Նվազագույն աշխատավարձ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ցուցարարները կոչ են անում բարձրացնել նվազագույն աշխատավարձը՝ մինչև 1 ժամի համար $15, 2015 թվականին։


Նվազագույն աշխատավարձ, այն նվազագույն վարձատրությունը, որը գործատուները կարող են օրինական կերպով վճարել իրենց աշխատողներին, գների հատակը, որից ցածր գնով աշխատողները չեն կարող վաճառել իրենց աշխատանքը։ Երկրների մեծ մասը նվազագույն աշխատավարձի մասին օրենսդրությունը մտցրել է 20-րդ դարի վերջին:

Առաջարկի և պահանջարկի մոդելները ենթադրում են, որ նվազագույն աշխատավարձերի պատճառով կարող են լինել բարեկեցության և զբաղվածության կորուստներ: Այնուամենայնիվ, եթե աշխատաշուկան գտնվում է մոնոպսոնիայի վիճակում (միայն մեկ գործատու է աշխատանքի ընդունում), նվազագույն աշխատավարձերը կարող են բարձրացնել շուկայի արդյունավետությունը: Նվազագույն աշխատավարձերի ամբողջական ազդեցությունների մասին միշտ կան բանավեճեր[1]:

Նվազագույն աշխատավարձերի համար շարժումը առաջին հերթին բխում էր որպես գործարաններում աշխատողների շահագործումը դադարեցնելու միջոց լինելուց, այն գործատուների կողմից, ովքեր կարծում էին, որ աշխատողների նկատմամբ անարդար բանակցությունների իրավունք ունեն: Ժամանակի ընթացքում նվազագույն աշխատավարձերը սկսեցին դիտարկվել որպես ավելի ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին օգնելու միջոց: Արհմիություններին պարտադիր անդամակցությունը ժամանակակից ազգային օրենքները, որոնք սահամնում են արհմիություններին պարտադիր անդամակցությունը, որոնք էլ իրենց անդամների համար սահմանում էին նվազագույն աշխատավարձեր, առաջին անգամ ընդունվեցին Նոր Զելանդիայում և Ավստրալիայում 1890-ականներին:

Չնայած նվազագույն աշխատավարձի մասին օրենքները գործում են շատ օրենսդրական համակարգերում, նվազագույն աշխատավարձի առավելությունների և թերությունների վերաբերյալ տարբեր կարծիքներ կան: Նվազագույն աշխատավարձի կողմնակիցներն ասում են, որ այն բարձրացնում է աշխատողների կենսամակարդակը, նվազեցնում է աղքատությունն ու անհավասարությունը և խթանում բարոյական վիճակը: Ի տարբերություն դրա, նվազագույն աշխատավարձի հակառակորդները ասում են, որ այն մեծացնում է աղքատությունն ու գործազրկությունը, քանի որ ցածր աշխատավարձ ստացող որոշ աշխատողներ «չեն կարողանա աշխատանք գտնել․․․(և) կմղվեն դեպի գործազուրկների շարքերը», և վնասում է բիզնեսին, քանի որ չափազանց բարձր նվազագույն աշխատավարձերը բիզնեսից պահանջում են բարձրացնել արտադրանքի կամ ծառայության գները՝ ավելի բարձր աշխատավարձ վճարելու լրացուցիչ ծախսերը հոգալու համար։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայիս նվազագույն աշխատավարձի մասին օրենքները ծագում են Աշխատավորների հրամանագրից (1349), որը Էդուարդ III թագավորի հրամանագիրն էր, որով միջնադարյան Անգլիայում աշխատողների համար սահմանվում էր առավելագույն աշխատավարձ: Էդուարդ III թագավորը, ով հարուստ հողատեր էր, իր լորդերի նման կախում ուներ հողը մշակող ճորտերից: 1348 թվականի աշնանը Սև մահը հասավ Անգլիա և սկսեց վերացնել բնակչությունը: Աշխատուժի խիստ պակասը բարձրացրեց աշխատավարձերը և դրդեց Էդուարդ III թագավորին սահմանել աշխատավարձի առաստաղ։ Հրամանագրի հետագա փոփոխությունները, ինչպիսիք են Աշխատողների Կանոնադրությունը (1351), ավելացրեցին սահմանված դրույքաչափերից բարձր աշխատավարձ վճարելու դիմաց տույժերը։

Չնայած աշխատավարձերը կարգավորող օրենքները սկզբնապես սհմանում էին տրվող հատուցման առավելագույն չափը, դրանք ի վերջո օգտագործվեցին կենսապահովման մինիմում սահմանելու համար: Ժամանակի ընթացքում Հաշտարար Դատավորը, որը սահմանում էր առավելագույն աշխատավարձ, նույնպես սկսեց սահմանել պաշտոնական նվազագույն աշխատավարձեր: Այս պրակտիկան վերջնապես ձևավորվեց 1604 թ.-ին Ջեյմս I թագավորի կողմից տեքստիլ արդյունաբերության աշխատողների համար նվազագույն աշխատավարձը սահմանող օրենքի ընդունմամբ:

19-րդ դարի սկզբին Աշխատավորների Կանոնադրությունը չեղյալ հայտարարվեց, քանի որ գնալով ավելի կապիտալիստական Անգլիան Laissez-faire քաղաքականություններ էր ընդունում, որոնք չէին համապատասխանում աշխատավարձերի կանոնակարգերին (և վերին, և ստորին սահմաններին): Հետագայում 19-րդ դարում զգալի աշխատանքային անկարգություններ սկսեցին ազդել արդյունաբերական շատ երկրների վրա: Քանի որ այդ դարում արհմիությունները ապաքրեականացվել էին, կոլեկտիվ պայմանագրերով աշխատավարձերը վերահսկելու փորձեր արվեցին: Այնուամենայնիվ, սա նշանակում էր, որ միանման նվազագույն աշխատավարձն անհնար է: 1848 թ.-ի «Քաղաքատնտեսության սկզբունքներում» Ջոն Ստյուարտ Միլը պնդում էր, որ կոլեկտիվ խնդիրների պատճառով, որոնց աշխատողները բախվում էին կազմակերպություններում, բնակչության աշխատավարձերն ու աշխատաժամերը օրենսդրորեն կանոնակարգելը արդարացված շեղում էր Laissez-faire քաղաքականություններից (կամ պայմանագրեր կնքելու ազատությունից):

Միայն 1890-ականներին Նոր Զելանդիայում և Ավստրալիայում արվեցին նվազագույն աշխատավարձերը կարգավորելու առաջին ժամանակակից օրենսդրական փորձերը: Նվազագույն աշխատավարձի շարժումն ի սկզբանե ուղղված էր շահագործվող աշխատանքի դադարեցմանը և արտադրական արդյունաբերությունում շահագործող գործարանների տարածումը վերահսկելուն: Գործարաններն աշխատանքի էին վերցնում մեծ թվով կին և երիտասարդ բանվորների՝ վճարելով նրանց ցածր աշխատավարձեր: Ենթադրվում էր, որ գործարանատերերն ունեն անարդար սակարկություններ անելու ուժ իրենց աշխատողների նկատմամբ, իսկ նվազագույն աշխատավարձը առաջարկվում էր որպես նրանց արդարացիորեն վճարելու միջոց: Ժամանակի ընթացքում ուղղությունը փոխվեց դեպի մարդկանց, հատկապես ընտանիքներին, օգնելը՝ դառնալու ավելի ինքնաբավ:

