինում տարբեր օգտակար հանածոներ (օրինակ, թթու ապարների հետ՝ կապար, վոլֆրամ, ոսկի, հիմքայինների հետ՝ տիտանամագնետիտ, պղինձ, գերհիմքային ապարների հետ՝ քրոմ, պլատին, նիկել, ալկալիականների հետ՝ տիտան, ֆոսֆոր, ապատիտ, ցիրկոնիում, հազվագյուտ հողեր)։ Նշված բոլոր մագմատիկ ապարները լայնորեն տարածված են ՀՀ-ում։ Մագմատիկ ապարները ունեն տնտեսական նշանակություն. կիրառվում են որպես շինանյութ (տուֆեր, լաբրադորիտներ և այլն), հղկանյութ (պեմզա) և ջերմամեկուսիչներ (պեմզա, պեռլիտ), ինչպես նաև հումք են արժեքավոր բաղադրիչների կորզման համար (օրինակ, ալյումինիում՝ նեֆելինային սիենիտներից)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 112 CC-BY-SA-icon-80x15.png