Օդերևութաբանություն
Օդերևութաբանություն, գիտություն մթնոլորտի և նրանում տեղի ունեցող պրոցեսների մասին։ Օդերևութաբանության հիմնական բաժինը մթնոլորտի ֆիզիկան է, որն ուսումնասիրում է մթնոլորտի ֆիզիկական երևույթների և պրոցեսների ընդհանուր օրինաչավւությունները։
Մթնոլորտի ֆիզիկայի ենթաբաժինները[խմբագրել | խմբագրել կոդը]
- Երկրամերձ շերտի ֆիզիկա
- Ազատ մթնոլորտի ֆիզիկա (աերոլոգիա)
- Մթնոլորտի բարձր շերտերի ֆիզիկա (աերոնոմիա)։
Մթնոլորտի ֆիզիկայի մաս են նաև ակտինոմետրիան ( ուսումնասիրում է մթնոլորտում արեգակնային ճառագայթման ու նրա վերափոխման օրինաչափությունները), մթնոլորտային օպտիկան (զբաղվում է մթնոլորտում տեղի ունեցող օպտիկական երևույթների ուսումնասիրությամբ), մթնոլորտային էլեկտրականությունը և մթնոլորտային ձայնագիտությունը։
Մթնոլորտում տեղի ունեցող քիմիական պրոցեսներն ուսումնասիրում է մթնոլորտի քիմիան։
Դինամիկական օդերևութաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մթնոլորտային երևույթներն ու պրոցեսները տեսական մեթոդներով ուսումնասիրող բաժինը կոչվում է դինամիկական օդերևութաբանությունը, որի գլխավոր խնդիրներից է եղանակի կանխատեսման հաշվարկային մեթոդների մշակումը։
Սինօպտիկական օդերևութաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Օդերևութաբանության մյուս բաժիններից են՝ սինօպտիկական օդերևութաբանությունը, որն զբաղվում է մեծ տարածությունների վրա եղանակային պայմանների տեղաբաշխման ու փոփոխման օրինաչափությունների ուսումնասիրմամբ և սպասվելիք եղանակի կանխատեսման մեթոդների մշակմամբ։
Կլիմայագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Օդերևութաբանության կարևոր բաժիններից է նաև կլիմայագիտությունը, որն զբաղվում է կլիմաառաջացնող գործոնների, դրանց փոխադարձ կապի ու ներգործության պայմանների, ինչպես նաև կլիմայի տատանման օրինաչափությունների ուսումնասիրությամբ։
Կիրառական բաժիններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Օդերևութաբանության մեջ ձևավորվել են նաև մի շարք կիրառական բաժիններ՝ գյուղատնտեսական օդերևութաբանությունը, ծովային օդերևութաբանությունը, բժշկական կլիմայագիաություն և այլն։
Օդերևութաբանական առաջին հետազոտությունները[խմբագրել | խմբագրել կոդը]
Օդերևութաբանական առաջին հետազոտություններն սկսվել են դեռևս անտիկ ժամանակներից (Արիստոտել), սակայն այն զարգացման մեծ առաջընթաց ապրեց 18-րդ դարի առաջին կեսերին, երբ ստեղծվեցին օդերևութաբանական առաջին գործիքները՝ ջերմաչափը և բարոմետրը։
Տեխնիկայի նորագույն նվաճումները[խմբագրել | խմբագրել կոդը]
Ժամանակակից օդերևութաբանությունը օգտագործում է ֆիզիկայի և տեխնիկայի նորագույն նվաճումները։ Օդերևութաբանական արբանյակների օգնությամբ կատարվում են դիտարկումներ ամբողջ երկրագնդի համար։ Ռադիոլոկացիոն սարքերի միջոցով կատարվում են ամպերի և մթնոլորտային տեղումների որոշակի դիտարկումներ և այլն։ Օգտագործվում է դիտարկումների ու տվյալների մշակման ավտոմատացումը։ Տեսական օդերևութաբանության հետազոտումների ժամանակ օգտագործվում են ԷՀՄ-ները։ Օդերևութաբանությունը առավել սերտորեն կապված է օվկիանոսագիտության և ցամաքի ջրաբանության հետ։ Տարբեր երկրների օդերևութաբանական գործունեությունը միավորում է օդերևութաբանական համաշխարհային կազմակերպությունը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 523)։ ![]() |