Նվազագույն աշխատավարձի օրենքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին ժամանակակից ազգային նվազագույն աշխատավարձերը ընդունվեցին կառավարության կողմից արհմիությունների ճանաչմամբ, որոնք իրենց հերթին հաստատեցին նվազագույն աշխատավարձի քաղաքականություն իրենց անդամների շրջանում, ինչպես Նոր Զելանդիայում 1894 թ․-ին, որին հաջորդեցին Ավստրալիան 1896 թ.-ին և Միացյալ Թագավորությունը 1909 թ․-ին: Միացյալ Նահանգներում, օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձերը ազգային մակարդակով առաջին անգամ ներդրվել են 1938 թ.-ին, իսկ Միացյալ Թագավորությունում դրանք վերաներդրվեցին և ընդլայնվեցին 1998 թ․-ին: Այժմ երկրների ավելի քան 90 տոկոսում կան նվազագույն աշխատավարձի վերաբերյալ օրենսդրություն կամ պարտադիր կոլեկտիվ պայմանագրեր: Եվրոպական միության 28 անդամներից 22 անդամ պետություններ ներկայումս ունեն ազգային նվազագույն աշխատավարձեր: Այլ երկրներ, ինչպիսիք են Շվեդիան, Ֆինլանդիան, Դանիան, Շվեյցարիան, Ավստրիան և Իտալիան, նվազագույն աշխատավարձի մասին օրենքներ չունեն, սակայն ապավինում են գործատուների միություններին և արհմիություններին կոլեկտիվ բանակցությունների միջոցով նվազագույն վարձատրություն սահմանելու համար:

Նվազագույն աշխատավարձի դրույքաչափերը մեծապես տարբերվում են տարբեր օրենսդրությունների սահմաններում, ոչ միայն որոշակի գումար սահմանելու հարցում, օրինակ՝ ԱՄՆ-ի որոշ նահանգների օրենքների համաձայն՝ $7.25 1 ժամվա համար (տարեկան $14,500) (կամ $2.13 այն աշխատողների համար, ովքեր թեյավճարներ են ստանում), Վաշինգտոնի նահանգում՝ $11.00, Միացյալ Թագավորությունում՝ £8.72 (25 տարեկանից բարձր անձանց համար), այլ նաև վճարման ժամանակահատվածի հարցում (օրինակ՝ Ռուսաստանը և Չինաստանը սահմանում են նվազագույն ամսական աշխատավարձեր) և նվազագույն աշխատավարձի տարածման շրջանակների հարցում։ Ներկայումս ԱՄՆ-ում դաշնային նվազագույն աշխատավարձը $7.25 է 1 ժամվա համար: Այնուամենայնիվ, որոշ նահանգներ չեն ճանաչում նվազագույն աշխատավարձի մասին օրենքը, ինչպես օրինակ՝ Լուիզիանան և Թենեսին: Որոշ նահանգներ գործում են դաշնային նվազագույն աշխատավարձից ցածր պայմաններում, ինչպիսիք են Ջորջիան և Վայոմինգը: Որոշ իրավական ակտեր թույլ են տալիս գործատուներին հաշվել իրենց աշխատողներին տրված թեյավճարները որպես հավելում աշխատավարձին՝ նվազագույն աշխատավարձի մակարդակներին հասնելու համար: Հնդկաստանը առաջին զարգացող երկրներից մեկն էր, որը իր օրենսդրությունում 1948 թ.-ին մտցրեց նվազագույն աշխատավարձի քաղաքականություն: Այնուամենայնիվ, այն հազվադեպ է կիրառվում, նույնիսկ պետական ​​մարմինների կողմից: 2017 թ․-ի դրությամբ Մումբայում նվազագույն աշխատավարձը կազմում էր 348 ռուփի 1 օրվա համար։ Բացի այդ, Հնդկաստանը ունի ամենաբարդ համակարգերից մեկը` նվազագույն աշխատավարձի ավելի քան 1200 դրույքաչափեր` կախված աշխարհագրական շրջանից:

Ոչ ֆորմալ նվազագույն աշխատավարձ[խմբագրել | խմբագրել կոդը]

.

Կառավարությունների կամ արհմիությունների կողմից մաքսային և արտաիրավական ճնշումները կարող են ձևավորել դե ֆակտո նվազագույն աշխատավարձ: Դրան կարող է հանգեցնել նաև միջազգային հանրային կարծիքը՝ ճնշելով բազմազգ ընկերություններին վճարել Երրորդ աշխարհի աշխատողների աշխատավարձերը, ինչը սովորաբար տեղի ունի ավելի արդյունաբերացված երկրներում: Վերոնշյալ իրավիճակը 2000-ականներին հայտնի դարձավ Հարավարևելյան Ասիայում և Լատինական Ամերիկայում, սակայն այն կար Արևմտյան Աֆրիկայի ընկերությունների շրջանում 20-րդ դարի կեսերին:

Նվազագույն աշխատավարձի սահմանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախնական նվազագույն աշխատավարձի դրույքաչափ հաստատելու համար օգտագործվող ցուցանիշների թվում կան այնպիսի ցուցանիշներ, որոնք նվազագույնի են հասցնում աշխատատեղերի կորուստը` միաժամանակ պահպանելով միջազգային մրցունակությունը: Դրանց թվում կան ընդհանուր տնտեսական պայմաններ, որոնք չափվում են այպիսի ցուցանիշներով, ինչպիսիք են իրական և անվանական համախառն ներքին արդյունքը, գնաճը, աշխատանքի առաջարկը և պահանջարկը, աշխատավարձի մակարդակները, բաշխումը և տարբերությունները, աշխատանքային պայմանները, արտադրողականության աճը, աշխատուժի վրա կատարվող ծախսերը, բիզնեսի գործառնական ծախսերը, սնանկությունների քանակը և միտումը, տնտեսական ազատության վարկանիշային աղյուսակները, կենսամակարդակը և գերակշռող միջին աշխատավարձի դրույքաչափը:

Բիզնեսում մտավախությունները ներառում են գործարարությամբ զբաղվելու ծախսերի սպասվելիք բարձրացումը, շահութաբերությանն ուղղված սպառնալիքները, գործազրկության մակարդակի աճը (և դրան հետևող ավելի շատ պետական ծախսերը նպաստների ուղղությամբ, որոնք բարձրացնում են հարկերի դրույքաչափերը) և հնարավոր չմտադրված հետևանքները ավելի փորձառու աշխատողների վրա, ովքեր արդեն կարող են վաստակել օրենքով սահմանված նոր նվազագույն աշխատավարձը կամ ավելին: Աշխատողների և նրանց ներկայացուցիչների շրջանում քաղաքական նկատառումները հաշվի են առնվում, քանի որ աշխատավորական առաջնորդները ձգտում են աջակցություն ստանալ` պահանջելով աշխատավարձերի հնարավոր ամենաբարձր դրույքաչափը: Այլ մտավախությունները ներառում են գնողունակությունը, գնաճի ինդեքսավորումը և ստանդարտացված աշխատաժամերը:

