Սիլլոգիզմ
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Սիլլոգիզմ (հուն. συλ-λογισμός-մտահանգում), դեդուկտիվ միջնորդավորված մտահանգում, որի մեջ մեկ ընդհանուր տերմին (հասկացություն) ունեցող երկու պարզագույն հատկության դատողություններից (նախադրյալներ) բխեցվում է մի այլ դատողություն (եզրակացություն)` նախադրյալների ընդհանուր տերմինի նկատմամբ մյուս տերմինների ծավալային (որոշ ըմբռնմամբ` բովանդակային) հարաբերակցության հիման վրա։ Նախադրյալներից մեկում եղած այն տերմինը, որը եզրակացության մեջ դառնում է սուբյեկտ, կոչվում է փոքր տերմին (S), իսկ այդ նախադրյալը՝ փոքր նախադրյալ, մյուս նախադրյալում եղած այն տերմինը, որը եզրակացության մեջ դառնում է պրեդիկատ, կոչվում է մեծ տերմին (P), իսկ այդ նախադրյալը՝ մեծ նախադրյալ։ Երկու նախադրյալներում էլ առկա տերմինը, որը չի անցնում եզրակացության մեջ, կոչվում է միջին տերմին (M)։
Ըստ նախադրյալներում միջին տերմինի գրաված դիրքի (սուբյեկտ է, թե պրեդիկատ) սիլլոգիզմը ունի չորս տեսակ՝ ֆիգուր.
- I- ֆիգուրի բանաձևն է՝ M-P, S-M, S-P(«Մարդը մահկանացու է, Սոկրատեսը մարդ է, հետևաբար, Սոկրատեսը մահկանացու է»)
- II- բանաձևը՝ P-M, S-M, S-P(«Ազնիվ մետաղները չեն օքսիդանում, երկաթն օքսիդանում է, հետևաբար, երկաթն ազնիվ մետաղ չէ»)
- III- բանաձևը՝ M-P, M-S, S-P(«Սունկը տերև չունի, սունկը բույս է, հետևաբար, որոշ բույսեր տերև չունեն»)
- IV- բանաձևը՝ P-M, M-S, S-P(«Ձուկը կաթնասուն չէ, որոշ կաթնասուններ ջրային կենդանիներ են, հետևաբար, որոշ ջրային կենդանիներ ձուկ չեն»)։
Ըստ սիլլոգիզմը կազմող դատողությունների քանակի և որակի, ֆիգուրներն ունեն տարբեր թվով ենթատեսակներ՝ մոդուսներ, ընդամենը՝ 24 (որից 5-ը՝ այսպես կոչված, թուլացված մոդուս), որոնք բավարարում են սիլլոգիզմի ընդհանուր և մասնավոր ֆիգուրների կանոններին։ Մտածողության պրակտիկայում սիլլոգիզմը հանդես է գալիս նաև կրճատ (էնթիմեմա), բարդ (պոլիսիլլոցիզմ), բարդ-կրճատ (էպիխեյրեմա, սորիտ) ձևերով։ Հաճախ սիլլոգիզմ են կոչվում նաև պայմանական, բաժանարար և այլ մտահանգումները, և այդ կապակցությամբ բուն սիլլոգիզմը կոչվում է կատեգորիկ սիլլոգիզմ, որը նպատակահարմար չէ (մասնավորապես խիստ դժվարանում է ընդհանրապես սիլլոգիզմի սահմանումը)։ Սիլլոգիզմի տեսությունը (Սիլլոգիստիկան) ստեղծել է Արիստոտելը։ Սիլլոգիստիկան վերլուծել են նաև հին և միջնադարյան հայ մտածողները (Դավիթ Անհաղթ, Հովհան Որոտնեցի, Սիմեոն Ջուղայեցի, Հովհաննես Մրքուզ և այլք)։