Տարածքային ջրեր
Տարածքային ջրեր, տարածքային ծով, պետության ցամաքային կամ կղզիական տարածքային հարող և այդ տերիտորիայի բաղկացուցիչ մասը կազմող ծովային գոտի։ Տարածքային ջրերի իրավական ռեժիմն առաջին անգամ ընդունվել է տարածքային ծովի և հարող գոտու մասին ՄԱԿ-ի ժնևյան առաջին կոնֆերանսում (1958 թ.)։ ՄԱԿ-ի երրորդ կոնֆերանսում (1982 թ.) ընդունված կոնվենցիայի համաձայն, տարածքային ջրերում (ինչպես նաև դրանց վրայի օդային տարածությունում, ծովի հատակում ու դրա ընդերքում) պետությունն իրականացնում է իր գերիշխանությունը՝ պահպանելով միջազգային իրավունքի նորմերը։
Տարածքային ջրերով խաղաղ անցման իրավունք ունեն միջազգային կոնվենցիայի պահանջներով (անցումը չպետք է խախտի ափամերձ պետության անվտանգությունը և այլն) ղեկավարվող բոլոր պետությունների նավերը։ Տարածքային ջրերի լայնության հարցը միշտ եղել է վիճելի։ Կարծիքներ են եղել ճանաչել 3,6 կամ 12 ծովային մղոն լայնություն ունեցող շերտը, իսկ որոշ պետություններ միակողմանիորեն այն ընդարձակել են մինչև 200 ծովային մղոն։ ՄԱԿ-ի 3-րդ կոնֆերանսում 12 ծովային մղոնն ընդունվել է տարածքային ջրերի, 200 մղոնը՝ տնտեսական գոտու առավելագույն սահման։ Տարածքային ջրերի արտաքին սահմանն այն գիծն է, որի յուրաքանչյուր կետը ելակետային (բազիսային) գծի ամենամոտ կետից գտնվում է պետության հայտարարած տարածքային ջրերի լայնությանը հավասար հեռավորության վրա։ Տարածքային ջրերի ելակետային գիծը համարվում է պետության ծովափի երկարությամբ ամենամեծ տեղատվության գիծը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 670)։ ![]() |
|