ԱՄՆ-ում նվազագույն աշխատավարձը սահմանվել է 1938 թ․-ին՝ Արդար աշխատանքային պայմանների մասին օրենքով։ Ըստ Տնտեսական քաղաքականության ինստիտուտի՝ ԱՄՆ-ում նվազագույն աշխատավարձը 2013 թ․-ին կկազմեր $18.28, եթե նվազագույն աշխատավարձը համընթաց լիներ աշխատանքի արտադրողականությանը: ԱՄՆ-ում աշխատողների արտադրողականության բարձրացած տեմպերին համապատասխանելու համար ներկայացվել է նվազագույն աշխատավարձի բարձրացում մինչև 1 ժամի համար $22 (կամ ավելի):


Տնտեսական մոդելներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջարկի և պահանջարկի մոդել[խմբագրել | խմբագրել կոդը]

Գծապատկերը ցույց է տալիս աշխատաշուկայում նվազագույն աշխատավարձի առաջարկի և պահանջարկի հիմնական մոդելը:

Տնտեսագիտության շատ դասագրքերում ներկայացված աշխատաշուկայի առաջարկի և պահանջարկի մոդելի համաձայն, նվազագույն աշխատավարձի բարձրացումը նվազեցնում է նվազագույն աշխատավարձ ստացող աշխատողների զբաղվածությունը: [2] Նման դասագրքերից մեկում նշվում է. [3]

Եթե ավելի բարձր նվազագույն աշխատավարձը բարձրացնի ոչ հմուտ աշխատողների աշխատավարձի դրույքաչափերը շուկայական ուժերի կողմից հաստատված մակարդակից, ապա ոչ հմուտ աշխատողների քանակը կնվազի: Նվազագույն աշխատավարձը կարժենա շուկայից դուրս գտնվող, ամենաքիչ արտադրողական (և, հետևաբար, ամենացածր աշխատավարձ ստացող) աշխատողների ծառայությունները: Նվազագույն աշխատավարձի մասին օրենսդրության ուղղակի արդյունքները հստակորեն խառն են: Որոշ աշխատողներ, ամենայն հավանականությամբ նրանք, ում նախորդ աշխատավարձը մոտ էր նվազագույնին, կվճարվեն ավելի շատ: Մյուսները, մասնավորապես նրանք, ովքեր ստանում էին նվազագույն աշխատավարձ մինչ օրենսդրության փոփոխությունը, չեն կարողանա աշխատանք գտնել և կդառնան գործազուրկ:

Ընկերության ծախսը աշխատավարձի տոկոսադրույքի աճող գործառույթ է: Որքան բարձր է աշխատավարձի դրույքը, այնքան ավելի քիչ ժամեր գործատուն կպահանջի աշխատողներից: Դա պայմանավորված է նրանով, որ աշխատավարձի մակարդակի բարձրացման հետ մեկտեղ ֆիրմաների համար թանկանում է բանվորներ վարձելը, և այդպիսով ընկերություններն ավելի քիչ աշխատողներ են վարձում (կամ նրանց ավելի քիչ ժամեր են վարձում): Հետևաբար , աշխատանքի պահանջարկի կորը ունի դեպի ներքև և աջ շարժվող գծի տեսք: Քանի որ ավելի բարձր աշխատավարձերը մեծացնում են մարդկանց աշխատելու ցանկությունը, և, հետևաբար, աշխատանքի առաջարկը, աշխատուժի առաջարկի կորը ունի դեպի վեր և աջ շարժվող գիծ: Եթե չկա նվազագույն աշխատավարձ, աշխատավարձը կկարգավորվի մինչև պահանջվող աշխատուժի քանակը հավասար լինի առաջարկվող աշխատանքի քանակին ՝ հասնելով հավասարակշռության, որտեղ հատվում են առաջարկի և պահանջարկի կորերը: Նվազագույն աշխատավարձը ծառայում է որպես աշխատուժի դասական նվազագույն գին կամ հատակ: Ստանդարտ տեսությունն ասում է, որ եթե նվազագույն աշխատավարձը սահմանվի հավասարակշռության գնից ավելի բարձր, աշխատողները պատրաստ կլինեն ապահովել ավելի շատ աշխատուժ, քան պահանջելու են գործատուները՝ ստեղծելով աշխատուժի ավելցուկ, այսինքն՝ գործազրկություն : Շուկաների տնտեսական մոդելի համաձայն նույն պատկերը կլինի նաև մյուս ապրանքների համար: Ապրանքի գնի արհեստական բարձրացումը հակում ունի ավելացնել ապրանքի առաջարկվող քանակը և նվազեցնել պահանջվող քանակը: Արդյունքում առաջանում է ապրանքի ավելցուկ: Երբ ցորենի ավելցուկ կա, կառավարությունը գնում է այն: Քանի որ կառավարությունը չի վարձում ավելցուկային աշխատուժ, աշխատուժի ավելցուկը գործազրկության ձև է ստանում, որը նվազագույն աշխատավարձի մասին օրենքներով հակված է լինել ավելի բարձր, քան առանց դրանց[4]:

Առաջարկի և պահանջարկի մոդելը ենթադրում է, որ հավասարակշռված աշխատավարձից բարձր աշխատավարձ սահմանելով նվազագույն աշխատավարձի մասին օրենքները կհանգեցնեն գործազրկության[5] [6]: Դա պայմանավորված է նրանով, որ ավելի մեծ թվով մարդիկ պատրաստ են աշխատել ավելի բարձր աշխատավարձով, մինչդեռ ավելի քիչ աշխատատեղեր հասանելի կլինեն ավելի բարձր աշխատավարձով: Ընկերությունները կարող են ավելի ուշադիր լինել, թե ում նրանք աշխատանքի ընդունում, հետևաբար բացառվում են նվազագույն հմտություններով և քիչ փորձառու աշխատողները: Նվազագույն աշխատավարձի կիրառումը, ընդհանուր առմամբ, կազդի միայն քիչ հմտություններով աշխատաշուկայի զբաղվածության վրա, քանի որ հավասարակշռված աշխատավարձը արդեն իսկ հավասար կամ ավելի ցածր է նվազագույն աշխատավարձից, մինչդեռ ավելի բարձր հմտություններով աշխատաշուկայի հավասարակշռված աշխատավարձը չափազանց բարձր է, որպեսզի նվազագույն աշխատավարձի փոփոխությունը ազդի զբաղվածության վրա[7]:

Մոնոպսոնիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից տնտեսագիտությունը ենթադրում է, որ չափավոր նվազագույն աշխատավարձը կարող է մեծացնել զբաղվածությունը, քանի որ աշխատաշուկաները մոնոպսոնիստական են, և աշխատողները չունեն սակարկությունների հնարավորություն :

