Անդերգրաունդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անդերգրաունդ, անդեգրաունդ (անգլ.՝ underground – ընդհատակ, ընդհատակյա, under – տակը, ներքևում, ground – հող, հարթակ, հատակ), ստեղծագործական ուղղությունների ամբողջություն ժամանակակից արվեստում (երաժշտություն, գրականություն, կինո, կերպարվեստ և այլն), որոնք հակադրվում են զանգվածային մշակույթին, մեյնսթրիմին և պաշտոնական արվեստին։ Անդեգրաունդը ներառում է ոչ ֆորմալ, անկախ կամ գրաքննության կողմից արգելված արվեստի տեսակներ և գործեր։ Անդերգրաունդի և մեյսթրիմի սահմանը հստակ չէ, քանի որ անդերգրաունդից սկիզբ առած արվեստի շատ տեսակներ և գործեր ժամանակի ընթացքում դարձել են հանրաճանաչ և զանգվածային[1]։

Անդերգրաունդի համար բնորոշ են հիմնական գաղափարախոսությունից անջրպետված լինելը, ոճական և լեզվական սահմանափակումների անտեսումը, համընդհանուր արժեքներից, նորմերից, սոցիալական և գեղարվեստական ավանդույթներից հրաժարվելը, հաճախ՝ հասարակության էպատաժը, խռովությունը[2][3]։ Անդեգրաունդը մերժում և հաճախ խախտում է հասարակության մեջ ընդունված քաղաքական, բարոյական և էթիկական կողմնորոշումներն ու վարքագծի կարծրատիպերը՝ առօրյայում ներդնելով վարքագծի նոր սխեմաներ։ Ամերիկյան և Եվրոպական անդերգրաունդի բնորոշ թեմատիկան է «սեռական հեղափոխությունը», թմրանյութերը, հակաօրինական գործողությունները, մարգինալ խմբերի խնդիրները։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերմինը ծագել և սկսել է օգտագործվել 20-րդ դարի երկրորդ կեսին։ Անդերգրաունդին են վերագրվել ռոք երաժշտության որոշ տեսակներ, ինչպիսիք են էքստրեմալ և ավանգարդ մետալը և գրանջը։ Հիփ-հոփից «անդերգրաունդ» հասկացությանը կարելի է վերագրել Ջի-ֆանկն ու Գանգստա-ռեփը։  Հաճախ աղքատ շրջանների լատինա- և աֆրոամերիկացիները փոքր խմբերով հավաքվել են կամուրջների տակ, այգիներում և հին ակումբներում ռեփ կատարելու և ռեփ-բաթլների համար։ Հետագայում այդ «հավաքույթներից» էլ ձևավորվել են անդերգրաունդային ոճեր, որոնք հետագայում դարձել են շատ սիրված։

Խորհրդային Միությունում անդեգրաունդն ստացել է այլ ձևեր։ Պաշտոնական գրաքննության պատճառով ոչ պաշտոնական, այսինքն՝ իշխանությունների կողմից չճանաչված արվեստը, ներառյալ երաժշտությունն ու գրականությունը, հայտնվել է անդերգրաունդի շրջանակներում՝ փորձելով գոյատևել և երբեմն ստիպված լինելով ստեղծել իր ենթամշակույթը։ Այդպես հայտնվել են անկախ գրքային հրապարակումները՝ սամիզդատը (ռուս.՝ самиздат), երաժշտության անդերգրաունդային տարածումը՝ մագնիտիզդատը, ոչ պաշտոնական համերգները՝ «квартирник»։ Բացի այդ, խորհրդային անդեգրաունդի զգալի մասը քաղաքականացվել է, քանի որ զանգվածային արվեստում արտահայտված ցանկացած ընդդիմություն հանվել է նույն գրաքննության պատճառով[1]։

1993 թվականին Յուրի Շևչուկը գրել է.

Իսկ ի՞նչ է անդեգրաունդը։ Եթե դա հավերժական փողի չունենալն է, նկուղում փորձ անելը, փոփ մշակույթի և հերթական հիմար քաղաքականության մերժումը, եթե դա երաժշտության հանդեպ անկեղծ սերն է, եթե դա նոր ձևերի և անսպասելի լուծումների որոնում է, որոնք կարող են հավերժական հարցերը դնել ավելի սուր, ժամանակակից, դարաշրջանին համահունչ, ապա հենց մենք ենք անդեգրաունդը։ Եվ եթե անդեգրաունդն անվերջ հավաքույթներն են, խմելն և թմրանյութերը, հերթական գազանանոցը, ոտքերի արանքում իր խնդրի մասին անհասկանալի մռթմռթացողը, ապա սատանան նրա հետ[4]։

Գլոբալիզացիայի, ինտերնետի և սոցիալական ցանցերի ի հայտ գալուց հետո անդեգրաունդն ավելի լղոզված հասկացություն է դարձել, քանի որ անհետացել են կատարողների և հրատարակչությունների միջև եղած ակնհայտ խոչընդոտները, իսկ քաղաքականացվածությունն իր տեղը զիջել է սպառմանը և գովազդին։ Այն, ինչը կարող էր համարվել ընդհատակյա, դարձել է պահպանողական, սովորական և մատչելի։ Այսպիսով, 21-րդ դարում անդեգրաունդ կարելի է անվանել ցանկացած բան, որը այդպիսին չէ, բայց գրավում է լսարանի ուշադրությունը[5]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Альтернативная культура. Энциклопедия. — М.: Ультра. Культура. Д. Десятерик. 2005.
  2. Большой Энциклопедический словарь. 2000
  3. «Глоссарий.ру». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 1-ին.
  4. ДДТ: «Черный пес Петербург». Интервью, взятое у самого себя
  5. Архангельский андерграунд: жив или мёртв?

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդերգրաունդ» հոդվածին։