Երկրաջերմային էլեկտրակայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Երկրաջերմային գործարան Ֆիլիպիններում

Երկրաջերմային էլեկտրակայան՝ երկրի ընդերքի ջերմությունը էլեկտրական էներգիայի փոխակերպող էլեկտրակայան։

Ջերմության ստորգետնյա աղբյուրներ են Երկրի կեղևում տեղի ունեցող ռադիոակտիվ փոխակերպումները, քիմիական ռեակցիաները և այլն։ Երկրի մակերևույթից 2000-3000 մետր խորության վրա շրջապտույտ կատարող ջրերի ջերմաստիճանը հասնում և անցնում է 100 °C-ից։ Մեծ խորություններում շրջապտույտ կատարող ջրերը զգալիորեն տաքանում են և կարող են Երկրի մակերևույթ դուրս բերվել հորատանցքերով։ Հրաբխային շրջաններում այդ ջրերն ունեն առավել բարձր ջերմաստիճան և երկրակեղևի ճեղքերով բարձրանում են վեր՝ երբեմն անջատվելով գերտաքացած շոգու ձևով։

Երկրաջերմային էլեկտրակայաններում էլեկտրաէներգիայի արտադրությունն իրականացվում է ուղիղ, ոչ ուղիղ և խառը սխեմաներով։

Ուղիղ սխեմայի դեպքում ընդերքից դուրս եկող բնական շոգին խողովակներով ուղարկվում է տուրբին։ Աշխատած շոգին և կոնդենսացված ջուրն օգտագործում են ջերմաֆիկացման համար և երբեմն՝ քիմիական արդյունաբերության մեջ։

Ոչ ուղիղ սխեմայի դեպքում կատարվում է շոգու նախնական մաքրում ագրեսիվ (ուժեղ կոռոզիա առաջացնող) գազերից։

Խառը սխեմայի դեպքում չմաքրված բնական շոգին մտնում է տուրբին, ապա կոնդենսացված ջրից հեռացվում են չլուծված գազերը։

Շոգեջրային խառնուրդը մինչև 840 կշ/կգ (200 կկալ/կգ) ջերմությամբ հորատանցքերով դուրս է բերվում երկրի մակերևույթ և ուղղվում դեպի զատիչ սարքերը, որտեղ 0,23 Մն/մ² (2,3 մթնոլորտ) ճնշման տակ անջատվում է ջրից և մտնում տուրբին, իսկ 120 °C ջերմաստիճանի ջուրը օգտագործվում է բնակավայրերի ջերմամատակարարման համար։

Հայաստանում ստորգետնյա տաք ջրերը (Ջերմուկի, Հանքավանի և այլն) ջերմաէներգետիկական նպատակներով չեն օգտագործվում բարձր կոռոզիոն հատկության և ուժեղ հանքայնացման պատճառով‌[փա՞ստ]։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 626 CC-BY-SA-icon-80x15.png