Նոր կերպարվեստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Նոր կերպարվեստ» շարժում (ինդոն.՝ Gerakan Seni Rupa Baru, համաձայն ինդոնեզական խոսակցական բառապաշարի ավանդույթների՝ բավական գործածական է դարձել GSRB հապավումը, անգլ.՝ New Art Movement)․ ինդոնեզացի նոնկոնֆորմիստ նկարիչների միություն, որ գոյություն է ունեցել 1975-1979 թվականներին, ինչպես նաև ուղղություն ինդոնեզական կերպարվեստում, որ սկիզբ է առել այդ միության շնորհիվ։

«Նոր կերպարվեստ» շարժման ստեղծագործությունների համար, հաշվի առնելով հեղինակների ոճերի բազմազանությունը, բնութագրական է Սուհարտոյի վարչակարգի հասարակական-քաղաքական իրողությունների, Ինդոնեզիայի արևմտականացման գործընթացի քննադատական արտացոլումը, ազգայնական մոտիվների համադրումը ոչ ավանդական գեղարվեստական ձևերի ու ոճաձևերի հետ, երբեմն՝ էպատաժի տարրերով։ Նրանք ձևը համարել են ստեղծագործության նույնքան կարևոր բաղադրիչ, որքան նրա գաղափարական բովանդակությունը[1]։

Համարվում է անդերգրաունդի ամենանշանակալի արտահայտությունը 1970-ական թվականների Ինդոնեզիայի մշակութային կյանքում, մեծ ազդեցություն է ունեցել ազգային արվեստի հետագա զարգացման վրա։ 1980-ական թվականների երկրորդ կեսին փորձեր են արվել վերականգնել այդ ուղղության ներկայացուցիչների մի մասի կոլեկտիվ գործունեությունը։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մատարամի կառավարչուհի Կեն Դեդեսի դասական պատկերում բոդիսատվայի կերպարով, որը ծառայել է որպես նախահիմք Ջ․ Սուպանգկատի նկարի համար

«Նոր կերպարվեստ» շարժման նախակարապետը դարձել է «Ջոկյակարտացի հինգ երիտասարդ նկարիչների խումբ» (ինդոն.՝ Kelompok Lima Pelukis Muda Yogyakarta) միությունը[2], որը ձևավորվել է 1972 թվականին Ինդոնեզիայի Ջոկյակարտա քաղաքում․ «Հնգյակի» հայեցակարգային գաղափարներից ու գեղարվեստական ոճաձևերից շատերը հետագայում զարգացվել են «Նոր կերպարվեստ» շարժման շրջանակներում[3]։

1975 թվականի սկզբին տեղի է ունեցել «Հնգյակի» անդամների ծանոթությունը բանդունգցի նկարիչ Ջիմ Սուպանգկատի հետ, որը հանդես է եկել համատեղ ցուցահանդես անցկացնելու նախաձեռնությամբ[3]։ Հինգ ջոկյակարտացիների, Ջիմ Սուպանգկատի ու չորս այլ երիտասարդ բանդունգցի գեղանկարիչների աշխատանքների կոլեկտիվ ցուցահանդեսը, որ կազմակերպվել է Ջակարտայում 1975 թվականի օգոստոսին, կոչվել է «Նոր կերպարվեստի ցուցահանդես»։ Կազմակերպիչներն ընդգծել են իրենց արվեստի սկզբունքային նորությունը՝ հայտարարելով նրան նախորդած ժամանակակից ինդոնեզական արվեստի ձևերի մահվան մասին․ ցուցանդեսի շենքում՝ Ջակարտայի «Թաման Իսմայիլ Մարզուկի» (ինդոն.՝ Taman Ismail Marzuki) մշակույթի կենտրոնում տեղադրվել են սգո պսակներ համապատասխան գրություններով[4][5]։