Առաջարկի և պահանջարկի մոդելը ենթադրում է, որ նվազագույն աշխատավարձի բարձրացումը օգնում է այն աշխատողներին, որոնց աշխատավարձը բարձրացվում է, և վնասում է այն մարդկանց, ովքեր չեն վարձվում (կամ կորցնում են իրենց աշխատանքը), երբ ընկերությունները կրճատում են աշխատատեղերը: Բայց նվազագույն աշխատավարձի կողմնակիցները կարծում են, որ իրավիճակը շատ ավելի բարդ է, քան կարող է հաշվարկվել մոդելի կողմից: Օրինակ, աշխատաշուկայում կարող է լինել մոնոպսոնիա, որի արդյունքում միակ գործատուն որոշակի շուկայական ուժ ունի վճարված աշխատավարձերը որոշելու հարցում: Այսպիսով, առնվազն տեսականորեն հնարավոր է, որ նվազագույն աշխատավարձը կարող է խթանել զբաղվածությունը: Չնայած միակ գործատուի շուկայական ուժը դժվար թե գոյություն ունենա աշխատաշուկաների մեծ, սակայն ասիմետրիկ տեղեկատվությունը, անկատար շարժունակությունը և աշխատանքային գործարքների անձնական տարրը որոշ ձեռնարկությունների աշխատավարձ սահմանելու ուժ կարող են տալ[8]:

Ժամանակակից տնտեսագիտական տեսությունը ենթադրում է, որ չնայած չափազանց բարձր նվազագույն աշխատավարձը կարող է բարձրացնել գործազրկությունը, քանի որ այն սահմանում է պահանջարկից մեծ գին, նվազագույն աշխատավարձն ավելի խելամիտ մակարդակում կարող է բարձրացնել զբաղվածությունը և խթանել աճն ու արդյունավետությունը: Դա պայմանավորված է նրանով, որ աշխատաշուկաները մոնոպսոնիստական են, և աշխատողները չունեն սակարկությունների հնարավորություն: Երբ ավելի աղքատ աշխատողները ավելի շատ ծախսեր են ունենում, դա խթանում է ապրանքների և ծառայությունների արդյունավետ համախառն պահանջարկը[9] [10]:

Քննադատություններ առաջարկի և պահանջարկի մոդելի վերաբերյալ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն պնդումը, որ նվազագույն աշխատավարձը նվազեցնում է զբաղվածությունը, հիմնված է աշխատաշուկայի առաջարկի և պահանջարկի պարզ մոդելի վրա: Մի շարք տնտեսագետներ (օրինակ՝ Պիերանգելո Գարեգնանին[11], Robert L. Vienneau[12], և Arrigo Opocher & Ian Steedman [13] ), հիմնվելով Պիերո Սրաֆայի աշխատանքի վրա, պնդում են, որ այդ մոդելը, նույնիսկ հաշվի առնելով իր բոլոր ենթադրությունները, տրամաբանորեն անհամապատասխան է: Մայքլ Անյադայկ-Դանեսը և Ուին Գոդլին [14], սիմուլյացիայի արդյունքների հիման վրա պնդում են, որ դասագրքերի մոդելի հետ կատարված էմպիրիկ աշխատանքներից քչերը կազմում են պոտենցիալ կեղծ տեսություն, և հետևաբար էմպիրիկ ապացույցներ այդ մոդելի համար դժվար թե գոյություն ունեն: Graham White- ը [15], մասամբ հիմնվելով սրաֆիականության վրա, պնդում է, որ աշխատաշուկայի բարձր ճկունության քաղաքականությունը, ներառյալ նվազագույն աշխատավարձի իջեցումը, տնտեսագիտական տեսության մեջ չունի «հիմնավոր, միասնական» փաստարկ:

Նվազագույն աշխատավարձի մակարդակները Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) երկրներում` որպես լրիվ դրույքով միջին աշխատավարձի մասնաբաժին, 2013 թ. [16]

Քորնելի համալսարանի տնտեսագիտության և աշխատանքի տնտեսագիտության պրոֆեսոր Գարի Ֆիլդսը պնդում է, որ դասագրքերում ներկայացվող նվազագույն աշխատավարձի ստանդարտ մոդելը երկիմաստ է: Ֆիլդսը ասում է, որ կա երկու հատված ունեցող շուկա, որտեղ «ինքնազբաղվածները, ծառայությունների ոլորտի աշխատողները և գյուղացիական աշխատողները սովորաբար բացառվում են նվազագույն աշխատավարձի ծածկույթից ... [և] մի հատվածը, որը ներառված է նվազագույն աշխատավարձի ծածկույթում, իսկ մյուսը՝ ոչ [և հնարավոր շարժունությունը երկուսի միջև]», ավելի լավ վերլուծության հիմք է հանդիսանում: Այս մոդելի միջոցով Ֆիլդսը ցույց է տալիս, որ թեորիայի պնդֆումը երկիմաստ է և ասում է. «Դասագրքերի մոդելից ստացված կանխատեսումները միանշանակ չեն փոխանցվում երկու հատվածների համար: Հետևաբար, քանի որ ոչ ծածկված հատված գոյություն ունի գրեթե ամենուր, դասագրքերի մոդելի կանխատեսումները պարզապես վստահելի չեն»: [17]

Աշխատանքի շուկայի վերաբերյալ մեկ այլ տեսակետ ներկայացում է ցածր աշխատավարձ ունեցող աշխատաշուկաները, որոնց բնորոշ էմոնոպսոնիստական մրցակցությունը, երբ գնորդները (գործատուները) շուկայականից զգալիորեն ավելի մեծ ուժ ունեն, քան վաճառողները (աշխատողները): Այս մոնոպսոնիան կարող է առաջանալ գործատուների միջև գաղտնի համաձայնության արդյունքում կամ այնպիսի բնական գործոններից, ինչպիսիք են սեգմենտավորված շուկաները, որոնման ծախսերը, տեղեկատվական ծախսեր, մարդկանց անկատար շարժունակության և անհատական գործոնները, որոնք առկա են աշխատանքի շուկաներում: Նման դեպքում առաջարկի և պահանջարկի պարզ գծապատկերը ցույց չի տա աշխատուժի քանակը և աշխատավարձի դրույքաչափը: Դա պայմանավորված է նրանով, որ չնայած թեքվող համախառն աշխատանքի առաջարկը կմնա անփոփոխ, առաջարկի և պահանջարկի դիագրամում ցույց տրված առաջարկի վերին կորի փոխարեն, մոնոպսոնիստ գործատուները կօգտագործեին սահմանային ծախսերին համապատասխանող ավելի թեք կոր, որի արդյունքում աշխատավարձի դրույքաչափը ցածր է, քան կլիներ մրցակցության դեպքում: Նաև վաճառված աշխատուժի քանակը ցածր կլինի մրցակցային օպտիմալ քանակից:

Նման դեպքը շուկայի ձախողման տեսակ է և հանգեցնում է այն բանին, որ աշխատողները վարձատրվում են իրենց սահմանային արժեքից ցածր: Մոնոպսոնիստական ենթադրության համաձայն, նորմալ սահմանված նվազագույն աշխատավարձը կարող է բարձրացնել և՛ աշխատավարձը, և՛ զբաղվածությունը, ընդ որում օպտիմալ մակարդակը հավասար կլինի աշխատանքի սահմանային արտադրանքին: Այս տեսակետը շեշտում է նվազագույն աշխատավարձի դերը որպես շուկայի կարգավորման քաղաքականության մեջ, որը նման է հակամենաշնորհային քաղաքականությանը:

