Պացիֆիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պացիֆիստական խորհրդանշան (պացիֆիկ)

Պացիֆիզմ (լատ.՝ pacificus՝ խաղաղարարական, pax՝ խաղաղություն, և facio՝ անում եմ, բառերից), բռնությանը դիմադրելու գաղափարախոսություն հանուն վերջինիս վերացման։ Պացիֆիստական շարժում, շարժում հանուն խաղաղության, հասարակական շարժում, որը հակազդում է քաղաքական խնդիրների պատերազմական լուծման մեթոդներին[1]՝ դատապարտելով դրանց անբարոյականությունը։

Իրաք ներխուժման դեմ հակապատերազմական ցույց 2003 թվականին Շեֆիլդում
Խաղաղության համար աղոթքի 4-րդ միջազգային օր

Հաճախ նույնականացվում է հակամիլիտարիզմի և հակառազմականացման հետ։

Պացիֆիստները դատապարտում են ցանկացած պատերազմ՝ հերքելով այն հնարավորությունը, որ պատերազմները կարող են լինել արդարացի, ազատարար, սրբազան և այլն։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիստոնեական պացիֆիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պացիֆիստները հանդիպել են առաջին քրիստոնյաների մեջ։ Չնայած Նոր Կտակարանում ուղղակիորեն չի դատապարտվում զինվորական ծառայությունը, ինչը երևում է բարեպաշտ հարյուրապետի և զինվորների օրինակով, որոնք եկել էին Հովհաննես Մկրտչի մոտ մկրտվելու, քրիստոնյաների մի մասը հռոմեական բանակում տիրող բարոյական սանձարձակության պատճառով, ինչպես նաև զինվորական կյանքն ուղեկցող հեթանոսական ծիսակատարություններից զերծ մնալու համար կարող էր խուսափել զինվորական ծառայությունից։ Դրանով հանդերձ, որոշ քրիստոնեական գրողներ ունեցել են պացիֆիստական դիրքորոշում։ Այսպես Հուստինոս Փիլիսոփան գրել է․ «Եվ մենք, որ առաջ մեկս մյուսիս էինք սպանում, ոչ միայն թշնամություն չենք անում թշնամիների հետ, այլև հարցաքննողներին չխաբելու համար ուրախությամբ մեղքերի թողություն ենք անում Քրիստոսին և մահանում»։ Պացիֆիզմի առավել վառ արտահայտություններից է Տերտուղիանոսի «Ռազմիկի պսակի մասին» գիտական շարադրանքը։ Այնուամենայնիվ, պացիֆիզմը վաղքրիստոնեական եկեղեցու կյանքում գերակշռող ուղղություն չի եղել։ Ուշագրավ է այն, որ չկա քրիստոնեական եկեղեցու որևէ հայտնի աղբյուր վերջինիս կոնկրետ անդամի հեռացման մասին այն բանի համար, որ նա ռազմիկ է եղել։ Ժամանակի ընթացքում ավելի շատ թվով քրիստոնյաներ են սկսել ընտրել զինվորական ծառայությունը։ Մարկոս Ավրելիոսի կառավարման ժամանակաշրջանում նրանք ներառվել են Հռոմեական բանակի խոշորագույն լեգեոններից մեկի՝ 12-րդ Կայծակնասլաց լեգեոնի կազմում, իսկ Գայոս Ավրելիանոս Վալերիանոս Դիոկղետիանոսի կառավարման ժամանակաշրջանում մտնել են կայսեր անձնական պահակախմբի մեջ։ Կոստանդիանոս Ա Մեծի օրոք քրիստոնյաների կողմից պետական իշխանության ձեռք բերումից հետո պացիֆիզմը գրեթե անհետացել է եկեղեցական մտքի և պրակտիկայի ոլորտից[2]։

Այնուամենայնիվ, պացիֆիզմը չի մահացել քրիստոնյաների մեծամասնության կողմից «արդարացի» բռնության գաղափարի ընդունմամբ։ Մ․թ․ա․ առաջին և երկրորդ հազարամյակների սահմանագծին Ֆրանսիայի Կլյունի եկեղեցում սկսվել է շարժում «Աստվածային խաղաղության» հաստատման համար։ Գյուղացիներից մինչև թագավոր բոլորը երդվել են առաջինը չսկսել ռազմական գործողություններ և խուսափել անզենների նկատմամբ ցանկացած տեսակի բռնություն կիրառելուց։

