Հովհաննես Մրքուզ (փիլիսոփա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox auteur.png
Հովհաննես Մրքուզ
Ծնվել է1643 Նոր Ջուղա, Իրան
Մահացել է1715 Նոր Ջուղա, Իրան
Ազգությունհայ
Մասնագիտությունփիլիսոփա, նկարիչ և աստվածաբան
Գործունեության ոլորտփիլիսոփայություն
Տիրապետում է լեզուներինհայերեն, պարսկերեն և արաբերեն

Հովհաննես Մրքուզ, (նաև Հովհաննես Ջուղայեցի, Հովհաննես Սպահանեցի, 1643, Նոր Ջուղա - 1715, Նոր Ջուղա), հայ փիլիսոփա-աստվածաբան, տրամաբան, քերական, նկարիչ։ 1661 թվականին ձեռնադրվել է քահանա, 1669 թվականին՝ վարդապետ։ Հայերեն ու պարսկերեն զուգահեռաբար գրել է ութ մեծածավալ և այլ աշխատություններ, պարսկերեն և արաբերեն թարգմանել Ավետարանն ու այլ գործեր։

Փիլիսոփա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննես Մրքուզն աշխարհի սկզբնապատճառ համարել է Աստծուն։ Ճանաչողությունը, ըստ նրա, սկսվում է զգայությունից և ընթանում դեպի աստվածային էության իմացությունը։ Աստծու գոյությունը նա փորձում է ապացուցել նախ բնական փաստերով և ապա միայն Աստվածաշնչի ու եկեղեցու հայրերի հեղինակությամբ։ Հովհաննես Մրքուզն անդրադարձել է այդ ժամանակ տարածված լյութերական շարժմանը, նրա մեջ տեսել ազգային ինքնագիտակցության ու ազգային-ազատագրական պայքարի տարրեր։ Բացահայտել է աշխարհիկ ու հոգևոր իշխանությունների և նրանց վարած քաղաքականության միջև սերտ կապը, քննադատել իշխանական կամայականություններն ու անօրինակությունները, առաջ քաշել մարդու անձեռնմխելիության պահանջը։ Շարունակելով Արիստոտելի, Դավիթ Անհաղթի, Սիմեոն Ջուղայեցու և ուրիշների տրամաբանական ուսմունքների գաղափարները՝ քննարկել է տրամաբանության առարկայի, ուսումնասիրության մեթոդի, մյուս գիտությունների համար նրա նշանակության, ինչպես նաև մտահանգումների տեսության հետ կապված մի շարք հարցեր, առաջադրել նոր և ուրույն գաղափարներ։ «Համառօտ քերականութիւն և տրամաբանութիւն, որ է Քերթութիւն բառի և կրթութիւն բանի» (հրատարակված՝ 1711 թ.) աշխատության մեջ իր քերականական սկզբունքներով նույնպես հետևել է Սիմեոն Ջուղայեցուն՝ առարկան բաժանելով «նյութի» (տառ, վանկ, բառ) և «տեսակավորության» (բան)։ Ըստ նրա՝ բաղաձայնները երեք տեսակ են՝ «լերկ», «թավ» և «միջակ»։ Խոսքի մասերը քննելիս՝ ելնում է նրանց շարահյուսական արժեքից և բաժանում երկու խմբի՝ անուն և բայ (սրանք կարող են «ենթակայանալ» և «ստորոգիլ»)։ Անդրադարձել է հոլովմանն ու խոնարհմանը, դերանուններին, ինչպես նաև շարահյուսության, կետադրության, ուղղագրության հարցերին։

Նկարիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննես Մրքուզը հայտնի է նաև որպես նկարիչ։ Ղեկավարել է Նոր Ջուղայի Ամենափրկիչ վանքի Հովսեփ Հարեմաթացի եկեղեցու ձևավորումը։ Նրան են վերագրվում «Քրիստոսի կյանքը», «Գրիգոր Լուսավորչի կյանքը», «Լուսավորչական եկեղեցու յոթ խորհուրդները» նկարաշարերը։ Հովհաննես Մրքուզը ժամանակի ճանաչված դիմանկարիչներից էր։ Իր ինքնանկարն արվեստագետը զետեղել է նույն եկեղեցու խորանի աջ կողմի «Չննջող ակն» հորինվածքում։ Պատկերներ է ստեղծել նաև Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու համար («Տաճարի ընծայումը», «Տասներկու տարեկան Հիսուսը քարոզելիս» և այլն)։ Նրա աշխատանքներին բնորոշ են դիմագծերի անհատականացված բնութագրումներ, հոգեբանական շեշտադրումներ, բնանկարի ռեալիստական ըմբռնումներ։ Ելնելով նկարչական իր գործունեությունից՝ Հովհաննես Մրքուզը զարգացրել է նաև գեղագիտական հետաքրքիր գաղափարներ։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գիրք Համառօտ․․․, Նոր Ջուղա, 1688։
  • Դաւանութիւն կամ Կրթութիւն հաւատոյ, Նոր Ջուղա, 1688։
  • Գիրք որ կոչի Սրբազնագործութիւն, Մադրաս, 1812։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Խաչատուր Ջուղայեցի, Պատմութիւն Պարսից, Վաղ-պատ, 1905, էջ 153-218։
  • Ջահուկյան Գ․, Գրաբարի քերականության պատմություն, Ե․, 1974, էջ 150-159։
  • Ղազարյան Մ․, Հայ կերպարվեստը XVII-XVIII դարերում, Ե․, 1974, էջ 32-50։
  • Ցուցակ ձեռագրաց Մաշտոցի անվան Մատենադարանի, հ․ 1-2, Ե․, 1965-70։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png