Նեոկանտականություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Նեոկանտականություն, նորկանտականություն, սուբյեկտիվ իդեալիստական դպրոցների շարք։ Ծագել է XIX դարի 2֊-րդ կեսին, Գերմանիայում, «Ետ դեպի Կանտը» լոզունգի ներքո։ Նեոկանտական դպրոցներին բնորոշ է Ի, Կանաի փիլիսոփայական ուսմունքի մեկնաբանումը մատերիալիզմի տարրերից հրաժարման ոգով՝ գլխավորապես կապված «ինքնին իրի» մեկնաբանման հետ։ Առաջինը ձևավորվել է ֆիզիոլոգիական դպրոցը (Ֆ․ Լանգե)։ Օգտագործելով զգայարանների ֆիզիոլոգիայի (Ցո․ Պ․ Մյուլլեր, Հ․ Հելմհոլց) տվյալները՝ այս դպրոցի ներկայացուցիչները գիտակցության ձևերի ապրիորիությունը համարում էին ճանաչող սուբյեկտի ֆիզիոլոգիական և հոգեբանական կազմակերպման արդյունք։ Նեոկանտականության այս տարատեսակը ամբողջովին զարգացել է ֆիզիոլոգիական իդեալիզմի գաղափարների հունով։ XIX դարի վերջի և XX դարի սկզբի բուրժական փիլիսոփայության զարգացմանը նպաստել են Նեոկանտականության Բադենյան և Մարբուրգյան դպրոցները։ Բադևնյան դպրոցի (Վ․ Վինդելբանդ, Հ․ Ռիկերտ և այլն) հետազոտություններում կարևոր տեղ է գրավել բնության և մշակույթի մասին գիտությունների տարբերակման խնդիրը։ Զարգացվել է գիտությունները ոչ թե ըստ առարկայի, այլ ըստ մեթոդի տարբերակելու գաղափարը, բնության մասին գիտություններին հատուկ է «ընդհանրացնող» կամ «նոմոթետիկ» (օրենք սահմանող) մեթոդը, իսկ մշակույթի մասին գիտություններին՝«անհատականացնող» կամ «իդեոգրաֆիկ» (առանձնահատուկը նկարագրող) մեթոդը։ Ըստ այդմ բխեցվում էր, որ պատմական գիտությունները և բարոյական փիլիսոփայությունը չունեն ընդհանուր գիտական օրենքներ սահմանելու ունակություն։ Բադենյան դպրոցը առաջադրել է պատմական գիտությունների համար արժեք հասկացության նշանակության հարցը՝ հակադրելով այն ճշմարտությանը, իսկ պատշաճը՝ գոյություն ունեցողին։ Արժեքը դիտարկվել է իբրև գոյություն չունեցող, սակայն նշանակություն ունեցող մի բան, որպես մշտապես անհասանելի իդեալ։ Մարբուրգյան դպրոցի ներկայացուցիչները (Հ․ Կոհեն, Պ․ Նատորպ, Է. Կասիրեր են) առանձնակի ուշադրություն են դարձրել տրամաբանամաթեմատիկական և բնագիտական հասկացությունների իմացաբանության վերլուծությանը։ Հրաժարվելով «ինքնին իրը» որպես զգայությունների աղբյուր ըմբռնելուց՝ այս դպրոցը ձգտել է իմացությունը զտել զգայական բովանդակությունից և այն հանգեցնել հասկացությունների կառուցման զուտ տրամաբանական պրոցեսի։ Նրա ներկայացուցիչները ժխտել են հասարակական զարգացման օրենքների օբյեկտիվ բնույթը և պնդել, որ սոցիալական նպատակները և իդեալները պետք է ունենան բացառապես բարոյական հիմնավորում։ Ելնելով դրանից, նրանք առաջարկել են մարքսիզմը լրացնել նեոկանտականությամբ և զարգացրել են «բարոյական սոցիալիզմի» ըմբռնումը։ Մարբուրգյան դպրոցի սոցիոլոգիական գաղափարները դարձել են II Ինտերնացիոնալի մի շարք գործիչների (է․ Բեռնշտայն, Կ․ Շմիդ և այլն) մարքսիզմի նեոկանտական ռևիզիայի հիմքը։ Այս գաղափարները որոշակի ազդեցություն են ունեցել Ռուսաստանում -«լեգալ մարքսիզմի» (Պ․ Ստրուվե և այլն) վրա։ Ռևիզիոնիզմի այս տարատեսակի ջախջախիչ քննադատությունը արել են Գ․ Վ․ Պլեխանովը և Վ․ Ի․ Լենինը։ XX դարի 30-ական թվականներին նեոկանտականության ազդեցությունը նվազել է, և այն դադարել է գոյություն ունենալ որպես ինքնուրույն հոսանք։ Արժեքի նեոկանտական տեսության ազդեցությունը ներկայումս գլխավորապես նկատվում է բուրժական մարդակենտրոն փիլիսոփայության որոշ դպրոցներում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 227 CC-BY-SA-icon-80x15.png