Ցուցադրվող աշխատանքներից ամենաշատը քննադատների ուշադրությանն արժանացել են Ջիմ Սուպանգկատի «Կեն Դեդեսը»[6] և Ջոկյակարտայից Հարսոնոյի (ինդոն.՝ Harsono) «Թուլացած շղթան»։ Առաջինը, որում պատկերված է միջնադարյան ճավայական պետության լեգենդար թագուհի Մաջապահիտը չկոճկված ջինսով, ներկայացվել է որպես բողոքի նշան ընդդեմ Ինդոնեզիայի արևմտականացման ու զանգվածային մշակույթի ճնշող ազդեցության[4]։ Երկրորդը, որում պատպերված էին շղթաներով փաթաթված նավաստիեր, մեկնաբանվել է որպես ինդոնեզացիների անձնական իրավունքների խախտում Սուհարտոյի ամբողջատիրական վարչակարգի կողմից[7]։

Ցուցահանդեսի արդյունքում, որ դարձել է նշանակալի իրադարձություն Ինդոնեզիայի մշակութային կյանքում, նրա մասնակիցները հայտարարել են նոր նկարչական ուղղության՝ «Նոր կերպարվեստ» շարժման ձևավորման մասին՝ ընդունելով բանավոր մանիֆեստ, որում սահմանվել են շարժման հինգ ստեղծագործական սկզբունքները։ Շարժման հիմնական գաղափարը չի ենթադրել որոշակի խիստ կազմակերպվածություն և պաշտոնական ղեկավարության առկայություն։ Նրա գլխավոր նախաձեռնողները, գաղափարական ոգեշնչողներն ու ոչ պաշտոնական առաջնորդները համարվել են Ջիմ Սուպանգկատն ու Հարսոնոն[8]։

Սկզբունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բացահայտություն և բազմակարծություն
  • Էլիտիզմի, նեղ մասնագիտականության, սոցիալական խնդիրների նկատմամբ անձնական զգացմունքների առաջնության մերժում
  • Երևակայության ազատություն և պայքար դիդակտիկայի ու մենթորության դիկտատուրայի դեմ
  • Ժամանակակից ինդոնեզական արվեստի պատմության ուսումնասիրում
  • Ակտիվ ներգրավվածություն հասարակության կյանքում[4]

Ստեղծագործական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միանալով շարժմանը և երդվելով հավատարիմ լինել նրա գաղափարական սկզբունքներին՝ երիտասարդ նկարիչները պահպանել են ժանրային ու ոճական բավական տարբեր մոտեցումներ։ Հիմնական ուղղությունը մնացել է գեղանկարչությունը, սակայն որոշ հեղինակներ ստեղծել են գրաֆիկակական աշխատանքներ ու քանդակներ, ինչպես նաև Ինդոնեզիայում առաջին ինստալյացիաները[5][9]։

Շարժման մասնակիցների համար ընդհանուր է եղել իրենց ժամանակակից Ինդոնեզիայի հասարակական-քաղաքական իրականության, մասնավորապես ռազմական վարչակարգի տոտալիտար, բռնի արդիականացման ու արևմտականացման մեթոդների ժխտողական պատկերումը։ Միևնույն ժամանակ նրանց բոլորովին խորթ են եղել սոցիալիստական ռեալիզմի սկզբունքները և ձախամետ հայացքներն, որ տարածված էին արվեստի գործիչների շրջանում նախորդ ժամանակաշրջանում՝ Սուկառնոյի տիրապետության օրոք։ Շրջապատող միջավայրը քննադատվել է մարդասիրական, գեղագիտական ու հաճախ նաև հայրենասիրական տեսանկյունից[4]։

Ազգային վաղեմի արժեքներին ապավինելը նկարիչներին չի խանգարել օգտագործել Ինդոնեզիայի համար ոչ ավանդական մեթոդներ ու ոճաձևեր, որոնք մասամբ փոխառվել էին արևմտյան անդերգրաունդից։ Երբեմն շարժման առանձին ներկայացուցիչների արվեստը ձեռք է բերել էպատաժային ձևեր, օրինակ՝ կտավին փակցված միջատներ կամ այնպիսի նկարներ, որոնք շատերի կողմից ընկալվել են որպես պոռնոգրաֆիա[4]։