Հետևողականորեն պացիֆիզմին են հետևել պաշտոնական եկեղեցու քննադատները՝ կաթարները, վալդենսները և ֆրանցիսկյան միաբանության անդամները։ Պատերազմների դեմ հանդես է եկել նաև հայտնի քրիստոնյա հումանիստ Էրազմ Ռոտերդամցին։

Ռեֆորմացիան հանգեցրել է արյունահեղ կրոնական պատերազմների։ Նրանց դեմ հանդես է եկել անաբապտիստների խաղաղ թևը, որը մերժում էր քրիստոնյաների մասնակցությունը ոչ միայն պատերազմին, այլ նաև քաղաքականությանը։ Հետևողական պացիֆիստ են եղել նաև 17-րդ դարի կեսերին առաջացած քվակերները։ 1708 թվականին Եղբայրական եկեղեցին հիմնադրած Ալեքսանդր Մակի շնորհիվ պացիֆիզմը դարձել է պիետիզմի անբաժանելի մասը[2]։

Արևմուտքում առաջին պացիֆիստական կազմակերպությունները ի հայտ են եկել Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում Նապոլեոնյան պատերազմներից հետո։ 1880-ական թվականների վերջում և 1890-ական թվականների սկզբին շարժումը լայն տարածում է գտել։ Պացիֆիստների միջազգային համագումարները բազմիցս հանդես են եկել պատերազմներն արգելելու, համընդհանուր զինաթափում իրականացնելու, իսկ պետությունների միջև ծագող վեճերը միջազգային միջնորդ դատարաններում լուծելու առաջարկներով:

Արդի ժամանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պացիֆիստների գործունեությունը հանգեցրել է նրան, որ շատ երկրների օրենսդրության մեջ, որտեղ կա զինվորական պարտադիր ծառայություն, նախատեսվել է այն այլընտրանքային քաղաքացիական ծառայությամբ փոխարինելու հնարավորությունը։

Պացիֆիստները օգտագործում են բողոքի տարբեր մեթոդներ ընդդեմ պատերազմի և բռնության, այդ թվում այնպիսի տարօրինակ մեթոդներ, ինչպիսին է «Die-in» բողոքի ակցիան։

Բոլոր պատերազմող երկրների զինվորները կրակում են Հիսուս Քրիստոսի վրա

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պացիֆիզմը քննադատության է ենթարկվում տարբեր կողմերից[3]։

2005 թվականի էկոնոմիկայի ոլորտի Նոբելյան մրցանակի դափնեկիր Ռոբերտ Աումանը պարզաբանում է․ «Երբ ագրեսորը տեսնում է, որ իր մեթոդներն աշխատում են, նա շարունակում է հետևել դրանց և առաջ է քաշում նորանոր պահանջներ։ Եթե ագրեսորը հանդիպում է վճռական դիմադրության, նա վերանայում է իր մոտեցումը։ Պացիֆիզմը տանում է դեպի պատերազմ, քանի որ այն երկիրը, որտեղ այն դառնում է գաղափարախոսություն, սկսում է խաղալ ագրեսորի կանոններով»[4]։

Բողոքական փիլիսոփա Ռայնհոլդ Նիբուրը գրել է․ «պարզունակ քրիստոնեական բարոյականացումն անիմաստ է և շփոթության է տանում», «չի կարելի կարծել, թե մենք կարող ենք գործել պատմության մեջ՝ լինելով միայն անմեղ», «բռնապետության չարիքը երբեմն կարելի է վերացնել միայն պատերազմի ճանապարհով, իսկ սենտիմենտալ պատրանքները տանում են բռնապետության դեմ կապիտուլյացիայի», «պացիֆիստների պատկերացումները մարդկային բնույթի մասին ամբողջությամբ կառուցվում են պատրանքների վրա, որ քրիստոնյաները պետք է պաշտպանեն քաղաքակրթության կարծրատիպերը», և «խաղաղասիրությունը չի հասկանում պատմության ողբերգականությունը»[5]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]