Մեկ այլ պատճառ, որ նվազագույն աշխատավարձը չի կարող ազդել որոշ ոլորտների զբաղվածության վրա, այն է, որ աշխատողների արտադրած արտադրանքի պահանջարկը խիստ ոչ առաձգական է[18]: Օրինակ, եթե ղեկավարությունը ստիպված է բարձրացնել աշխատավարձերը, ղեկավարությունը կարող է աշխատավարձի բարձրացումը սպառողներին փոխանցել ավելի բարձր գների տեսքով: Քանի որ ապրանքի պահանջարկը խիստ ոչ առաձգական է, սպառողները շարունակում են ապրանքը գնել ավելի բարձր գներով, ուստի գործատուն ստիպված չի լինում աշխատանքից ազատել աշխատողներին: Տնտեսագետ Փոլ Քրուգմանը պնդում է, որ սա չի բացատրում, թե ինչու ընկերությունը չի գանձում այդ ավելի բարձր գինը նվազագույն աշխատավարձի բացակայության պայմաններում[19]:

Ալան Բլինդերը առաջարկում է երեք այլ հնարավոր պատճառներ, թե ինչու նվազագույն աշխատավարձերը չեն ազդում զբաղվածության վրա. բարձր աշխատավարձը կարող է նվազեցնել շրջանառությունը, նվազագույն աշխատավարձի բարձրացումը կարող է խնդիր հանդիսանալ ավելի բարձր աշխատավարձով նոր աշխատողներ ընդունելիս, քան ներկայիս աշխատողների աշխատավարձն, և նվազագույն աշխատավարձ ստացող աշխատողների գումարը կարող է բիզնեսի ծախսերի այնքան փոքր մասը կազմել, որ դրա աճը չափազանց փոքր լինի որևէ ազդեցություն ունենալու համար:


Էմպիրիկ ուսումնասիրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տնտեսագետները տարաձայնություններ ունեն գործնականում նվազագույն աշխատավարձի չափելի ազդեցության հարցում: Այս անհամաձայնությունը սովորաբար արտահայտվում է աշխատաշուկաներում առաջարկի և պահանջարկի էլաստիկության էմպիրիկ փորձերով և այն աստիճանով, որով շուկաները տարբերվում են կատարյալ մրցակցության մոդելների կանխատեսած արդյունավետությունից:

Տնտեսագետները էմպիրիկ փորձեր են կատարել նվազագույն աշխատավարձի տարբեր ասպեկտների ուղղությամբ, ներառյալ՝

  • զբաղվածության վրա ազդեցությունները՝ ամենահաճախ ուսումնասիրվող ասպեկտը,
  • ցածր և ավելի բարձր վարձատրվող աշխատողների միջև աշխատավարձերի և այլ վարձատրությունների բաշխման վրա ազդեցություններըները,
  • ցածր և ավելի բարձր եկամուտ ունեցող ընտանիքների միջև եկամուտների բաշխման վրա ազդեցությունները,
  • ազդեցությունները աշխատողների հմտությունների վրա` աշխատանքային ուսուցման և աշխատանքի տարկետմամբ կրթություն ստանալու միջոցով,
  • ազդեցությունները գների և շահույթների վրա,
  • ազդեցությունները աշխատանքային վերապատրաստումների վրա։

Մինչև 90-ականների կեսերը, պահպանողական և լիբերալ տնտեսագետների շրջանում գոյություն ուներ ընդհանուր կոնսենսուս, որ նվազագույն աշխատավարձը նվազեցնում է զբաղվածությունը, հատկապես առավել երիտասարդ և քիչ հմտություններ ունեցող աշխատողների շրջանում: Ի հավելումն հիմնական առաջարկ-պահանջարկ փոխկապվածության, կային մի շարք էմպիրիկ ուսումնասիրություններ, որոնք սատարում էին այս տեսակետը: Օրինակ, Գրամլիչը (1976) պարզեց, որ շատ օգուտներ բաժին են ընկնում հենց ավելի բարձր եկամուտ ունեցող ընտանիքներին, և որ դեռահասների համար վիճակը վատթարանում է, որը բխում է նվազագույն աշխատավարձով պայմանավորված գործազրկությունից[20]:


Բրաունը և այլք (1983 թ.) նշում են, որ մինչ այդ ժամանակային շարքերի ուսումնասիրությունները պարզել են, որ նվազագույն աշխատավարձի 10 տոկոս աճի դեպքում դեռահասների զբաղվածության մակարդակը կազմել է 1-3 տոկոս[21]: Այնուամենայնիվ, դեռահասների (աշխատանք չունեցող և փնտրող) գործազրկության վրա ազդեցության գնահատման վերաբերյալ ուսումնասիրությունները պարզել են ավելի մեծ տատանումներ՝ 0-ից ավելի քան 3 տոկոս: Ի հակադրություն առաջարկի և պահանջարկի պարզ դիագրամի, սովորաբար պարզվում էր, որ դեռահասները դուրս են գալիս աշխատուժից՝ ի պատասխան նվազագույն աշխատավարձի, ինչը ստեղծում է առաջարկի ու պահանջարկի հավասար կրճատումների հնարավորություն և, հետևաբար, ոչ մի ազդեցություն գործազրկության մակարդակի վրա՝ առավել բարձր նվազագույն աշխատավարձի պայմաններում: Օգտագործելով զբաղվածության և գործազրկության հավասարումների մի շարք բնութագրիչ գծեր, նրանք ստացան, որ նվազագույն աշխատավարձի 10 տոկոս բարձրացումն առաջացնում է դեռահասների զբաղվածության 1 տոկոս նվազում և դեռահասների գործազրկության մակարդակի ոչ մի փոփոխություն: Ուսումնասիրությունը պարզեց նաև 20-24 տարեկան չափահասների գործազրկության փոքր, բայց վիճակագրորեն նշանակալի աճ:

Վելլինգթոնը (1991 թ.) 1986 թ.-ի տվյալներով թարմացրեց Բրաունի և այլոց հետազոտությունը` նոր գնահատականներ ստանալու համար, ներառյալ այն ժամանակահատվածը, երբ նվազագույն աշխատավարձի իրական (այսինքն` գնաճով ճշգրտված) արժեքը նվազում էր, քանի որ 1981 թ․-ից ի վեր այն չէր աճել: Նա պարզեց, որ նվազագույն աշխատավարձի 10 տոկոս աճը նվազեցրել է դեռահասների զբաղվածությունը 0.6 տոկոսով՝ առանց որևէ ազդեցություն ունենալու երիտասարդ չափահաս անձանց գործազրկության մակարդակի վրա[22]:

Որոշ ուսումնասիրություններ ենթադրում են, որ նվազագույն աշխատավարձի քիչ աճի ազդեցությունները գործազրկության վրա հիմնականում պայմանավորված են այլ գործոններով: Ինչ վերաբերում է աշխատանքային վերապատրաստմանը, ոմանք կարծում են, որ աշխատավարձերի բարձրացումը հանվում է վերապատրաստման ծախսերից: 2001 թ․-ին կատարված էմպիրիկ ուսումնասիրությունը ցույց է տվել, որ «չկա որևէ ապացույց, որ նվազագույն աշխատավարձերը նվազեցնում է վերապատրաստումը, և քիչ ապացույցներ կան այն մասին, որ դրանք հակված են բարձրացնել ուսումը»:

