Հորդացում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հորդացում, գետի ջրային ռեժիմի անկանոն վիճակ, ջրի մակարդակի կտրուկ տատանումով արագ, կարճատև բարձրացում և իջեցում՝ նույն արագությամբ։ Հաճախ նկատվում է գարնանը և աշնանը գետերի ջրերի բարձրացումով և իջեցումով, ուղեկցվում է հունից ափ դուրս գալով։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հորդացման տևողությունը հստակ չէ, կարող է տատանվել մի քանի ժամից մինչև մի քանի օր։ Բարձրությունը կարող է տատանվել՝ առանձին դեպքերում գերազանցելով վարարումների ամենամեծ թվին։ Տարվա ընթացքում կրկնվում է տարբեր ուժգնությամբ, և նույն վայրում հորդացման տևողությունը լինում է տարբեր։

Հորդացման պատճառները տարբեր են՝ տաք օդային զանգվածների ներթափանցման հետևանքով առաջացած հալոցքային ջրերն, հորդառատ անձրևներ, ջրամբարի պատվարի քանդվել (արհեստական հորդացում) և այլն։

Հայաստանում հորդացման հոսքի առավելագույն ցուցանիշները եղել են հետևյալ թվականներին՝ 1936, 1938, 1946, 1951, 1953, 1963, 1968, 1979, իսկ նվազագույնը՝ 1961 թվականին։ Հայաստանում հորդացման հետևանքով սելավներ առաջանում են հետևյալ գետերի և գետակների վրա՝ Գետառ, Դալար, Շաղափ, Ողջի, Տաշիր և Արեգունու լեռնաշղթայից Սևանա լիճ հոսող գետակներ։ Եղել են նաև դեպքեր, երբ սելավներն առաջացրել են ավերածություններ, օրինակ՝ Երևանում 1946 թվականին մայիսի 25-ին Գետառի և 1956 թվականի օգոստոսի 28-ին Ողջիի հորդացումները[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Այվազյան և ուրիշներ Հ․ Մ․ (2006)։ Հայաստանի բնաշխարհ․ հանրագիտարան։ Երևան: Տիգրան Մեծ։ էջեր 156–157