Երկաթի հանքաքար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Երկաթի հանքանյութից)
Jump to navigation Jump to search
հեմատիտ
Պղինձ
ծծումբ

Երկաթի հանքաքար, երկաթ պարունակող բնական միներալային հումք, որից մետաղի ստացումը տնտեսապես շահավետ Է։ Երկաթի հանքաքարի հիմնական միներալներն են՝ մագնետիտը (FeFe2Օ4, 72,4% Fe), տիտանամագնետիտը (մինչև 7,5% TiՕ2 պարունակող մագնետիտ), հեմատիտը (Fe2Օ3, 70,0% Fe), հիդրոհեմատիտը (Fe2Օ3 nH20, մոտ 50% Fe), գյոթիտը (Fe2Օ3·H2Օ (մոտ 63% Fe), սիդերիտը (FeCՕ3, 48,2% Fe) և երկաթ պարունակող քլորիտները (27-38% Fe)։ Ըստ գերակշռող հանքային միներալի, առանձնացվում են երկաթի հանքաքարի հետևյալ արդյունաբերական տիպերը՝

  • Գորշ երկաթաքարեր կամ երկաթի հիդրօքսիդային հանքանյութեր
  • Կարմիր երկաթաքարեր կամ հեմատիտայիև հանքանյութեր
  • Մագնիսային երկաթաքարեր կամ մագնետիտ-տիտանամագնետիտային հանքանյութեր
  • Սիդերիտային կամ կարբոնատային հանքանյութեր
  • Սիլիկատային հանքանյութեր
  • Երկաթաբեր քվարցիտներ

Հայտնի են նաև երկաթի համալիր հանքանյութեր, որոնք պարունակում են նիկելի, քրոմի, վանադիումի, կոբալտի, մանգանի, պղնձի և այլ մետաղների զգալի խառնուրդներ։ Երկաթի հանքաքարերը սովորաբար պարունակում են նաև վնասակար խառնուրդներ՝ ծծումբ, ֆոսֆոր, արսեն։

Ըստ առաջացման պայմանների երկաթի հանքաքարի հանքավայրերը լինում են՝

  • Մագմատիկ, օրինակ, Կուսայի, Կաչկանարի, Այրոն-Մաունթինի (ԱՄՆ), Բուշվելդի (Հարավային Աֆրիկա)
  • Կոնտակտ-մետասոմատիկական, հիմնականում սկառնային՝ Կուստանայի, Լեռնային Շորիայի, Դաշքեսանի , Այրոն-Սպրինգսի (ԱՄՆ)
  • Հիդրոթերմալ՝ Չատախիի, Աբայիլի
  • Նստվածքային՝ Կերչի, Այատի, Տուլայի, Լիպեցկի (ՌԴ), Լոթարինգիայի (Ֆրանսիա, Լյուքսեմբուրգ)
  • Հողմնահարման կեղևի՝ Մալկայի, Ալապանսկի
  • Մետամորֆային՝ Կուրսկի մագնիսային անոմալիայի, Կրիվոյ ռոգի (ՌԴ), Վերին լճի (ԱՄՆ), Հնդկաստանի, Բրազիլիայի և ուրիշ վայրերի երկաթաբեր քվարցիտների խոշորագույն հանքավայրերը։

Հայաստանում երկաթի հանքաքարի զգալի կուտակումներ կան Սվարանցի (մագմատիկ), Կողբի, Հրազդանի (սկառնային), Բովերի-Ղաշի, Աբովյանի (հիդրոթերմալ) և Հաղարծինի (նստվածքային) հանքավայրերում։ Ըստ առաջացման և երկաթի գերակշռության՝ ՀՀ տարածքում առանձնացվում են մագմայական տիտանամագնետիտային (Սվարանցի), սկառնային մագնետիտային (Հրազդանի, Բազումի, Աղավնաձորի), փոխակերպային, ջրաջերմային հեմատիտային (Կողբի, Այրիջրի), ջրաջերմային-միներալատեղակալված մագնետիտ-ապատիտային (Կապուտանի), փոխակերպային մագնետիտ-քվարցիտային (Մեղրածորի), նստվածքային մագնետիտ-ավազաքարային (Հաղարծնի և Լալվարի) արդյունաբերական և ծագումնաբանական տիպերը։ Արդյունաբերական նշանակություն ունեն մագմայական, ջրաջերմային միներալատեղակալված և սկառնային տիպի հանքավայրերը։

Երկաթի հանքաքարի համաշխարհային պաշարների 90%-ը կենտրոնացած է մետամորֆային,մագմատիկ և նստվածքային հանքավայրերում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մաղաքյան Ի․ Գ-, Մետաղային հանքավայրեր, Երևան, 1958
  • Геология Армянской ССР, т․ 6․ Металлические полезные ископаемые, Eреван, 1967
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 596 CC-BY-SA-icon-80x15.png
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png