Որոշ էմպիրիկ ուսումնասիրություններ փորձել են հստակեցնել նվազագույն աշխատավարձի օգուտները՝ զբաղվածության վրա ազդեցության սահմաններից դուրս: Մարդահամարի տվյալների վերլուծության արդյունքում Ջոզեֆ Սաբիան և Ռոբերտ Նիլսոնը չեն գտել վիճակագրորեն նշանակալի ապացույցներ, որ նվազագույն աշխատավարձի բարձրացումները նպաստել են ֆինանսական, բնակարանային, առողջական կամ սննդային անապահովության նվազմանը: Այս ուսումնասիրությունն իրականացվել է Զբաղվածության քաղաքականությունների ինստիտուտի կողմից՝ վերլուծական կենտրոն, որը ֆինանսավորվում է սննդի, խմիչքի և հյուրընկալության արդյունաբերությունների կողմից: 2012 թ․-ին Մայքլ Ռայխը հրատարակեց տնտեսական վերլուծություն, որը ենթադրում էր, որ Սան Դիեգոյում առաջարկվող նվազագույն աշխատավարձի աճը կարող է խթանել քաղաքի տնտեսությունը մոտ 190 միլիոն դոլարով:

The Economist շաբաթաթերթը 2013 թ․-ի դեկտեմբերին գրեց հետևյալը. «Նվազագույն աշխատավարձը, եթե շատ բարձր չէ, կարող է խթանել վարձատրությունը՝ առանց որևէ վնասակար ազդեցության աշխատատեղերի վրա ․․․ ԱՄՆ-ի դաշնային նվազագույն աշխատավարձը՝ միջին եկամտի 38%-ը, բարեկեցիկ աշխարհի ամենացածրերից մեկն է: Որոշ ուսումնասիրություններ դաշնային կամ նահանգային նվազագույն աշխատավարձերի ոչ մի վնաս չեն տեսնում զբաղվածության վրա, մյուսները՝ փոքր վնաս, բայց ոչ լուրջ վնաս ․․․ Բարձր նվազագույն աշխատավարձերը, սակայն, մասնավորապես կոշտ աշխատաշուկաներում, կարծես թե հարվածում են զբաղվածությանը։ Ֆրանսիան ունի բարեկեցիկ աշխարհում ամենաբարձր աշխատավարձի հատակը. ավելի քան 60%-ը երիտասարդ չափահաս անձանց աշխատավարձի միջինի և էլ ավելի մեծ մասը ավելի մեծ տարիքի երիտասարդների աշխատավարձի: Սա օգնում է բացատրել, թե ինչու Ֆրանսիան ունի երիտասարդների գործազրկության ցնցող բարձր ցուցանիշներ. 26%՝ 15-24 տարեկան երիտասարդների համար»:

Այլընտրանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տնտեսագետները և այլ քաղաքական մեկնաբաննները առաջարկել են նվազագույն աշխատավարձօն այլընտրանքներ։ Նրանք պնդում էին, որ այս այլընտրանքները կարող են աղքատության հարցը լուծել ավելի լավ, քան նվազագույն աշխատավարձը, քանի որ այն օգուտ կտար ցածր վարձատրվող բնակչության ավելի լայն խմբին, չէր առաջացնի գործազրկություն և լայնորեն կբաշխեր ծախսերը, ոչ թե այն կկենտրոնացներ ցածր վարձատրվող աշխատակիցների գործատուների վրա։

Բազային եկամուտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազային եկամուտը (կամ բացասական եկամտահարկը) սոցիալական անվտանգության համակարգ է, ոը պարբերաբար յուրքանչյուր քաղաքացուն ապահովում է այնքան եկամուտ, որքան անհրաժեշտ է խնայողաբար ապրելու համար։ Այս գաղափարի կողմնակիցները պնդում են, որ բազային եկամուտ ստացողները կունենան ավելի շատ սակարկելու հնարավորություն, երբ աշխատավարձի հետ կապված բանակցեն գործատուի հետ, քանի որ աշխատանքի չընդունվելու դեպքում չկա չքավորության ռիսկ․ Որպես արդյունք աշխատանք փնտրողները կկարողանան ծախսել ավելի շատ ժամանակ ավելի համախատասխան կամ բավարարող գործ գտնելու համար կամ նրանք կարող են սպասել մինչև բարձր վարձատրվող աշխատանք հայտնվի։ Կամ նրանք կարող են ժամանակ հատկացնեն զարգացնելու իրենց կարողությունները (կրթության և վերապատրաստումների միջոցով), որը կդարձնի նրանց բարձր վարձատրվող աշխատանքին ավելի համապատասխան, ինչպես նաև ստանալ շատ այլ օգուտներ։ Այս համակարգի փորձակումները Կանադայում և ԱՄՆ-ում ցույց են տվել, որ մարդիկ սկսում են ավելի շատ ժամանակ տրամադրել իրենց կրթության վրա։[23]Կաղապար:Qn Կողմնակիցները պնդում են, որ բազային եկամուտները կլինեն ըժտնտեսապես ավելի արդյունավետ, քան նվազագույն աշխատավարձը, քան նվազագույն աշխատավարձը, քանի որ նվազագույն աշխատավարձը գործատուների վրա բարձր սահմանային հարկ է դնում, որը բերում է արդյունավետության անկման։

Երաշխավորված նվազագույն եկամուտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երաշխավորված նվազագույն եկամուտը սոցիալական ապահովության առաջարկվող այլ համակարգ է։ Դա շատ մոտ է բազային եկամտին, բացառությամբ, որ այս ժամանակ քաղաքացիները անցնում են կարիքավորության թեստ։ Որոշ առաջարկներ մարդկանց դրդում են մասնակցելու աշխատաշուկային, կամ ներգրավելու հանրային ծառայություններում[24]։

Վերադարձվող հարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերադարձվող հարկը մի մեխանիզմ է, որտեղ հարկային համակարգը կարող է նվազեցնել տնային տնտեսության հարկը զրոյից ցածր և արդյունքը լինում է, որ հարկատուին վճարում են ավելի շատ գումար, քան նա վճարել է պետությանը։ ԱՄՆ-ում վերադարձվող հարկի տեսակներից է, վաստակած եկամտահարկի վերադարձը և երեխաների համար հարկի վերադարձը։ Հայաստանում վերադարձվող հարկի օրինակ է հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված գումարների չափով վճարած եկամտային հարկի գումարների վերադարձը։ Սա նախորդներից տարբերվում է նրանով, որ այն ստանալու համար պետք է ունենալ նվազագույն չափի եկամուտ և այս քաղաքականությունը ավելի թիրախավորում է տնտային տնտեսությունների աղքատությունը, քանի որ այն չի վճարում բարձր եկամուտ ունեցող տնտային տնտեսություններին(օրինակ բարձր վարձատրվող ծնողների հետ ապրող ցածր վարձատրվող երիտասարդներին):[25]

Ադամ Սմիթի ինստիտուտը նախընտրում է աղքատ և միջին դասի համար կրճատել հարկերը , նվազագույն աշխատավարձը բարձրացնելու փոխարեն[26]։