Շարժման հիմքը եղել են 1975 թվականի ցուցահանդեսի տասը հիմնական մասնակիցները, որոնք ապրել և ստեղծագործել են հիմնականում Ջոկյակարտա և Բանդունգ քաղաքներում։ Հետագայում շարժմանն իրենց պատկանելության մասին հայտարարել են նոր նկարիչներ, իսկ նրա սկզբնական մասնակիցներից ոմանք ժամանակի ընթացքում թողել են ստեղծագործական գործունեությունը[5]։

Պաշտոնական քննադատության և Ինդոնեզիայի ավագ սերնդի բազմաթիվ նկարիչներից կողմից շարժման գործունեությունը գնահատվել է որպես բավական վատատեսական, նրա գաղափարական օտարությունն ու քաղաքական անհուսալիությունը շեշըվել են արվեստի ու մշակույթի ոլորտի պաշտոնատար անձանց կողմից։ Չնայած նրան, որ շարժման ոչ մի մասնակից բռնաճնշումների չի ենթարկվել, նրանցից շատերն զգացել են մշտական ճնշում վերահսկող տարբեր գերատեսչությունների կողմից, դժվարությունների են հանդիպել ցուցահանդեսների կազմակերպման ու արտասահմանյան ուղևորությունների մեկնելու հարցերում[4][5][7]։

1979 թվականին տեղի է ունեցել շարժման ինքնացրումը։ Նրան մասնակցած նկարիչների մեծ մասը դրանից հետո շարունակել է ստեղծագործել, սակայն շատերի ակտիվությունը նվազել է, գաղափարակիցների համատեղ ցուցահանդեսներ ու ժողովներ այլևս չեն կազմակերպվել[3]։

Ազդեցություն Ինդոնեզիայի մշակույթի վրա, վերստեղծելու փորձեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած «Նոր կերպարվեստ» շարժումը գոյություն է ունեցել բավական կարճ ժամանակ, այն մեծ ազդեցություն է ունեցել երկրի մշակութային կյանքի և ազգային արվեստի հետագա զարգացման վրա․ որոշ ուսումնասիրողներ հակված են շարժումը համարել ժամանակակից ինդոնեզական մշակույթի սկիզբ[10]։ Նրա մասնակիցներից շատերը շարունակել են իրենց ակտիվ ստեղծագործական գործունեությունը՝ տարբեր չափով հետևելով շարժման սկզբունքներին․ մասնավորապես Հարսոնոն (2010 թվականի դրությամբ) մնում է Ինդոնեզիայի ամենաբեղմնավոր և ամենաճանաչված նկարիչներից մեկը[7][11]։ Կրտսեր սերնդի նկարիչների բազմաթիվ ներկայացուցիչներ ընդունել են շարժման գաղափարներն ու գեղարվեստական մեթոդները[4][5]։

1980-ական թվականներին պարբերաբար ծագել են «Նոր կերպարվեստ» շարժումը վերսկսելու գաղափարներ։ 1987 թվականի հունիսին՝ Ջակարտայում «Նոր կերպարվեստ» շարժման հիմնադրման 12-ամյակի նախօրեին, նույն «Թաման Իսմայիլ Մարզուկիում» անցկացվել է 1975 թվականի ցուցահանդեսի մասնակիցների մեծ մասի աշխատանքների ցուցահանդես «Ֆանտազիաների աշխարհի սուպերմարկետ» (ինդոն.՝ Pasaraya Dunia Fantasi) խորագրով, որը բազմաթիվ քննադատների կողմից մեկնաբանվել է որպես «Նոր կերպարվեստ» շարժման վերածնունդ[12]։ Սակայն հետագայում թեկուզ հեռավոր կերպով «Նոր կերպարվեստ» շարժումը հիշեցնող ձևաչափով զանգվածային կոլեկտիվ միջոցառումներ չեն իրականացվել[4][5]։

