Խոզաբուծություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Խոզաբուծություն, անասնապահության ճյուղ, զբաղվում է խոզերի բուծմամբ՝ միս, ճարպ, կաշի և այլ մթերքներ ստանալու համար։ Ունի ժողտնտեսային կարևոր նշանակություն։ Անասնապահության համախառն արտադրանքի 20, իսկ գյուղատնտեսական ողջ արտադրանքի 10%-ը ստացվում է խոզաբուծությունից (1975)։

Խոզերն աչքի են ընկնում բարձր պտղատվությամբ և կերահատուցմամբ, վաղահասությամբ, հղիության շրջանի կարճատևությամբ։ Լավագույն տնտեսություններում մեկ հիմնական մերունի հաշվով տարեկան արտադրվում է ավելի քան 2,5 տ միս։ Հասակավոր խոզերի սպանդային ելքը՝ 80 - 85, մատղաշներինը 72 - 75% է։ 100 կգ կենդանի քաշով խոզի մսեղիքը պարունակում է 52% մկանային հյուսվածք, 38% ճարպ։ Խոզի միսը և ճարպը սննդարար մթերքներ են։ Մսի մարսելիությունը՝ 90 - 95, ճարպինը 98% է։ Միսը հարուստ է լիարժեք սպիտակուցներով, հանքանյութերով և վիտամիններով։ ՍՍՀՄ-ում արտադրված մսի հաշվեկշռում խոզի միսը 40%-ից ավելի է (1975)։ Խոզաբուծությունն ունի մսային, բեկոնային, մսաճարպային և այլ ուղղություններ։

Խոզաբուծությունն աշխարհում[խմբագրել]

Խոզաբուծությամբ մարդիկ զբաղվել են հնուց։ Մինչև XVIII - XIX դդ. եվրոպական երկրներում հիմնականում տարածված էին տեղական, ցածր մթերատու խոզեր։ XIX դարից Եվրոպայում, հատկապես Անգլիայում, ստեղծվեցին բարձր մթերատու ցեղեր։ Ռուսաստանում խոզաբուծությունը հետամնաց ճյուղերից էր, բուծվում էին տեղական, ցածր մթերատու խոզեր։ XIX դարի վերջերին, արդյունաբերության զարգացմանը զուգնթաց, Ուկրաինայում, Կենտրոնական սևահողային շրջաններում, Հյուսիսային Կովկասում ու Մերձբալթիկայում ձևավորվեց ապրանքային խոզաբուծությունը։ Սակայն խոզերի ընդհանուր գլխաքանակը դանդաղ էր աճում (1916 թվականին Ռուսաստանում կար 23 մլն խոզ)։

1972 թվականին աշխարհում խոզերի գլխաքանակը կազմել է 680 մլն, արտադրվել 40,1 մլն տ միս։

Խոզաբուծությունը նախկին ՍՍՀՄ-ում[խմբագրել]

Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությ֊ունից հետո սովետական կառավարության ձեռնարկած միջոցառումները նպաստեցին խոզաբուծության հետագա զարգացմանը։ Խոզերի գլխաքանակը 1928 թվականին հասավ 27,7 մլն, 1976 թվականին՝ մոտ 58,8 մլն։ Խոզերի գլխաքանակի ավելացմանը զուգընթաց ՍՍՀՄ-ում ստեղծվել են բարձր մթերատու ցեղեր, մշակվել խոզաբուծության արդյունաբերության հիմունքներով վարելու նոր ձևեր, կառուցվել պետական խոշոր արդյունաբերական, միջկոլտնտեսային, արտադրության փակ փուլով մասնագիտացված խոզաբուծական տնտեսություններ։

Խոզաբուծությունը Հայաստանում[խմբագրել]

Հայաստանում խոզերի բուծմամբ զբաղվել են հնագույն ժամանակներից։ Նախապատմական բնակատեղիներում (Թեղուտ, Շենգավիթ, Աղստև) հայտնաբերված խոզի ոսկորները, օտար և հայ մատենագիրների հաղորդած տեղեկությունները հաստատում են, որ Հայկական բարձրավանդակում խոզը ընտելացվել է մոտավորապես նեոլիթում։ XI դարից Հայաստանում խոզաբուծությունն աստիճանաբար անկում է ապրել, իսկ հետագայում՝ գրեթե վերացել։ 1920 թվականին Հայաստանում կար 5 200 գլուխ խոզ։ Սովետական կարգերի հաստատումից հետո խոզաբուծությունը սկսում է զարգանալ, և արդեն 1928 թվականին բուծվում էր մոտ 30 000, 1976 թվականին՝ 142 000 խոզ։

Հայաստանում խոզաբուծությունը կենտրոնացված է հիմնականում հյուսիս-արևելյան և Արարատյան դաշտի շրջաններում։ Այն արդյունաբերական հիմունքներով վարելու նպատակով կառուցվել է Սովետաշենի խոզաբուծական համալիրը, իսկ X հնգամյակի վերջում շահագործման է հանձնվել Թալինի շրջանում կառուցվող ևս երկու համալիր։ Սովետական Միության տարիներին լայն ծավալ է ստացել նաև խոզի մսի արտադրությունը միջտնտեսային ձեռնարկություններում։

Գրականություն[խմբագրել]

  • Волкопилов Б. П., Свиноводство, 4 изд., Л., 1968
  • Свиноводство, M., 1974.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png