Կոլեկտիվ սակարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Իտալիան, Շվեդիան, Նորվեգիան, Ֆինլանդիան և Դանիան զարգացած ազգերի օրինակ են, որտեղ օրենքով սահմանված չէ նվազագույն աշխատավարձ։ Այսպիսի ազգերը, հիմնականում սկանդինավյան ժողովուրդները ունեն արհմիություններում ներգրավման բարձր մասնակցություն[27]։ Այստեղ նվազագույն աշխատավարձի փոխարեն շատ բնագավառներում գործում է կոլեկտիվ սակարկման մեխանիզմը։

Կրթություն և վերապատրաստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրթություն ապահովելով կամ աշակերտությունը ֆինանսավորելով կամ տեխնիկական վերապատրաստումով հնարավոր է ապահովել ցածր ունակություններ ունեցող աշխատակիցներին տեղափոխել նվազագայուն աշխատավարձից ավելի բարձր աշխատավարձի գոտի: Օրինակ , Գերմանիան վարում է պետության կողմից ֆինանսավորվող վարպետաց դասեր, որը ներառում է պրակտիկա և լսարանային դասեր[28] :Բարձր կարողություններ ունենալը աշխատողներին դարձնում է ավելի արդյուանվետ և արժեքավոր աշխատող, իսկ բարձր նվազագույն աշխատավարձը նվազեցնում է կարողությունների զարգացման նկատմամբ մղմանը[29]: Երբ բարձրանում է ցածր ունակություններ ունեցող անձանց կարողություններ, ցածր ունակություններ ունեցող մարդկանց առաջարկը նվազում են և բերում է աշխատավարձի բարձրացմանը:

ԱՄՆ շարժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բողոքի ցույց Մինեապոլիսում հանուն նվազագույն աշխաըավարձի մինչև $15/ժամ բարձրացման 12 սեպտեմբեր 2016

2014 թվականի հունվարին 7 Նոբելյան տնտեսագետներ Քեննեթ Էրրոուն, Փիթեր Դայմոնդը, Էրիք Մեսքինը, Ռոբերտ Սոլոուն, Մայքլ Սփենսը, Ջոզեֆ Ստիգլիցը , ինչպես նաև 600 այլ տնտեսագետներ նամակ գրեցին ԱՄՆ կոնգրեդին և նախագահին պնդելով, որ ԱՄՆ կառավարությունը պետք է բարձրացնի նվազագույն աշխատավարձը մինչև $10.10։ Նրանք հաստատեցին նվազագույն աշխատավարձի արդարության փաստաթուղթը, որը 2013 թվականին ներկայացվել է Թոմ Հարկինի կողմից[30][31] ։

Երկրները ըստ նվազագույն աշխատավարձի և միջին աշխատավարձի հարաբերության[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրները ըստ նվազագույն աշխատավարձի և միջին աշխատավարձի հարաբերության[32]
Երկիր 2010 2011 2012 2013 2014 2015 2016 2017
Ավստրալիա 0.45 0.45 0.44 0.44 0.44 0.44 0.45 0.46
Բելգիա 0.42 0.42 0.43 0.43 0.41 0.41 0.42 0.40
Կանադա 0.39 0.40 0.40 0.39 0.40 0.40 0.40 0.41
Չիլի 0.44 0.43 0.43 0.45 0.45 0.46 0.47 0.49
Չեխիա 0.32 0.31 0.31 0.31 0.32 0.33 0.34 0.35
Էստոնիա 0.34 0.33 0.32 0.33 0.34 0.35 0.35 0.35
Ֆրանսիա 0.50 0.50 0.51 0.51 0.51 0.50 0.50 0.50
Հունաստան 0.38 0.36 0.30 0.31 0.32 0.33 0.33 0.33
Հունգարիա 0.35 0.36 0.40 0.40 0.40 0.40 0.39 0.40
Իռլանդիա 0.38 0.37 0.38 0.37 0.37 0.37 0.39 0.38
Իսրայել 0.41 0.41 0.41 0.42 0.41 0.42 0.43 0.44
Ճապոնիա 0.33 0.33 0.33 0.34 0.34 0.34 0.35 0.36
Հարավային Կորեա 0.36 0.36 0.34 0.35 0.36 0.38 0.40 0.41
Լյուքսեմբուրգ 0.46 0.47 0.47 0.47 0.45 0.45 0.44 0.43
Մեքսիկա 0.27 0.27 0.27 0.27 0.29 0.29 0.29 0.31
Նիդեռլանդներ 0.41 0.40 0.40 0.40 0.39 0.39 0.39 0.39
Նոր Զելանդիա 0.51 0.50 0.51 0.51 0.51 0.51 0.51 0.52
Լեհաստան 0.37 0.37 0.39 0.40 0.41 0.41 0.43 0.44
Պորտուգալիա 0.36 0.36 0.36 0.36 0.39 0.40 0.42 0.43
Սլովակիա 0.37 0.36 0.36 0.36 0.37 0.37 0.38 0.38
Սլովենիա 0.48 0.49 0.50 0.52 0.49 0.49 0.48 0.48
Իսպանիա 0.32 0.32 0.32 0.32 0.31 0.31 0.31 0.34
Թուրքիա 0.39 0.39 0.40 0.40 0.39 0.40 0.42 0.42
Մեծ Բրիտանիա 0.38 0.38 0.39 0.39 0.40 0.41 0.41 0.44
ԱՄՆ 0.28 0.28 0.27 0.27 0.27 0.25 0.25 0.24
Լատվիա 0.38 0.41 0.39 0.37 0.39 0.41 0.41 0.39
Լիտվա 0.40 0.39 0.38 0.44 0.41 0.40 0.45 0.43
Ռումինիա 0.32 0.33 0.33 0.35 0.38 0.40 0.41 0.44
Երկրները ըստ նվազագույն աշխատավարձի և աշխատավարձի մեդիանի հարաբերության[32]
երկիր 2010 2011 2012 2013 2014 2015 2016 2017
Ավստրալիա 0.54 0.54 0.53 0.54 0.53 0.53 0.54 0.55
Բելգիա 0.5 0.51 0.51 0.51 0.49 0.49 0.49 0.47
Կանադա 0.44 0.45 0.45 0.44 0.45 0.45 0.46 0.46
Չիլի 0.71 0.67 0.67 0.67 0.68 0.66 0.69 0.71
Չեխիա 0.38 0.37 0.36 0.37 0.37 0.39 0.4 0.41
Էստոնիա 0.4 0.39 0.38 0.4 0.4 0.41 0.41 0.41
Ֆրանսիա 0.62 0.62 0.63 0.63 0.63 0.62 0.62 0.62
Հունաստան 0.48 0.52 0.44 0.46 0.47 0.48 0.48 0.48
Հունգարիա 0.47 0.49 0.54 0.54 0.54 0.53 0.51 0.53
Իռլանդիա 0.44 0.43 0.43 0.43 0.45 0.43 0.46 0.46
Իսրայել 0.56 0.56 0.56 0.57 0.55 0.57 0.58 0.59
Ճապոնիա 0.37 0.38 0.38 0.39 0.39 0.4 0.4 0.42
Հարավային Կորեա 0.45 0.45 0.43 0.44 0.46 0.49 0.5 0.53
Լյուքսեմբուրգ 0.56 0.56 0.56 0.56 0.56 0.55 0.54 0.53
Մեքսիկա 0.35 0.36 0.36 0.37 0.37 0.37 0.37 0.4
Նիդեռլանդներ 0.47 0.47 0.47 0.47 0.46 0.46 0.47 0.47
Նոր Զելանդիա 0.59 0.59 0.59 0.59 0.6 0.6 0.61 0.6
Լեհաստան 0.45 0.45 0.48 0.5 0.51 0.51 0.53 0.54
Պորտուգալիա 0.53 0.53 0.52 0.52 0.55 0.56 0.59 0.61
Սլովակիա 0.46 0.46 0.45 0.46 0.45 0.47 0.48 0.48
Սլովենիա 0.59 0.61 0.62 0.64 0.6 0.6 0.59 0.58
Իսպանիա 0.38 0.38 0.38 0.38 0.37 0.37 0.37 0.4
Թուրքիա 0.7 0.71 0.73 0.72 0.69 0.7 0.74 0.74
Միացյալ Թագավորություն 0.46 0.47 0.47 0.47 0.48 0.49 0.49 0.54
ԱՄՆ 0.39 0.38 0.38 0.37 0.37 0.36 0.35 0.34
Լատվիա 0.49 0.51 0.49 0.47 0.49 0.52 0.51 0.48
Լիտվա 0.5 0.48 0.48 0.55 0.51 0.5 0.56 0.54
Ռումինիա 0.43 0.45 0.45 0.48 0.51 0.55 0.56 0.6