Շարժման ստեղծագործական ժառանգությունը մինչ օրս շարունակում է ակտիվորեն ուսումնասիրվել ինդոնեզացի ու օտարերկրացի արվեստագետների, ինչպես նաև նրա մի շարք անմիջական մասնակիցների կողմից[10]։ Շարժման մասին տեղեկությունների առավել լիակատար աղբյուրը, 2010 թվականի դրությամբ, Ջիմ Սուպանգկատի խմբագրությամբ 1979 թվականին հրատարակված ժողովածուն է[13]։

Հիմնական մասնակիցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջիմ Սուպանգկատ
  • Հարտոնո
  • Անյուլ Սուբրոտո (ինդոն.՝ Anyool Subroto)
  • Բախտիար Զայնուլ (ինդոն.՝ Bachtiar Zainoel)
  • Պանդու Սուդևո (ինդոն.՝ Pandu Sudewo)
  • Նանիկ Միրնա (ինդոն.՝ Nanik Mirna)
  • Մորյոտո Հարտոյո (ինդոն.՝ Muryoto Hartoyo)
  • Հարսոնո (ինդոն.՝ Harsono)
  • Մուննի Արդհի (ինդոն.՝ Munni Ardhie)
  • Հարդի
  • Ռիս Պուրվանա (ինդոն.՝ Ris Purwana)
  • Սիթի Ադիյատի (ինդոն.՝ Siti Adiyati)[5]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Seni Rupa Baru — в: Погадаев, В. Малайский мир (Бруней, Индонезия, Малайзия, Сингапур). Лингвострановедческий словарь. М.:"Восточная книга", 2012, с. 589
  2. Հայտնի է եղել նաև այդ անվան KLPMY հապավումով։
  3. 3,0 3,1 3,2 Harsono (3 мая 2003 года). «Deciphering the map of Indonesian visual art communities» (անգլերեն). Karbon Journal. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 8 февраля 2011 года-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 Patrick D. Flores. «International Congress of Aesthetics 2007 «Aesthetics Bridging Cultures». Post-Colonial Perils: Art and National Impossibilities» (PDF) (անգլերեն). Արխիվացված (PDF) օրիգինալից 2012 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 8 февраля 2011 года-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 «100 Tahun Seni Lukis Modern Indonesia» (ինդոնեզերեն). 9 октября 2008 года. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 8 февраля 2011 года-ին.
  6. «Կեն Դեդես»
  7. 7,0 7,1 7,2 Prodita Sabarini — «Jakarta Post» թերթի էլեկտրոնային տարբերակ (27 апреля 2010 года). «FX Harsono: Testimonies through art» (անգլերեն). Jakarta Post. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 8 февраля 2011 года-ին.
  8. «Jim Supangkat» (անգլերեն). Zentrum für Kunst und Medientechnologie Karlsruhe. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 8 февраля 2011 года-ին.
  9. Sarah Murray (1999 год). «The Art of Life, Indonesian Style» (անգլերեն). Urban View. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 8 февраля 2011 года-ին.
  10. 10,0 10,1 «The Japan Foundation Asia Center Art Seminar Series. International Symposium Avant-garde in Asia: Presentation Summary» (անգլերեն). Japan Foundation. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 10 февраля 2011 года-ին.
  11. «FX Harsono» (անգլերեն) — Творческая биография Харсоно на личном сайте художника. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 10 февраля 2011 года-ին.
  12. «Exhibition "Pasaraya Dunia Fantasi"» (անգլերեն). Indonesian Visual Art Archive. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 8 февраля 2011 года-ին.
  13. «Gerakan seni rupa baru Indonesia : kumpulan karangan» (անգլերեն). National Library of Australia. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 10 февраля 2011 года-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Jim Supangkat (editor) Gerakan seni rupa baru Indonesia : kumpulan karangan. — Jakarta, 1979.