Ջրվեժ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ջրվեժ (այլ կիրառումներ)

Ջրվեժ, գետի այն հատվածը, որտեղ ջուրը բարձրությունից թափվում է։ Ջրվեժի մեծությունը կախված է բարձրությունից և թափվող ջրի քանակից։ Ջրվեժներով հարուստ են հիմնականում լեռնային գետերը։
Նիագարայի ջրվեժ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Թափվող ջրի քանակով աշխարհում ամենահզորը Նիագարայի ջրվեժն է (համանուն գետի վրա) Հյուսիսային Ամերիկայում։ Բարձրությունը 50 մ է, լայնությունը՝ 1200 մ։ Այծի կղզով բաժանվում է 2 մասի՝ մեծը՝ Կանադայի, փոքրը՝ ԱՄՆ-ի սահմաններում։ Առաջինում թափվող ջրի քանակը վայրկյանում կազմում է 5900 մ³, իսկ ջրի աղմուկը լսվում է 25 կմ հեռավորությունից։ Այստեղից էլ առաջացել է Նիագարա (տեղացիների լեզվով, նշանակում է «Մեծ աղմուկ») անունը։
Անխել ջրվեժ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Հարավային Ամերիկայում՝ Վենեսուելայի Չուրուն գետի վերին հոսանքում է գտնվում աշխարհի ամենաբարձր՝ Անխել ջրվեժը (1054 մ, կոչվել է օդաչու Անխելի անունով, ով 1935 թ-ին հայտնաբերել է այն)։
Վիկտորիա ջրվեժ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աֆրիկայում՝ Զամբեզիգետի վրա է գտնվում Վիկտորիա ջրվեժը, որի լայնությունը 1800 մ է, բարձրությունը՝ 120 մ։ Աղմուկը լսվում է տասնյակ կիլոմետրերի վրա, առաջացնում է ջրափոշու հսկայական սյուներ։ Գահավիժելով նեղ կիրճը՝ Զամբեզի գետն իր ճանապարհը հարթում է ժայռերի միջով: 1855 թվականին ջրվեժը հայտնագործել և Անգլիայի Վիկտորիա թագուհու անունով է կոչել անգլիացի ճանապարհորդ Դեյվիդ Լիվինգստոնը։ Տեղացիներն այդ ջրվեժն անվանում են Մոսի օա Տունյա՝ «Շառաչող ծուխ»։
Ջրվեժներն այնքան շատ են Նորվեգիայում, որ այն նաև ջրվեժների երկիր են անվանում։ Խոշոր ջրվեժներից է Ռուսաստանի Իտուրուպ կղզում (Կուրիլյան կղզիներ) գտնվող Իլյա Մուրոմեց ջրվեժը, որի բարձրությունը 141 մ է։
Հայաստանի ջրվեժները
[խմբագրել | խմբագրել կոդը]Բազմաթիվ ջրվեժներ կան նաև Հայաստանում։
| Ջրվեժի անունը | Գետի անունը | Բարձրությունը (մ) | Մարզ | |
|---|---|---|---|---|
| Գեղարոտի | Գեղարոտ | 17 | Արագածոտն | |
| Քասախի | Քասաղ | 70 | Արագածոտն | |
| Ամբերդի | Ամբերդ | 4 | Արագածոտն | |
| Խոսրովի | Գողթ | 8 | Կոտայք | |
| Աղստև | Աղստև | 3 | Տավուշ | |
| Թռչկան | Չիչխան | 23,5 | Լոռի | |
| Շաքի | Շաքի | 18 | Սյունիք | |
| Ծոփք | Ջերմուկ | 84 | Վայոց ձոր | |
| Որոտան | Որոտան | 6 | Սյունիք | |
| Լալվար | Լալվար | 8 | Լոռի | |
| Հերհեր | Հերհեր | 6 | Վայոց ձոր | |
| Մանթաշ | Մանթաշ | 5 | Շիրակ | |
| Ամասիա | Ամասիա | 6 | Շիրակ |
Հայաստանի ամենաբարձր ջրասահանք ջրվեժը Ջերմուկի ջրվեժն է։ Այն սկիզբ է առնում բազմաթիվ աղբյուրներից և մոտ 84 մ բարձրությունից թափվում Արփա գետը։ Որոտան գետի կիրճում՝ Սիսիան քաղաքից 3 կմ հյուսիս, գտնվում է Շաքիի ջրվեժը (համանուն գետի վրա)։ Մոտ 18 մ բարձրությունից թափվող այս գեղատեսիլ ջրվեժի ջրի մեծ մասն օգտագործվում է Շաքիի ջրէկում։
Ջրվեժները և ժամանակը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջրվեժներն անփոփոխ ու հարատև չեն։ Թափվող ջրի և նրա հետ շարժվող խոշոր քարերի վիթխարի ուժն աստիճանաբար տաշում, հղկում է անգամ ամենակարծր ապարները։ Գիտնականները ենթադրում են, որ Նիագարա ջրվեժը 20 հազար տարի հետո կարող է անհետանալ, քանի որ գետը ողողահարում, մաշում է ջրվեժի սանդղավանդը, վիթխարի քարերը ջարդվում են ու քշվում ջրի հետ (վերջին փլուզումներից մեկը տեղի է ունեցել 1956 թ-ին)։ Ամեն տարի Նիագարա ջրվեժը մոտ մեկ մետրով նահանջում է, և հնարավոր է, որ թնդյունով թափվող ջրի փոխարեն ժամանակի ընթացքում մնա հանդարտ ու սահուն հոսող մի գետ։

Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 546)։ |