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ Mihm անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  2. Card David, Krueger Alan B. (1995)։ Myth and Measurement: The New Economics of the Minimum Wage։ Princeton University Press։ էջեր 1, 6–7 
  3. Gwartney James David, Clark J. R., Stroup Richard L. (1985)։ Essentials of Economics։ New York: Harcourt College Pub; 2 edition։ էջ 405։ ISBN 978-0123110350 
  4. Sowell Thomas (2004)։ «Minimum Wage Laws»։ Basic Economics: A Citizen's Guide to the Economy։ New York: Basic Books։ էջեր 163–69։ ISBN 978-0-465-08145-5 
  5. McConnell C. R., Brue S. L. (1999)։ Economics (14th ed.)։ Irwin-McGraw Hill։ էջ 594 
  6. Gwartney J. D., Stroup R. L., Sobel R. S., Macpherson D. A. (2003)։ Economics: Private and Public Choice (10th ed.)։ Thomson South-Western։ էջ 97 
  7. Mankiw N. Gregory (2011)։ Principles of Macroeconomics (6th ed.)։ South-Western Pub։ էջ 311 
  8. Boal William M., Ransom Michael R (March 1997)։ «Monopsony in the Labor Market»։ Journal of Economic Literature 35 (1): 86–112։ JSTOR 2729694 
  9. e.g. DE Card and AB Krueger, Myth and Measurement: The New Economics of the Minimum Wage (1995) and S Machin and A Manning, ‘Minimum wages and economic outcomes in Europe’ (1997) 41 European Economic Review 733
  10. Rittenberg Timothy Tregarthen, Libby (1999)։ Economics (2nd ed.)։ New York: Worth Publishers։ էջ 290։ ISBN 9781572594180։ Վերցված է 21 June 2014 
  11. Garegnani P. (July 1970)։ «Heterogeneous Capital, the Production Function and the Theory of Distribution»։ The Review of Economic Studies 37 (3): 407–36։ JSTOR 2296729։ doi:10.2307/2296729 
  12. Vienneau Robert L. (2005)։ «On Labour Demand and Equilibria of the Firm»։ The Manchester School 73 (5): 612–19։ doi:10.1111/j.1467-9957.2005.00467.x 
  13. Opocher A., Steedman I. (2009)։ «Input price-input quantity relations and the numeraire»։ Cambridge Journal of Economics 33 (5): 937–48։ doi:10.1093/cje/bep005 
  14. Anyadike-Danes Michael, Godley Wynne (1989)։ «Real Wages and Employment: A Sceptical View of Some Recent Empirical Work»։ The Manchester School 57 (2): 172–87։ doi:10.1111/j.1467-9957.1989.tb00809.x 
  15. White Graham (November 2001)։ «The Poverty of Conventional Economic Wisdom and the Search for Alternative Economic and Social Policies»։ The Drawing Board: An Australian Review of Public Affairs 2 (2): 67–87։ Արխիվացված է օրիգինալից 24 May 2013-ին 
  16. OECD։ «Minimum relative to average wages of full-time workers»։ Արխիվացված է օրիգինալից 2 May 2014-ին 
  17. Fields Gary S. (1994)։ «The Unemployment Effects of Minimum Wages»։ International Journal of Manpower 15 (2): 74–81։ doi:10.1108/01437729410059323 
  18. Gillespie, Andrew (2007)։ Foundations of Economics։ Oxford University Press։ էջ 240 
  19. Krugman Paul (2013)։ Economics։ Worth Publishers։ էջ 385 
  20. Wellington Alison J. (Winter 1991)։ «Effects of the Minimum Wage on the Employment Status of Youths: An Update»։ The Journal of Human Resources 26 (1): 27–46։ JSTOR 145715։ doi:10.2307/145715 
  21. Fox Liana (24 October 2006)։ «Minimum wage trends: Understanding past and contemporary research»։ Economic Policy Institute։ Արխիվացված է օրիգինալից 16 December 2008-ին։ Վերցված է 6 December 2013 
  22. Michael Reich։ «Increasing the Minimum Wage in San Jose: Benefits and Costs- White Paper»։ Արխիվացված է օրիգինալից 4 April 2013-ին։ Վերցված է 29 March 2013 
  23. http://monkeydo.biz Designed & Developed by Monkey Do, LLC։ «EconoMonitor»։ Արխիվացված է օրիգինալից 23 September 2014-ին 
  24. «Suggestion: Raise welfare children in institutions»։ Star-News։ 28 January 1972։ Վերցված է 19 November 2013 
  25. David Scharfenberg (28 April 2014)։ «What The Research Says In The Minimum Wage Debate»։ WBUR 
  26. «Archived copy»։ Արխիվացված է օրիգինալից 13 April 2014-ին։ Վերցված է 19 March 2014 
  27. Olson, Parmy (9/01/2009). The Best Minimum Wages In Europe Archived 29 July 2017 at the Wayback Machine.. Forbes. Retrieved 21 February 2014.
  28. Why Germany Is So Much Better at Training Its Workers
  29. Alternatives to Raising Minimum Wage
  30. 75 economists back minimum wage hike Archived 1 March 2015 at the Wayback Machine. CNN Money, 14 January 2014
  31. Over 600 Economists Sign Letter In Support of $10.10 Minimum Wage Archived 9 October 2017 at the Wayback Machine. Economist Statement on the Federal Minimum Wage, Economic Policy Institute
  32. 32,0 32,1 «Minimum wages relative to median wages»։ www.oecd-ilibrary.org։ Վերցված է 21 March 2019 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Աջակցություն
Ընդիմախոսներ