Անտառային հրդեհներ
Անտառային հրդեհներ, կրակի տարերայնորեն տարածումն անտառում, որի հետևանքով անտառը լրիվ կամ մասնակի ոչնչանում է։ Մեծ չափերի են հասնում խիտ և հատկապես ասեղնատերև անտառներում։ Առաջանում են բնական ճանապարհով (կայծակից, տորֆի ինքնաբռնկումից) և մարդու անզգուշությունից։ Անտառների հրդեհավտանգությունը պայմանավորված է տեղումների զգալի պակասով, որը բարձրացնում է օդի ջերմաստիճանը և նվազեցնում հարաբերական խոնավությունը։
Անտառային հրդեհների տեսակներ[խմբագրել]
Անտառային հրդեհները լինում են
- գետնամերձ (կրակը տարածվում է հողի մակերևույթով՝ այրելով չոր խաշամը, մամռան խոտածածկույթները, երբեմն նաև ենթանտառը և մատղաշը),
- սաղարթային (այրվում է նաև ծառերի սաղարթը),
- ստորգետնյա (այրվում են տորֆն ու փտած խաշամը, հաճախ կրակը չի նկատվում)
Հրդեհների մարում[խմբագրել]
Գետնամերձ հրդեհները հանգցնում են կրակի վրա հող, ավազ լցնելով, հարվածելով կտրած ճյուղերով, սաղարթայինը՝ բնական կամ արհեստական հակահրդեհային խոչընդոտներով, քիմիական նյութերով, ստորգետնյան՝ որոշ հեռավորության վրա փորելով 1 Մ լայնության և տորֆի շերտի հաստության ակոսներ։
Անտառային հրդեհները լինում են նաև անցումային (մի տիպի հրդեհը փոխարինվում է մյուսով) և խառը (տարբեր տիպերը տարածվում են միաժամանակ)։
Անտառային հրդեհները մեծ վնաս են հասցնում տնտեսությանը, փչացնում են փայտանյութը, նվազեցնում հողի բերրիությունը, ազդում ծառերի հետագա աճի և ծառուտների կազմի վրա, նպաստում վնասատուների տարածմանը և սանիտարահիգիենային վիճակի վատթարացմանը։
ՀՀ-ում հրդեհային անվտանգության միջոցառումներն իրականացնում է «Հայանտառ» կազմակերպությունը։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |