Բանդունգի կոնֆերանս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բանդունգի կոնֆերանսի լիագումար նիստի ժամանակ

Բանդունգի կոնֆերանս, Ասիա-աֆրիկյան կամ Աֆրո-ասիական կոնֆերանս (ինդոն.՝ Konferensi Asia–Afrika), ասիական և աֆրիկյան պետությունների համաժողով։ Տեղի է ունեցել 1955 թվականի ապրիլի 18–24–ին, որին մասնակցում էին Ասիայի և Աֆրիկայի 29 երկրներ՝ մեծամասամբ նորանկախ։

Տեղի է ունեցել Բանդունգում (Ինդոնեզիա)։ Նախաձեռնողներից (Հնդկաստան, Բիրմա, Ինդոնեզիա, Պակիստան, Ցեյլոն) բացի կոնֆերանսին մասնակցում էին Աֆղանստանը, Կամբոջան, Չինաստանը, Եգիպտոսը, Եթովպիան, Ոսկե ափը, Իրանը, Իրաքը, Ճապոնիան, Հորդանանը, Լաոսը, Լիբանանը, Լիբերիան, Լիբիան, Նեպալը, Ֆիլիպինները, Սաուդյան Արաբիան, Սուդանը, Սիրիան, Թաիլանդը, Թուրքիան, Հյուսիային և Հարավային Վիետնամները, Եմենը։

Բանդունգի կոնֆերանսի մասնակիցները դատապարտեցին գաղութատիրությունը, ռասայական սեգրեգացիան և խտրականությունը, դիմեցին ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդին՝ աջակցելու Կամբոջայի, Ցեյլոնի, Ճապոնիայի, Հորդանանի, Լաոսի, Լիբիայի, Նեպալի և միացյալ Վիետնամի ՄԱԿ ընդունվելուն։

Եզրափակիչ կոմյունիկեի՝ ընդհանուր խաղաղությանն ու համագործակցությանն օժանդակելու վերաբերյալ հայտարարության հիմքում ընկած էին խաղաղ գոյակցության հինգ սկզբունքները։ Այդ նույն փաստաթուղթը պարունակում էր տնտեսական ու մշակութային համագործակցության, զինաթափման, ատոմային ու ջերմամիջուկային զենքի արտադրությունը, փորձարկումն ու գործադրումն արգելելու, ինչպես նաև վիճելի հարցերը խաղաղ միջոցներով կարգավորելու կոչ։ Բանդունգի կոնֆերանսը նպաստեց Ասիայի և Աֆրիկայի ժողովուրդների ազգային ինքնագիտակցության ամրապնդմանն ու ազատագրական շարժման հետագա զարգացմանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 279 CC BY-SA icon 80x15.png