Մարդահամար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Մարդահամար, տարվա որևէ կոնկրետ պահին երկրի, նրա վարչական առանձին միավորների տարածքում բնակվողներից յուրաքանչյուրի ժողովրդագրական, տնտեսական, սոցիալական, կրթական, էթնիկական և այլ հատկանիշները բնութագրող տվյալների հավաքման պրոցես։ Մարդահամար անցկացնելու նպատակով մշակվում է միասնական ծրագիր, ուր արտահայտվում են յուրաքանչյուր բնակչի ժողովրդագրական (սեռ, տարիք, ընտանեկան դրություն), տնտեսական (զբաղմունք, տնտեսական գործունեության ասպարեզ, կապիտալիստական երկրներում՝ նաև անհատի դիրքը զբաղմունքի մեջ, երբեմն՝ գործազրկությունը), էթնիկական (ազգություն, լեզու, դավանանք) հատկանիշները, կրթությունը (գրագիտության աստիճան, դպրոց հաճախելը), սոցիալական դրությունն ու անձը բնութագրող այլ հատկանիշներ (քաղաքացիություն, ծննդավայր, բնակավայրի փոփոխություն, ֆիզիկական և հոգեկան արատներ, մասնակցություն պատերազմի և այլն)։ Կարևորվում են նաև սոցիալական այս կամ այն խմբին պատկանելությունը բնութագրող հատկանիշները։ Բնակչության առանձին խմբերի համար ծրագիրն առավել ընդարձակ է, իսկ որոշ հարցեր կրում են ընտրանքային բնույթ։ Մարդահամար անցկացվում է կարճ ժամկետում (մի քանի օր կամ շաբաթ), բայց բոլոր տեղեկությունները հավաքվում են սովորաբար հաշվեգրման նախօրյակի կեսգիշերի դրությամբ, այդ պահից առաջ մահացածները կամ հետո ծնվածները չեն հաշվառվում։ Տեղեկությունները հավաքում են հատուկ հրահանգավորված հաշվառները՝ բնակարանները շրջելով։ Հաշվառման թերթիկները լրացնում են հաշվառները՝ բանավոր հարցմամբ, կամ բնակիչները։ Տեղեկությունների հիմքը բնակչի բանավոր պատասխաններն են, այլ ոչ թե փաստաթղթերը։ Անձանց վերաբերյալ անհատական տեղեկություններ հրապարակելը, հաշվառումից դուրս թողնելը կամ կրկնահաշվառումը բացառվում են։ Մարդահամարի նյութերը մշակվում են ԷՀՄ-ով, առավել կարևոր տվյալները հաշվառվում են նախապես, երբեմն ընտրանքային մեթոդով։ Նյութերի լրիվ մշակումը տնում է մի քանի տարի։ Ռուսաստանում XVIII-XIX դդ. բնակչության հաշվառումն անց էր կացվում վերստուգման ընթացքում, աշխատանոցային (կամերալային) ցուցակագրությամբ (1806 թվականին, 1832 թվականին, 1873 թվականին, իսկ 1886 թվականին՝ ընտանեկան ցուցակագրությամբ) գրանցվում էին բնակավայրը, նրա ծխերի ու շնչերի թիվը, բնակիչների սեռատարիքային կազմը։ Բնակչությանը հարկելու նպատակով ցուցակագրում էին միայն տղամարդկանց, այդ պաաճաոով հաշվաոման տվյալները բնակչության իրական թվին չէին համապատասխանում։ Համընդհանուր մարդահամար Ռուսաստանում իրականացվել է միայն 1897 թվականին։ Մարդահամար է կատարվել նաև միջնադարյան Հայաստանում։ Արևելյան Հայաստանում աշխատանոցային ցուցակագրությունը կատարվել է 1829-1832 թվականներին, առանձին վայրերում այն տևել է մինչև 1934 թվականը։ Որոշ տվյալներ ճշտելու համար ցուցակագրություն է կատարվել նաև 1842 թվականին։ ԽՍՀՄ-ում մարդահամարներն անցկացվել են 1920 թվականին, 1923 թվականին (միայն քաղաքային բնակչության), 1926 թվականին, 1937 թվականին (նյութերը խոտանվել են), 1939 թվականին, 1959 թվականին, 1970 թվականին և 1979 թվականին։ Դրանք իրականացվում են հիմնականում տասնամյակի իններորդ տարվա սկզբին, քանի որ ստացված նյութերը դաոնում են ժողտնտեսության զարգացման և կուլտուրական շինարարության գալիք հնգամյակների գիտական պլանավորման հիմք։ Արտասահմանում կանոնավոր մարդահամարները սկսվել են XVIII դ. վերջին-XIX դ. սկզբին (ԱՄՆ-ում՝ 1790 թվականին, Շվեդիայում՝ 1800 թվականին, Մեծ Բրիտանիայում՝ 1801 թվականին)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 306 CC-BY-SA-icon-80x15.png