Պալեոգեն
Պալեոգեն, կայնոզոյի խմբի ամենահին համակարգն է, որը համապատասխանում է երկրի զարգացման կայնոզոյան դարաշրջանի առաջին էտապին։
Պալեոգեն համակարգը հաջորդում է կավճի և նախորդում նեոգենի համակարգին։
Անավանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Պալեոգեն անունը առաջարկել է գերմանացի երկրաբան Կ․ Նաումանը, 1866 թվականին։ Պպալեոգենի շերտագրական ուսումնասիրությունը սկսվել է Փարիզի շրջակայքից, որտեղ անջատվել են տեղական հարկեր, որոշվել են նրանց ֆացիաները, հնէաշխարհագրությունը և բրածո ֆաունայի բնույթը։
Ռադիոերկրաբանական մեթոդներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռադիոերկրաբանական մեթոդներով որոշված է պալեոգենի բացարձակ հասակը՝ ստորին սահմանը՝ 68±2 միլիոն տարի, վերինը՝ 25±2 միլիոն տարի։ Պալեոգենի նստվածքները ստորաբաժանվում են բաժինների և ենթաբաժինների՝
Հարկային և զոնային ստորաբաժանումները կրում են տեղական բնույթ։
Պալեոգենի նստվածքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պալեոգենի նստվածքներն ունեն լայն տարածում, ներկայացված են նստվածքային, հրաբխածին նստվածքային, հրաբխածին և ցամաքային ֆացիաներով։ Նրանց բազմաֆացիալ բնույթը պայմանավորված է այդ ժամանակաշրջանում բազմիցս տեղի ունեցած ինտենսիվ տեկտոնական շարժումներով, որոնք ուղեկցվել են հրաբխականությամբ (ստորջրյա, ցամաքային), և որոնց հետևանքով երբեմնի գեոսինկլինալները վերածվել են գեոանտիկլինալների։
Հայաստանի տարածքում պալեոգենի ծովային նստվածքները լայն տարածում ունեն հարավային և հարավ-արևմտյան, իսկ հրաբխածին և հրաբխածին նստվածքային ապարները՝ հյուսիսային և արևելյան շրջաններում։ Ցամաքային ֆացիայով է ներկայացված վերին օլիգոցենը Մերձերևանյան շրջանում։ Պալեոգենի ցամաքային ֆաունան խիստ տարբերվում է կավճի դարաշրջանի ֆաունայից։
Սկզբնավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]Պալեոգենի սկզբում մահացել են սողունների մեծ խմբեր (դինոզավրեր, թռչող թեփամորթներ, ծովային թեփամորթներ, իխտիոզավրեր, պլիոզավրեր)․ գոյություն են ունեցել երկկենցաղները, ոսկրավոր ձկները, լայն տարածում են ունեցել ցածրակարգ կաթնասունները, միջատները, կրծողները, փափկամորթները, միաբջիջ կենդանիներից՝ ֆորամինիֆերները և հատկապես նոլմուլիտիդները։
Պալեոգենի նստվաձքները հարուստ են գորշ ածխի (Հարավային Կովկաս, Հեռավոր Արևելք, Գերմանիա, ԱՄՆ, Կանադա), գազի և նավթի (Կարպատներ, Կովկաս, Հարավային Կովկաս, Նախակովկաս, Միջին Ասիա, Հեռավոր և Միջին Արևելք, Էլզաս, Կալիֆոռնիա, Վենեսուելա ևն), սաթի (Մերձբալթյան երկրներ և Դնեպրադոնեցկյան գոգավորություն), բիտումինային թերթաքարերի (Կարպատներ, Ղրիմ, Կովկաս, Միջին Ասիա), ֆոսֆորիտներ ՌԴ, Թունիս, Ալժիր, Մարոկկո և այլն), մանգանի (Ուկրաինա, Հարավային Կովկաս, Մանգըշլակ), երկաթի (Տուրգայի գոգավորություն, Արևմտասիբիրական հարթավայր), բոքսիտների (Ուկրաինա, Ղազախստան, ԱՄՆ, Հնդկաստան), դիատոմիտների (Մերձվոլգյան շրջան, Արևմտյան Սիբիր), կալիումական աղերի (Էլզաս, Իսպանիա) ևնի հանքավայրերով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 82)։ |