Վավերագրական ֆիլմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Վավերագրական կինոից)

Վավերագրական ֆիլմ (անգլ.՝ Documentary film, կամ ոչ գեղարվեստական կինո), կինեմատոգրաֆիաի տեսակ, երբ ֆիլմի հիմքում են իրական իրադարձություններ և անձինք։ Վավերագրական (անգլ.՝ documentary) տերմինը ֆիլմերի նկատմամբ առաջին անգամ առաջարկել է Ջոն Գրիրսոնը 1920-ականներին։ Մինչև այդ ֆրանսիացի ժուռնալիստները և քննադատները անվանում էին այդպես ճանապարհորդության նկարահանումների նյութով պատրաստված ֆիլմերը։

Վավերագրական կինոյում, որպես կանոն, դերասաններ չեն նկարահանվում, չեն օգտագործվում դեկորացիաներ և գեղարվեստական (խաղարկային) կինոյի այլ բաղադրիչներ։ Տարբերակվում են փաստագրական և վավերագրական կինոները։

Փաստագրական և վավերագրական կինոներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լյումիեր եղբայրներ (Օգյուստը աջից, ձախից Լուին)

Փաստագրությունը կինոյում օպերատիվ ինֆորմացիան է իրականության հրատապ փաստերի, անցքերի մասին, փաստի արձանագրումն ու համառոտ մեկնաբանությունը։ Կինոփաստագրությունը էկրան է բարձրանում կինոհանդեսների, հատուկ թողարկումների, թեմատիկ փաստագրական ֆիլմերի, իրադարձային ռեպորտաժների, կինոհարցազրույցների, կինոթղթակցությունների, կինոակնարկների, բնապատկերային ֆիլմերի, կինոֆելիետոնների ձևով։

Վավերագրական կինոն (կամ կինոհրապարակախոսությունը) փաստերը դիտում է ամբողջության մեջ, լայնորեն օգտագործվում են իրականության նյութի կերպարային իմաստավորման ու մարմնավորման հնարքները։

Փաստագրականի տարանջատումը վավերագրականից որոշ չափով պայմանական է, քանի որ կինոփաստագրության մեջ ևս հաճախ դրսևորվում են կերպարային հրապարակախոսության տարրեր, իսկ վավերագրական ֆիլմի հիմքն էլ փաստագրությունն է։ Հեռուստատեսության առկայության պայմաններում փաստագրական կինոն ավելի է հակվում դեպի կինոհրապարակախոսությունը։ Կինոարվեստը սկիզբ է առել փաստագրական նկարահանումներով (Լյումիեր եղբայրների «Գնացքի ժամանումը Սիոտա կայարան», 1895 և այլն)։

Վավերագրական կինոն 20–րդ դարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վավերագրական կինոն 20–րդ դարի սկզբին առավելապես ցուցադրել է քաղաքային իրադարձություններ, տարբեր ժողովուրդների կենցաղը, բարքերը, քաղաքային և գյուղական տեսարաններ, գիտության և տեխնիկայի նորույթներ։ 1920–1930-ականթ վականներին Վավերագրական կինոյի առաջադեմ ներկայացուցիչները (Ռոբերտ Ֆլաերտի, Յորիս Իվենս և ուրիշներ), հատկապես սովետական վարպետները (Ձիգա Վերտով, Վ․ Տուրին, Ռոման Կարմեն, Ալեքսանդր Մեդվեդկին և ուրիշներ) ընդլայնել են վավերաֆիլմի թեմատիկ շրջանակները, հանդես եկել սոցիալ–քաղական լուրջ ընդհանրացումներով և հարցադրումներով, մշակել կինոհրապարակախոսության գեղագիտական սկզբունքները, կիրառել վավերագրական պատումի, կերպավորման նոր եղանակներ ու միջոցներ։

Վավերագրական կինոն ԽՍՀՄ–ում[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդային Վավերագրական կինոյի գլխավոր թեման աշխատանքն է և աշխատավոր մարդը։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին (1941–1945) շուրջ 200 կինովավերագրողներ գտնվել են գործող բանակում։ Ետպատերազմյան տարիների, ինչպես և 1960–1980-ական թվականների, սովետական Վավերագրական կինոն բնութագրվում է երկրի խոշորագույն իրադարձությունների, աշխատանքի հերոսների վառ պատկերմամբ, քաղաքական սուր հնչողության ֆիլմերի, անցյալի ու ներկայի փաստերը համադրող, վերլուծող հրապարակախոսական, պրոբլեմային հրատապ կինոժապավենների ստեղծմամբ (Ռոման Կարմենի «Ասք Կասպիականի նավթագործների մասին», 1953, «Մեծ հայրենականը», 1965, Ռ․ Գրիգորևի «Երկնագույն կրակի մարդիկ», 1961, Ալեքսանդր Մեդվեդկինի «Ստորության օրենքը», 1962, Վիտալի Լիսակովիչի «Կատյուշա», 1964, Մ․ Ռոմի «Սովորական ֆաշիզմ», 1966, Գ․ Ֆրանկի «Առանց լեգենդների», 1967 և այլն)։ ԽՍՀՄ–ում Վավերագրական ֆիլմեր ստեղծվում են վավերագրական ֆիլմերի կենտրոնական ստուդիայում, ինչպես և բոլոր հանրապետություններում։ Տարեկան (1985) նկարահանվում է շուրջ 30 լիամետրաժ և ավելի քան 300 կարճամետրաժ վավերաֆիլմ, մոտ 1500 կինոպարբերական։

Վավերագրական կինոն Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում առաջին փաստագրական նկարահանումները կատարվել են 1907 թվականին։ Հայ սովետական Վավերագրական կինոն ստեղծել է հանրապետության կյանքի, սոցիալիստական վերափոխությունների հարուստ կինոտարեգրությունը։ «Հայկինոխրոնիկայի» Հայաստանի վավերագրական ֆիլմերի կինոստուդիայի (1982 թվականից՝ «Հայֆիլմ» ստուդիայի վավերագրական ֆիլմերի ստեղծագործական միավորում) նկարահանած բազմաթիվ կինոժապավեններ արժանացել են միջազգային և համամիութենական կինոփառատոների պարգևների։ Վավերագրական ֆիլմեր է թողարկում նաև հեռուստատեսային ֆիլմերի «Երևան» ստուդիան։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png